ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ` ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ


Հայաստանում գործարարությանը լրջագույն վտանգ է սպառնում, ինչից կարելի է եզրակացնել, որ բիզնես, օլիգարխ և մի շարք այլ նման հասկացություններ նույնպես անվանափոխման շեմին են£ Խնդիրն այն է, որ մեր գործարարներն աստիճանաբար սպեկուլյանտների են վերածվում, ինչն էլ վերջիններիս կարգավիճակի վերանայման պնդումների համար իրական հիմքեր է ստեղծում£ Փաստորեն, նրանք այդպես էլ չկարողացան ընկալել գործարարություն կոչվածի իրական իմաստը, և յուրաքանչյուրն իր ապաշնորհության շրջանակներում սկսեց աղավաղումների «գործընթացը»£ Ու այսօր արդեն դժվար է մատանաշել, թե մեզանում գործարարությունը ե՞րբ դարձավ բազարային վաշխառություն£ 2009¬ի սև երեքշաբթիից ամեն ինչ սկսվեց, երբ մարտյան գեղեցիկ մի օր դոլարը շռնդալից ապտակ հասցրեց ազգային արժույթին£ Իսկ դա տնտեսական ճգնաժամի արդյունքո՞ւմ էր, թե՞ ցորենի նոր գների հաստատումից հետո` դժվար է ասել£ Չնայած հեշտ է ամփոփելը, որ նշված և մինչ այդ տեղի ունեցած բոլոր նմանատիպ գործընթացներն էլ լիարժեքորեն նպաստեցին գործարարությունից սպեկուլյացիայի անցնելու չհայտարարված «թռիչքին»£ Հացահատիկային ճգնաժամը պարզապես ամրապնդեց և ամբողջացրեց հայկական բիզնեսի հայրերը համարվողների նորացված կարգավիճակը£ Թեև հիմա էլ, ինչպես ընդունված է ասել, գլխավոր մեղավորը, դարձյալ արտաքին ազդեցություններն են համարվում£ Եվ ստացվում է, որ եթե ռուսական ցորենի արտահանման արգելքը չլիներ, ապա մերոնք դեռ էլի շարունակելու էին իրենց վաշխառությունը` գործարարի դիմակով£ Բայց վերջնականապես բացահայտ դարձավ, որ այսպես կոչված արտաքին ազդեցություններն այնքան էլ չեն ազդում ներքին զարգացումների ընթացքի վրա և ընդամենը ամեն ինչ քողարկելու պատրվակ են հանդիսանում£ Ընդ որում, եղկելի այդ միջոցն աստիճանաբար ավելի վատ է քողարկում սպեկուլյատիվ կեղծիքը, և կարելի է ասել, որ կորցնում է իր ազդեցությունն ու ազդեցիկությունը£ Դիցուք, օրերս դարձյալ հայտարարվեց, որ մեր հանրապետությունը, ցորենի արտահանման արգելիքից անկախ, 200 օրվա պաշար ունի, և արդեն մեկ ամիս առաջ թանկացած հացամթերքը փաստորեն դեռ 7 ամիս կարող էր նախկին հաստատուն գներով սպառողին մատուցվել Եվ այն էլ` ոչ թե լավության կարգով£ Ընդ որում, աստիճանաբար ավելի ընդգծված է դառնում այն պնդումը, որ Հայաստանի նման ոչ այնքան մեծ երկրում հնարավոր էր ընդհանրապես շրջանցել հացահատի կային ճգնաժամը£ Մինչև նշված ժամկետի լրանալը նոր գործընկերների ձեռքբերումը բացարձակապես դժվար չէր, ու հիմա էլ ուշ չէ£ Մանավանդ, որ նրանք իրենց կամքով են համագործակ ցության առաջարկներ արդեն ներկայացնում£ Ահավասիկ Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, թե իր երկիրը ցորենի արտահանման հարցում որևէ արգելք չի նախատեսում սահմանել£ Իսկ այս առումով մեր հանրապետությունը նոր չէ, որ այս երկրի հետ համապատասխան գործընկերություն պետք է հաստատի, քանզի Հայաստանը մինչև հիմա էլ է Ուկրաինայից որոշակի քանակությամբ հացահատիկ ներկրել£ Ասել է թե` խոսքն այս դեպքում ընդամենը համագործակցության շրջանակները փոքր¬ինչ ընդլայնելու մասին է£ Պահն էլ գոնե մեզ համար բարենպաստ է, քանի որ ցորենային խուճապի մեղմացումը վերջին օրերին միջազգային գների զգալի անկմամբ է ուղեկցվել£ Այսինքն, բացի նրանից, որ հանրապետությունում վաճառվող հացամթերքի գինը կարելի է վերանայել, ուկրաինական տարբերակը կարող է հնարավորություն տալ 200 օրվա կայուն պաշարը բոլոր դեպքերում անփոփոխ պահել£ Իսկ նման իրավիճակում, բնականաբար, անպատասխան է մնում այն հարցը, թե սովորաբար արագընթաց մեր գործարարներն ինչու չեն գործի անցնում£ Չէ՞ որ գոնե միջին գիտակցություն ունեցող տնտեսվարողը նման առիթները պետք է որ չկորցներ... Ըստ երևույթին հայաստանցի ներկրողներին գնանկման հավանականությունն է կաշկանդում, քանզի փոքր չէ հավանականությունը, որ համեմատաբար մատչելի գնով առաջարկվող ուկրաինական ցորենը ոչ միայն լիարժեքորեն կհամալրի մեր պաշարները, այլ մինչև անգամ հացամթերքի գների նվազումը բավական իրական կդարձնի£ Կարճ ասած` ակնհայտ է, որ 200 օրվա պաշարը համալրելու տրամադրվածություն գոնե առաջիկա ամիսներին հազիվ թե դրսևորվի, և մերոնք ավելի շատ հակված են հին գներով ձեռք բերված ալյուրը նոր գներով իրացնելուց հետո գների նոր թանկացումների մասին մտածել£ Եթե նրանց «կամքը» ևս մի քանի ամիս անսասան մնա, ապա հավանական կարելի է համարել նաև պարենային ճգնաժամի կամ առնվազն դրա շուրջ առաջանալիք հոգեբանական խուճապի հնարավորությունը£ Այն, իհարկե, գործարար ներին քիչ է հետաքրքրում, որովհետև հետզհետե ավելի տարօրինակ դարձած նրանց աշխատաոճի (՞) հիմքում ոչ թե գործարարությունը, այլ, ինչպես համոզվեցինք, իր դարն ապրած` ամենաանհոգի սպեկուլյացիան է ընկած£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ