Քաղաքական անվանակարգ

2013 թ. ԱՄԵՆԱ...ները


ՏԱՐՎԱ ՀԱԿԱՀԵՐՈՍԸ

Վերջին տարիներին այս անվանակարգում առաջատարներից մեկը միշտ էլ եղել է Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Այս տարի «Լիսկան» գերազանցեց առաջներում իր իսկ գրանցած բոլոր ռեկորդները և իր անունը «անմահացրեց»` մի շարք արյունոտ սպանություններին ուղղակի և անուղղակի առնչություններ ունենալով:

ՏԱՐՎԱ ՇՐՋԱԴԱՐՁԸ

Արտաքին քաղաքական ոլորտում կտրուկ շրջադարձեր հազվադեպ են տեղի ունենում: Օրինակ անցյալ տարի կտրուկ քայլ կարելի էր համարել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը` կապված մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ: 2013-ին` այս անվանակարգում առաջին տեղը բաժին հասավ ՀՀ Մաքսային միություն մտնելու իրադարձությանը:

ՏԱՐՎԱ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Այս անվանակարգում, անկասկած, առաջին տեղում են խորհրդարանում Տիգրան Ուրիխանյան - ՀՀ վարչապետ երկխոսությունը: Ուրիխանյանի երկարաշունչ հարցադրումների շարքին վարչապետը պատասխանեց 2 տառանոց մեկ բառով` «Ո´չ»: Հիրավի Գինեսի գրքին արժանի հարց ու պատասխան:

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԱՐԳԱՍԱԲԵՐ ՈՂՋՈՒՅՆԸ

Նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ հարյուր հազարավոր քվեներ ստանալ` քարոզարշավում օգտագործելով ողջույնի ամենատարածված ձևը` «Բարև»: Այդ մի հատիկ բառով այդպիսի հսկայական համակիրների ձեռքբերումը նրան այս անվանակարգում ապահովեց հաղթողի դափնիները:

ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Քաղաքացիական ակցիաների նախաձեռնող ակտիվիստներն այս տարի ժողովրդի շահերի պաշտպանության ոլորտում մի շարք լուրջ հաղթանակներ արձանագրեցին: Բայց ամենատպավորիչը ուղեվարձի թանկացման դեմ պայքարում գրանցված հաջողությունն էր:

ՏԱՐՎԱ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՂԵՏԸ

Անցնող տարում բազմաթիվ ողբերգական պատահարներ տեղի ունեցան` մեծամասամբ ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով: Շատ մարդիկ զոհ գնացին, բայց ողբերգականությամբ և հասարակական հնչեղությամբ` չափից դուրս տխուր, սգավոր դափնիները բաժին հասան հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին, երկու զոհերին և նրանց հարազատներին: