Խոնարհ ու ըմբոստ` Սասնա Դավթի պես


Ուր հեղափոխություն` այնտեղ հայություն: Բայց իբրև «ական»` ծայրահեղական է: Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք` ամեն հայ մի փոքր շիրակեցի է, Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց: (Իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է: Թաթա՞րն էր մոտը` սպասեց ռուսին, ռո՞ւսը եկավ` աչքը եվրոպացուն էր: Եկա՞վ անգլիացին` դարձյալ ռուսին էր սպասում: Ռո՞ւսն է գալիս` չի ընդունում... Ուրեմն իր պետությո՞ւնն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել, ի՞նչ իմանաս... Մի ձեռքը ճանկռտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում, հիմքից քանդելու):

Ինչու՞ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում... Ինչու է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ (անհավատալի` իր ստորության մեջ), անչափելի` իր վեհ թռիչքներում: Երևի վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե: Ո´չ: Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում` ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ:

Սա միայն դասական Դերենիկ Դեմիրճյանի կարծիքը չէ` բարձրաձայնված գրեթե մեկ դար առաջ, որից ամիսներ անց Հայաստանը խորհրդայնացավ: Իսկ ի՞նչ է փոխվել մեր ազգային նկարագրում` դիվանագիտություն և քաղաքականություն կոչվող ասպարեզում: Նույնն ենք, պարզապես դարի հանդերձներն են փոխել, իսկ մեր թշնամիներն ու կիսաբարեկամները նույնն են: Նույնն են նաև` առանց հայերի Հայաստանին տիրանալու նկրտումները: Ու այդպես` դարերի ակոսներում ծովից-ծով Հայաստանը սեղմել է մի ափաչափ քարաստանում և շարունակվում է բզկտվել ու լքվել իր զավակների կողմից: Իսկ հայը շարունակում է մնալ նույն անվերծանելին, ինքն իր հետ ու իր դեմ պայքարելով… Մեկ դար առաջ Դասականն ավելի դիպուկ է նկարագրել.

- ...Որքան տարօրինակ, հանելուկային արարած...

Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով` ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքն ամենից համառ կառչեց նրան: Որքան անհույս է թվում իր ապագան, բայց և որքան հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ` հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջն է:

Սա էլ մենք ենք: Պարզապես մի փոքր չարացածության չափաբաժինն է ավելացել` մաղձը: Սա էլ` անկարողությունից է:

Աշխարհից ու մարդկանցից խռովում ենք, որ մեզ համար մեր ուզած երկիրը չեն կառուցում: Հզոր օտարները հասկացել են հայի այս մարմաջը և տարբեր կողմերից անվերջ խայծեր են նետում: Դրանք կուլ տվողներ կա´ն, բայց մեր բախտից` և´ խայծերն են տարատեսակ, և´ կուլ տվողների խմբերն են տարբեր... Ու մեկը մյուսին խանգարելով` ակամա թույլ չի տալիս երկիրը մեկին տանուլ տալ: Երանի մի օր ազգս լսեր իր ընտրյալներին (խոսքն, իհարկե, ընտրախաղերում հաղթողների մասին չէ), իսկ ընտրյալներն էլ նյութականը չգերադասեն երկրափրկիչ ձեռնարկումներից և թափանցեին հայի հոգու խորքերը: Զի`

- Ինձ թվում է, թե շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում, շատ խորը թաղված... Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում ճապոնացու պես, որ երբ մեկից խորապես վիրավորվում է` կանչում իր բարեկամներին, հայտնում իր վիրավորանքը և վերցնելով դանակը` պատռում իր որովայնը:

…Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ: Կեղտոտվում ու թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում, չի ուզում: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Սա Հայկն է, որին զրկել են կյանքի միակ պայմանից` ազատությունից:

«Ոչինչ չեմ ուզում ձեզանից, ասում է նա իր նեղիչներին. ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացեք, ապրեցեք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ապա ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը...»:

Իսկ ազատությունը հոգու վիճակ է: