Բիզնե՞ս, թե՞ շահերի սպասարկու

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Անշուշտ, դժվար է խորհրդային տարիների հայկական մամուլը համեմատել անկախացումից հետո ստեղծված և վերջին 25 տարիների ընթացքում այս կամ այն կերպ զարգացում ապրած հայկական մամուլի հետ: Բայց, այնուամենայնիվ, ստացվում է այնպես, որ իրականում հայկական մամուլը ինչպես ժողովուրդն է ասում` «մրից դուրս եկավ ու մրջուրն ընկավ»: Ու հիմա արդեն, երբ հարմարվել է դրան ու առանձնապես շատ ջանք չի գործադրում զարգանալու համար, ամեն տարի, «Հայ մամուլի» օրվա առիթով, լրագրողներս փորձում ենք մի պահ ետ նայել` հասկանալու համար, թե որտեղից ուր ենք հասել: Անկեղծ ասած` ցանկացած լրագրողի երազանքն առանց պատվերի ազատ և անաչառ լրատվության ապահովումը պետք է լինի: Սակայն ցավալիորեն` այն լրատվամիջոցները, որոնք ունենք այսօր, ասոցացվում են այս կամ այն անձի, քաղաքական գործչի կամ տնտեսվարողի հետ: Ու այս պայմաններում դժվար է հասկանալը, թե իրականում ազատ մամուլ ունենալու ճանապարհը հենց ա՞յն է, որով շարժվում ենք, թե՞ պետք էր բոլորովին այլ ուղի ընտրել:

Իրականում ինչպիսի՞ն է մեր մամուլը. ազա՞տ է, կիսաազա՞տ, թե՞ բռնապետական: Եվ` ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի զարգացմանը որքանո՞վ է կարողանում այն նպաստել: Այս և հայոց մամուլում առկա այլ մտահոգիչ հարցերի մասին է զրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

- Առաջին հայացքից թվում է, թե մեզանում լրատվամիջոցների պակաս չկա, բայց իրականում անկախության 25 տարիների ընթացքում մենք կարողացա՞նք ձևավորել ազատ մամուլ և խոսքի ազատության ի՞նչ մակարդակի ենք հասել այս ընթացքում:

- Այս 25 տարիների ընթացքում մենք կարող էինք խոսքի ազատության շատ ավելի բարձր մակարդակի հասնել, քան հիմա կա:

- Իսկ այն, ինչ այսօր ունենք, բավարա՞ր է ասելու, որ հայկական մամուլը մեծ հաշվով ազատ է:

- Իհարկե` ոչ: Սովորաբար խոսքի ազատության մասին խոսելիս` շատերը սանձարձակությունը խառնում են խոսքի ազատության հետ և ասում են, թե դա չափից ավելի է, հարկ է օրենսդրորեն և այլ մեթոդներով սահմանափակել: Մինչդեռ խոսքի ազատությունը պատասխանատու և պրոֆեսիոնալ խոսքն է: Եվ այս առումով մենք շատ անելիքներ ունենք: Նախ պետք է բարելավել օրենսդրական դաշտը, բարենպաստ տնտեսական պայմաններ ստեղծել լրատվամիջոցների համար, քանի որ այս տարիների ընթացքում այդպես էլ նման պայմաններ չստեղծվեցին: Իհարկե, դրա համար պետք է, որ քաղաքական միջավայրը նույնպես ավելի բարե-նպաստ լինի: Մենք գիտենք, որ քաղաքական ուժերը, տարբեր տնտեսական կորպորացիաները և այլն, իրենց ազդեցությունն ունեն լրատվամիջոցների վրա: Մեծ հաշվով` մեր լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների միջև և ավելի շատ սպասարկում են նրանց շահերը, քան ծառայում են հասարակության շահերին: Սա ամենամեծ խնդիրն է:

- Չնայած լրատվամիջոցները Ձեր նշած տարբեր դաշտերում են, բայց տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչի մասին սկսել են գրել: Սա լավ չէ՞:

- Հաճախ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ խոսքի ազատությունը մեզանում բավական բարձր մակարդակի վրա է, հատկապես, երբ այդ մասին զեկույցներ են ներկայացնում տարբեր միջազգային ատյանների ներկայացուցիչներին: Մինչդեռ միջազգային կազմակերպությունները համարում են, որ ընդհանուր առմամբ Հայաստանը ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին է պատկանում: Ճիշտ է, միջազգային գնահատականների արդյունքում մենք մոտ ենք կիսաանկախ մամուլ ունեցող երկրների շեմին, բայց առայժմ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում ենք:

- Ի՞նչն է խանգարում ոչ ազատ երկրների սանդղակից կիսաանկախ մամուլ ունեցող երկրների սանդղակում հայտնվելու համար:

- Եթե խոսենք 2015-ի մասին, ապա չի կարելի չհիշել հուլիսի 23-ի` այսպես կոչված «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերը, որի ժամանակ իշխանություններն աննախադեպ ճնշումներ իրականացրեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ, ինչն անհամատեղելի արարք էր ազատ մամուլ ունեցող երկիր համարվելու համար: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա իշխանություններն է´լ ավելի «կատարելագործեցին» իրենց գործողությունները` կիրառելով հատուկ միջոցներ ինչպես հասարակության, այնպես էլ լրագրողների նկատմամբ: Սա լուրջ ազդակ է և ազատ մամուլ ունենալու մասին չի խոսում:

- Ստացվում է, որ լրատվամիջոցներն իրականում քաղաքական-տնտեսական դաշտից սնվող կառույցներ են: Այս պայմաններում ընդհանրապես իրատեսակա՞ն է ազատ մամուլ, կամ խոսքի ազատության բարձր մակարդակ ունենալը:

- Նման պայմաններում մենք խոսքի ազատության ավելի բարձր մակարդակի չենք կարողանա հասնել: Անկախ լրատվամիջոցների ինստիտուտը հենց այդ պատճառով չի կայանում: Ես դժվարանում եմ մատնանշել 5-6 լրատվամիջոց, որոնք իրենց եկամուտի` հատավաճառի և գովազդի հաշվին են գոյատևում: Բոլորն էլ ունեն քաղաքական կամ տնտեսական հովանավորներ: Հասկանալի է, որ այդ հովանավորները փորձում են կառավարելի դարձնել այդ լրատվամիջոցները, վերջիններն էլ ենթարկվում են: Եվ այդ պայմաններում չի կայանում անկախ լրատվամիջոցների ինստիտուտը, ուստի ուղղակի հարիր չէ խոսել ազատ մամուլի մասին: Այլ հարց է, որ գոյություն ունեն ամենատարբեր լրատվամիջոցներ, այդ թվում` էլեկտրոնային, որոնք տեխնոլոգիաների զարգացման արդյունք են, կա բազմազանություն: Ի դեպ` տեխնոլոգիաների զարգացումը լրատվամիջոցների սրընթաց զարգացում ապահովեց, որի հետևանքով շատ հաճախ ամեն ինչը չէ, որ հնարավոր է լինում վերահսկել, և դա շատ լավ է: Բայց, մյուս կողմից պետք է տեսնել, թե այդ տեխնոլոգիական զարգացումը որքանով է նպաստում պրոֆեսիոնալ լրատվամիջոցների զարգացմանը: Ի վերջո, երբ մարդիկ այս կամ այն կայքի անպատասխանատու աշխատանքն են տեսնում, կամ տեսնում են, որ 3-4 հոգով ընդամենը գրագողությամբ կամ ուրիշի աշխատանքը «քոփի-փեյսթ» անելով են զբաղված` կարծելով, թե դա էլ է լրագրություն, սկսում են չվստահել տվյալ «լրատվամիջոցին»: Պարզապես, լրատվամիջոցները պետք է ամեն ինչ անեն, որ իրենց լսարանը թացը չորից տարբերի: Պետք է հասկանան, թե ո՞րն է որակյալ լրատվամիջոցը և ո՞րն է այդ դաշտն ապականողը:

- Թացը չորից զատելու մասին խոսվեց, բայց շատ հաճախ ոչ միայն լրատվամիջոցը, այլև լրագրողն ինքը չի կարողանում թացը չորից զատել և «հայտնվում» է անհասկանալի իրավիճակում: Ո՞րն է, Ձեր կարծիքով, այն սահմանը, կամ առհասարակ իրականում կա՞ նման «սահման», թե լրագրողը ե՞րբ իրավունք ունի ներկայացնել իր քաղաքացիական դիրքորոշումը և երբ` որպես լրագրող, ներկայացնի իր ասելիքը:

- Մենք շատ ուշադիր հետևում էինք «էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին և ֆիքսել էինք բոլոր այն լրագրողներին, ովքեր տուժել էին այդ դեպքերի ժամանակ: Այդ տուժածների մեջ եղավ մեկը, ով մեզ ասաց, որ մենք իզուր ենք իրեն հաշվառել, քանի որ ինքն այնտեղ է գտնվել առանց բեյջի, առանց տեսախցիկի և այդ իրադարձության մասին նյութ չի պատրաստել, քանի որ ցույցին մասնակցել է որպես ցուցարար: Սա ամենադասական ճիշտ մոտեցումն է: Իհարկե, լրագրողը չի դադարում քաղաքացի լինելուց և ոչ ոք չի արգելում է, որ նա իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտի, բայց դա աշխատանքից դուրս պետք է լինի: Հասկանալի է, որ երբեմն լինում են պոռթկումներ, երբ, օրինակ, լրագրողը տեսնում է, թե ինչպես է փոխոստիկանապետը հրամայում տեսախցիկները վերցնել, ջարդել, կամ անմարդկային վերաբերմունք է տեսնում` կարող է դուրս գալ իր սահմաններից: Բայց շատ կարևոր է, որ նման դեպքում նույնպես պահպանվի չափն ու սահմանը:

- Կա՞ բանաձև, թե որ դեպքերն են տեղավորվում «չափ ու սահմանի» տրամաբանության տիրույթում, որը` ոչ:

- Այստեղ պետք է աշխատեն լրագրողի ներքին կուլտուրան, էթիկայի կանոնները և պետք է հետևել օրենքներին: Բացի այդ` կարևոր է ավելի բարձր լինելը, քան այդ ոստիկաններն են: Այդ պարագայում լրագրողն ավելի շատ բան կունենա ասելու, գրելու և քննադատելու: Ի վերջո, նման դեպքում արդեն հնարավոր է ավելի խիստ գնահատականներ հնչեցնել:

- Քննադատության մասին. իրականում արդյո՞ք մամուլի կշիռը բավարար է` երկրում առկա արատավոր երևույթների դեմ պայքարելու համար:

- Ի դեպ, եթե ազատ մամուլը մեզանում կայացած լիներ, ապա քննադատական և հետաքննական հոդվածների ազդեցությունը շատ ավելի մեծ կլիներ: Եվ քանի որ այն դեռ չի կայացել, ուստի միշտ չէ, որ իր ազդեցությունն է ունենում: Բայց նաև լինում են դեպքեր, երբ հրապարակումներն անհետևանք չեն մնում: Սակայն, շատ են հրապարակումները, երբ քննադատությունը տեղին է, փաստերը համապատասխանում են իրականությանը, բայց որևէ հետևանք չեն ունենում:

- Ինչո՞ւ է այդպես լինում:

- Մամուլը միշտ չէ, որ կարողանում է ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա, և շատ հաճախ մամուլի առջև փակվում են բաց թվացող դռները: Մյուս կողմից` հիմնական կոռուպցիոներները փորձում են օգտագործել մամուլը` այն գործիք դարձելով տարբեր մանիպուլյացիաներ իրականացնելու, իրար նկատմամբ տարբեր կոմպրոմատներ տարածելու համար և այլն: Սա կրկին խոսում է այն մասին, որ մամուլն ազատ չէ:

- Իսկ արևմտյան մամուլն իսկապե՞ս ազատ է:

- Դրսում տնտեսությունն այդքան էլ շաղկապված չէ իշխանության հետ, իսկ մեզանում նրանք սերտաճած են: Բացի այդ, զարգացած երկրներում մարդը, երբ լրատվամիջոց է բացում, նա բացում է իր սեփական բիզնեսը և մտածում է` ինչպես անել, որ իր եկամուտներն ու ծախսերը թույլ տան, որ ինքը կարողանա գոյատևել: Իսկ մեզանում` նախքան լրատվամիջոց բացելը սկսում են հովանավորող ման գալ: Այսինքն, լրատվամիջոց բացողը ոչ թե իր գումարն է ներդնում, ոչ թե վարկ է վերցնում, այլ ուրիշի գումարն է ներդնում: Այսինքն, նա բիզնես չի բացում, այլ ասում է` ես կարող եմ ծառայել, ո՞վ է ինձ փող տալու, որ նրան ծառայեմ: Ի դեպ, այստեղ շատ հաճախ լրատվամիջոցը բացում են ոչ թե լրագրողները, այլ ինչ-որ մարդիկ, ովքեր ոչինչ չհասկանալով լրատվամիջոցների գործունեությունից, հետո էլ սկսում են փնտրել, թե ով կկարողանա այն աշխատեցնել: Այս է պատճառը, որ նման մակարդակի լրատվական դաշտ ունենք: Ի դեպ, նշեմ նաև, որ թեև տեխնոլոգիական զարգացումը բավականին նպաստեց լրատվամիջոցների զարգացմանը, բայց հեռուստատեսությունը շարունակում է կախված մնալ իշխանություններից: Եվ այս ամենի պատճառով մեր երկիրը գտնվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ