ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


n ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին` դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերվող պարբերական մեթոդական օժանդակության համար: Իր հերթին դեսպան Կապինոսը պաշտպանության նախարարին ներկայացրել է մի շարք կառուցողական առաջարկություններ` ՀՀ ԶՈՒ բարեփոխումների, ռազմաքաղաքական, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և ռազմակրթական ոլորտի բարեփոխման ոլորտներում ԵԱՀԿ օժանդակության ծավալների ընդլայնման վերաբերյալ: Կողմերն իրենց մտահոգություններն են հայտնել վերջին շրջանում սահմանային լարվածության աճի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը մասնավորապես նշել է, որ հակառակ դիպուկահար կրակի դադարեցման վերաբերյալ հայկական կողմի առաջարկություններին և միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է անտեսել մարդասիրական հանրաճանաչ նորմերը` պարբերաբար նենգ միջոցներով խախտելով հրադադարի ռեժիմը, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է լինելու զգալիորեն խստացնել ադրբեջանական դիպուկահարների չեզոքացման գործողությունները: Դեսպան Կապինոսը խոստացել է ԵԱՀԿ ղեկավար մարմիններին զեկուցել ստեղծված իրավիճակի մասին: Կողմերը պայմանավորվել են քննարկված խնդիրները կյանքի կոչել պաշտպանական բարեփոխումների տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մշակման միջոցով: n ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ուկրաինա (Ղրիմ, Պարտենիտ)` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Խորհրդի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգի համաձայն կքննարկվի 21 հարց` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցութ յան վերաբերյալ, ինչպես նաև կընդունվեն հստակ որոշումներ` ընդհանուր գործունեության ծավալման և ակտիվացման ուղղությամբ: ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն նաև ՊՆԽ աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները և կհաստատվի ԱՊՀ ՄՊ ՊՆԽ 2011թ. աշխատանքային Պլանը: n ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով Ռուսասատանի Դաշնության Չելյաբինսկ քաղաք է մեկնել ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը և օպերատիվ խումբը (ընդհանուր 106 հոգի): Հայ զինծառայողները տեղաբաշխվել են զորավարժարանում նախապես բացազատված վրանային համալիրում: Արդեն սկսել են ամենօրյա պարապմունքները, որոնց ընթացքում հայ զինծառայողներն աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ և բարձր պատրաստականությամբ` արժանանալով զորավարժության հրամանատարության բարձր գնահատականին: «Փոխգործակցություն-2010» զորավարժության ավարտական փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ից 28-ը: