ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՀԶՈՐԱՆՈՒՄ Է


Ադրբեջանն իսկապես տնտեսապես հզորանում է` այժմ նորից դեպի իրեն ձգելով բրիտանական կապիտալը:

Դեռևս 19-րդ դարի վերջին Ադրբեջանը սկսեց հրապուրել ու հետաքրքրել բրիտանացիներին, որոնք այդ երկրից հեռացան` այնտեղ վերադառնալով արդեն անկախութ յան հռչակումից հետո: Ամեն կերպ աջակցելով ադրբեջանական ազգայնական ուժերին, հենց բրիտանացիները նպաստեցին, որ գնդակահարվեն Ստեփան Շահումյանն ու Բաքվի կոմունայի կոմիսարները, այն բոլշևիկներն ու նրանց աջակցող ուժերը, որոնք հայտնվեցին բրիտանացիների և ազերիների լարած թակարդի մեջ: Սակայն 1918-ից հետո բրիտանացիներին չհաջողվեց գերիշխանություն հաստատել այստեղ, որովհետև 1921-ին Ադրբեջանը հռչակվեց խորհրդային: Իսկ հիմա ոչ միայն բրիտանացիներն այստեղ են, այլև ահռելի ներդրումներ են անում ադրբեջանակն նավթային տնտեսության մեջ: Դրա վառ ապացույցներից մեկն էլ օրերս կնքված պայմանագիրն է, որը Բաքվում կոչել են «Դարի պայմանագիր»:

Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British PetroleuΗ ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով մեկնարկում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը:  Նախատեսվում է, որ արդեն 2014 թվականին գազի արդյունահանման ծավալները կավելացվեն 1 միլիարդ 400 միլիոն խորանարդ մետրով: 2019 թվականից սկսած եվրոպական երկրներ մատակարարվող ադրբեջանական գազի տարեկան ծավալները պետք է հասնեն 10 միլիարդ խորանարդ մետրի: Այս նպատակով Ադրբեջանն ու Բաքվի արևմտյան գործընկերները պատրաստվում են նաև Տրանս-Անատոլիական գազամուղ կառուցել, որը կարող է ռուսական «Հարավային Հոսքի» ուղղակի մրցակիցը դառնալ: Համաձայնագրի ստորագրմանը ներկա գտնվելու համար Բաքու էր ժամանել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը, ով ևս ներկա էր համաձայնագրի ստորագրմանը, հատուկ ընդգծել է.

- Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին Եվրամիության գազի պահանջարկի 20 տոկոսը կլրացվի հենց Ադրբեջանից ստացվող վառելիքի հաշվին:

Համաձայնագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ նախագծին մաս կազմող նորվեգական StΖtOil ընկերությունն ու ֆրանսիական TotΖl-ը չեն պատրաստվում մասնակցել Տրանս-Անատոլիական գազատարի շինարարությանը: Սրան էլ գումարած` ռուսական «Գազպրոմը» կարողացավ տապալել ադրբեջանական նախագծերից ևս մեկը` կանխելով` Բաքվի մուտքը Հունաստանի էներգետիկ շուկա: Նախատեսվում էր, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը ևս Բաքվում պետք է լիներ` Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ պայմանագիր ստորագրելու, որով Հունաստանի գազաբաշխիչ ցանցերը տնօրինող DESFA ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսն անցնելու էր Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությանը: Ադրբեջանական կողմը պատրաստ էր այս գործարքի համար վճարել շուրջ 400 միլիոն եվրո: Սակայն Հունաստանի վարչապետը Բաքու չհասած` վերադարձավ իր երկիր, ու այսօր արդեն հայտնի է, որ Հունաստանի ողջ գազային տնտեսությունը, այդ թվում` գազաբաշխիչ ցանցերը կարող է ձեռք բերել ռուսական «Գազպրոմը»: Հունական որոշ լրատվամիջոցների պնդմամբ` ռուսական ընկերությունը պատրաստ է երկրի գազամատակարարման ողջ համակարգի համար վճարել առնվազն 1 միլիարդ եվրո:

Ինչո՞վ էր մեզ համար հետաքրքիր այս համաձայնագիրը, ի՞նչ նշանակություն կունենա այն տարածաշրջանային քաղաքականության մեջ: Խնդիրն այն է, որ Եվրամիությունն այսօր փնտրելով էներգետիկ նոր պաշարներ և աստիճանաբար հեռանալով Ռուսաստանից, սևեռվում է Ադրբեջանին, ինչը նշանակում է, որ ցանկացած դեպքում ԵՄ-ն կանգնելու է Ադրբեջանի կողքին: Հանուն նավթի ու գազի: Դեպի Ադրբեջան է մղվում նաև ԵԱՀԿ-ն, քանզի նրա պատասխանատուն ևս եղել է Բաքվում և իր ցնծությունն արտահայտել... Իհարկե, Ֆրանսիան, Նորվեգիան և մի շարք այլ պետություններ հրաժարվել են Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունից, սակայն ԵՄ և ԵԱՀԿ մղումները դեպի Ադրբեջան բավական վտանգավոր են դարձնում տարածաշրջանային քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ ժամանակակից Եվրոպան այլևս այլ արժեքներով է առաջնորդվում: Հետևաբար չի բացառվում, որ ցանկացած պահին այս կառույցները կարող են ադրբեջանամետ որոշումներ կայացնել` վտանգելով տարածաշր ջանում հավասարակշռության պահպանումը...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ