Ասում են` իբր Նոստրադամուսն է գրել


Իսկապե՞ս այսքան «սուր» աչք է ունեցել մեծն ֆրանսիացի Միշել Նոստրադամուսը, որ 4, 5, 6 դար առաջ է նայել: 16-րդ դարում նույնիսկ 21-րդի 14 թվականի լինելիքն է «տեսել»: Դե, ամեն ինչ տեսնել չէր կարող: Դիցուք, ինչպես կարող էր ինքնաթիռ կամ երկնաքեր բնակելի տեսնել. օդանավով սավառնողը կամ ասենք 45-րդ հարկում ապրողն առնվազն հզորագույն հրաշքներ կարող էին թվալ, 16-րդ հարյուրամյակի աստղագետ-վանականին... Մյուս ապագատեսների կանխասացությունները կասկածի ենթարկելու միտում բնավ չունենք, պարզապես նրանց առեղծվածն է մնում անվերծանելի: Այսուհանդերձ, տեսնենք, թե Նոստրադամուսն ինչպիսին է տեսել Երկիր մոլորակի 2014 թվականը:…

ԷԿՈԼՈԳԻԱՆ. Կանխասացն այս «ոլորտում» չարագուշակ է. նա խոսում է համաշխարհային նշանակալի համաղետների մասին: Արեգակը նա տեսել է անբնական գույնով` «ժանգոտված մետաղի», ինչը վերծանվում է որպես հրաբխային մեծ ակտիվություն` ծծմբային գազերի և մոխրի արտանետումով. արդյունքում անտառային հրդեհներ կբռնկվեն: Հրաբխային ակտիվությունն ու հրդեհներն էլ ոչ միայն մեծ չափով կաղտոտեն շրջակա միջավայրը, այլ նաև կավելացնեն մթնոլորտի ջերմությունը` սառույցների հալոցքով, ինչի հետևանքով ջրի տակ կարող են անցնել որոշ կղզիներ ու թերակղզիներ: Մասնավորապես, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ավստրալիան: Բացի այս, աստղագետի խոսքերի տեքստում մասնագետները հակված են «տեսնել» քաղաքների կործանում` «մեծ ջրերի» պատճառով: («Մեծ ջրեր»` հավանաբար նկատի է ունեցել մեծ, բարձր ալիքներ): Այս տիպի աղետները կարող են պատուհասել Ասիայի հարավ-արևելյան հատվածին: Մասնավորապես` Ֆիլիպիններին, Հնդկաստանին, հարավային Չինաստանի առափնյա շրջաններին ու Կամչատկային:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Արդեն իսկ տարվա առաջին կեսին Նոստրադամուսը կանխատեսել է տնտեսական ճգնաժամ, որը լուրջ փոփոխություններ կառաջացնի աշխարհի քաղաքական ու տնտեսական քարտեզներում: Ամերիկան կարող է կորցնել իր ազդեցությունը, որը փոխանցիկ դրոշի պես կվերցնի Չինաստանը: Հնարավոր է` մեծ սով, որը կարող է պատուհասել հատկապես հասարակածի գծից ներքև տեղադրված երկրներին: Ու հենց այդ ժամանակ հայտնվելու է հռչակավոր, ագրեսիվ, մարտականորեն տրամադրված մի անհատականություն, ում բոլորն անհետացած էին համարում: Նա մահմեդականներին կոչ է անելու զենք վերցնել «անհավատ ների» դեմ: Կարծիք կա, թե խոսքը Բեն Լադենի մասին է: Այս ամենի արդյունքում ի չիք կդառնան միջազգային բազմաթիվ պայմանագրեր ու համաձայնագրեր` վերածվելով «դատարկ օրենքների»: Ենթադրվում է, որ դա վերաբերում է Ժնևյան համաձայնագրերին, բայց հավանաբար` ոչ միայն դրանց:

Նոստրադամուսը նաև կրոնական պատերազմ է գուշակել` խոսելով «Աստծո թշնամիների» մասին, ովքեր սկսելու են սատանայական վերաբերմունք ցուցաբերել «սուրբ օրենքների» նկատմամբ: Այդ պատերազմում, թերևս, ավիացիոն տեխնիկա է օգտագործվելու, որովհետև աստղագետը նշել է, որ զենքերի ձայն է հնչելու երկնքում: Այդ պատերազմը հավանաբար կիրականացվի քրիստոնեական ինչ-որ երկրի դեմ հարձակումով և կարող է վերաճել համաշխարհայինի, որից կտուժեն վատ նախապատրաստ ված երկրները:

Մինչև տարեվերջ այս բոլոր աղետներն ավարտվելու են, և երկրները վերադառնալու են կյանքի խաղաղ ընթացք: Միայն մուսուլմանները չեն հրաժարվելու իրենց ռազմատենչությունից:

Ամենալավատեսականն ու ուրախալին այն է, որ տարեվերջին մարդկությունը վերջապես կհայտնագործի էներգիայի նոր տեսակ, որը որակապես կփոխի կյանքը մոլորակի վրա:

ՏԻԵԶԵՐՔԸ. Նոստրադամուսի ասվածքներում հիշատակված է Նիբիրու մոլորակի մասին, որը, նրա պնդմամբ` այնքան է մոտենալու Երկրին, որ կարող է նաև հպվել նրան: Այդպիսի «շփումից» երկրագնդի առանցքը կարող է տեղաշարժվել` առաջացնելով գիշերվա ու ցերեկվա տեղափոխություն: Նման երևույթը նշանակալիորեն կփոխի և մոլորակի կլիման: Որոշ գիտնականներ գտնում են, որ դա կհանգեցնի Երկրի մի կեսի սառեցմանը, իսկ մյուս կեսը կվերածվի շոգ անապատի:

Իսկ այս ամենը, արդյո՞ք Նոստրադամուսն է ասել, թե՞ վերագրվում է նրան` մարդկանց սարսափներն ավելացնելու կամ որոշ մեղսավոր ծրագրեր զանգվածայնացնելու: Բոլոր դեպքերում` ով նախազգուշացված է` նա զինված է: Իսկ աշխարհը, բարեբախտաբար, միայն սևով ու սպիտակով չի պատված, և դժնի ուժերից բացի նաև բարի կամքը դեռ չի մեռել: Այնպես որ, ապավինենք մեր տեր Աստծուն և ասենք` ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՄԱՆՈՐ:

Ամանորին խմենք նաև Ձմեռ Պապի ու Ձյունանուշի կենացը: Ինչքան հիշում են մեծ ու փոքր` նրանք երբեք չեն ծերանում, չեն հիվանդանում և նվերների համար էլ մի˜շտ փող ունեն: