ՀԱՅԵՐԸ ՀԱԼԵՊՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ


 

Սիրիայի երկրորդ մեծ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ հանգիստ թողնել, մոտ 45 հազար մեր հայրենակիցների ճակատագրերը հուզում ու մտահոգում են:

Հակասական տեղեկությունները, որոշ լրատվամիջոցների ոչ օբյեկտիվ հաղորդագրությունները ճշտելու, իրավիճակին առավել մոտիկից ծանոթանալու համար մենք զանգահարեցինք Հալեպ: Մեր բարեկամ Հուրի ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ով պետական ծառայող է, տեղեկացրեց, որ հայկական թաղամասերը, ճիշտ է, ռազմական գործողությունների գոտում չեն, սակայն կրակոցների ձայները հասնում են նաև այստեղ` տագնապեցնելով մարդկանց:

- Ինչպես ողջ Հալեպում, այնպես էլ հայկական թաղամասերում էլեկտրաէներգիան մատակարարվում է ընդհատումներով, քաղաքում զգացվում է էներգակիրների մեծ պակաս:

Հալեպից մեզ տեղեկացրեցին, որ արդեն սպառվել են նաև հացի պաշարները: Խանութներում հաց չի վաճառվում, մարդիկ ստիպված են բավարարվել իրենց կուտակած սննդամթերքներով: Խանութները գրեթե փակ են, որովհետև հայ խանութատերերը վախենում են հարձակումներից: Կողոպուտների դեպքեր գրեթե չեն արձանագրվել, սակայն դրանք չեն էլ բացառվում: Հայերից շատերը չեն լքել քաղաքը` մնալու և պահպանելու իրենց ունեցվածքը: Հերթապահություն է սահմանվել հայկական եկեղեցիներում, ուր օր ու գիշեր հսկում են, որպեսզի ինչպես ապստամբները, այնպես էլ հեռավոր թաղամասերի բնակիչները հարձակումներ չգործեն եկեղեցիների և հայկական այլ կառույցների վրա:

Հուրի Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքի արվարձաններում ընթացող մարտերում առայժմ հաղթող են դառնում կառավարական ուժերը, մինչդեռ որոշ լրատվամիջոցներ, մասնավորաբար «Ալ Ջազիրան», խեղաթյուրելով փաստերն ու ապակողմնորոշելով մարդկանց, արդեն ներկայացնում են ապստամբների «հաղթանակները»: Հայերը քաղաքական առումով Հալեպում չեզոքություն են պահպանում` չսատարելով ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմադիր ուժերին: Մեր զրուցակիցը նշեց, որ համայնքի անդամներից շատերն այս օրերին մեկնել են Լիբանան և Հորդանան` վերադառնալու հստակ որոշմամբ: Այն տեղեկությունները, թե հայերը լքել են իրենց բնակարաններն ու մեկնել ԱՄՆ` իրականությանը չեն համապատասխանում:

Լ.Մ.