ՔՈԲԵՐՑԻՆԵՐԸ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ


 

Լոռու մարզի Քոբեր-Քոբայր գյուղի բնակիչները, պարզվում է, խիստ վիրավորվել են «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Դժվար ապրուստ» սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանից, ով Քոբերը ներկայացրել է խղճուկ բնակավայր, որտեղ բժշկի փոխարեն ինչ-որ «սնխչի» է բուժում մարդկանց, ուր չկա հեռախոս, չկան քաղաքակրթության նշույլներ: Մեզ զանգահարած քոբերցիները զայրույթով էին խոսում այն մասին, որ չիմանալով իրենց գյուղի մասին` սցենարիստը խեղաթյուրել է փաստերը:

- Մենք բուժկետ էլ ունենք, ունենք անմիջական կապ ինչպես Վանաձորի, այնպես էլ Ալավերդու և Երևանի հետ: Խորհրդային տարիներին ամեն մի քոբերցու տանը հեռախոս կար, իսկ հիմա բոլորն էլ բջջային ունեն: Սերիալում ցույց տված հոլիկն էլ մեր գյուղի հետ կապ չունի, որովհետև քոբերցիները միշտ էլ բարեկեցիկ կյանքով են ապրել: Երկաթուղային կայարան ունեցող գյուղը չի կարող աշխարհից կտրված լինել…

Քոբերցիները պատրաստվում են սերիալի սցենարիստին իրենց գյուղ հրավիրել ու ցույց տալ հազարամյակների պատմություն ունեցող բնակավայրը: