ՀԻՄԱ ՊԱ՞ՐՏՔ ԵՆՔ, ԹԵ՞ ՊԱՐՏՔ ՉԵՆՔ


Գուցե զավեշտի ժանրից է, բայց արդեն փաստված իրականություն է. էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանին մատակարարված գազի դիմաց պարտք է 300 մլն դոլար, ուստի ՀայՌուսգազարդի 20 տոկոս մասնաբաժնի նվիրաբերումը Ռուսաստանին կազմում է 150 մլն դոլար և գումարած ևս 150 մլն...…

Այն, որ այդ 20 տոկոսը 150 մլն դոլարից շա˜տ թանկ է, հաշվարկել են մասնագետները, սակայն խնդիրը հիմա 150-ը չէ, այլ այն, թե պա՞րտք ենք, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ նախարարի այս հայտարարությունից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ մենք Ռուսաստանին պարտք չենք, իսկ ահա ֆինանսների նախարարը, որը տնօրինում է մեր պարտքերի և ֆինանսական հոսքերի մասին բոլոր տվյալները, նույնպես հայտարարեց, որ ինքը նման պարտքի մասին տեղեկություն չունի, քանի որ իրականում այդպիսի պարտք Հայաստանը չունի:

Հիմա հարց է ծագում, իսկապե՞ս մենք պարտք ենք, թե՞` ոչ: Եթե պարտք ենք, ինչու՞ այդ մասին չգիտեն հենց այն մարդիկ, ովքեր պատասխանատու են բոլոր ֆինանսական հոսքերի համար: Իսկ եթե պարտք չենք, ի՞նչի մասին է խոսում էներգետիկայի նախարարը… Մենք տեղյակ ենք, որ Արմեն Մովսիսյանն իր հայրենի Սյունիքում սկսել է ջայլամաբուծությամբ զբաղվել: Գուցե այդ գումարը նրա՞ն է պետք` ջայլամներ ներկրելու և բազմացնելու համար…

Լ.Մ.