ՎԱՆԱՁՈՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԽՈՒԼ ԳՅՈՒՂՈՒՄ


 

Վանաձորի քաղաքապետարանից ստացված հաղորդագրության մեջ կարդում ենք.

- «Տարոն-4» թաղամասում աղբարկղերն են քիչ: Ուշանում են «Տարոն-4»-ում «Տաջիկական» թաղամասի ճանապարհի բարեկարգման համար նախատեսված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի աշխատանքները: «Տարոն-4»-ում «Տաջիկական» և «Ածխահատների» թաղամասերում տրանսպորտային երթուղու հարցը լուծված չէ, «Կարմիր խաչի» կառուցած շենքախմբերի տարածքում ճանապարհներն անանցանելի են, «Բազում» և այլ թաղամասերում ճանապարհների բարեկարգման, տանիքների նորոգման հարցեր կան և այլն:

Եթե այս ամենի մասին բարձրաձայնեին լրագրողները, քաղաքապետարանի պատասխանատուները դա «չարակամ մարդկանց պատվեր» կորակեին: Մինչդեռ հենց իրենք են այդ ամենը խոստովանում` հաստատելով, որ հատկապես նորակառույց թաղամասերն ամբողջապես զրկված են օրվա բոլոր ժամերին քաղաքի կենտրոն գնալ-վերադառնալու հնարավորությունից: Երեկոյան ժամը 7-ից հետո անհնար է այս թաղամասեր հասնելը, ամենուրեք թափառող շներ են, աղտեղություն, խավար ու ավերված փողոցներ: Երևի Հայաստանի ամենախուլ գյուղում անգամ այսօր նման պատկերներ տեսնելը բացառիկ է, իսկ երկրի երրորդ քաղաքում որոշել են վերացնել «տարբերությունը գյուղի և քաղաքի միջև»: