ԻԼՀԱՄՆԱՄԵ, ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԸ


 

2013 թվականին Ադրբեջանը պատրաստվում է մեծագույն տոնախմբությունների: Այս տարի նշվելու է ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակը, որն էլ սկիզբ կդնի գալիք տարվա միջոցառումներին: Չի բացառվում, որ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը «Մեծն Հեյդարին» մահմեդական սրբերի շարքը դասի: Չի բացառվում նաև, որ նրա անունով կառուցվի Ադրբեջանի ամենամեծ մզկիթը:

Իսկ ահա 2013-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենում հոբելյանաշատ տարում. 1993-ին Հեյդար Ալիևը կարողացավ ասպարեզից հեռացնել Էլչիբեյին և Նախիջևանից տեղափոխվել Բաքու: Այսինքն, նրա նախագահ դառնալու քսանամյակն է: Ալիևի վերադարձն Ադրբեջանում հռչակվել է ազգային վերածննդի սկիզբ: Հորից տասը տարի հետո` 2003-ին, Իլհամը դարձավ երկրի նախագահ: Մինչև այսօր ինչպես Ադրբեջանում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Իլհամը ժառանգեց իշխանությունը կեղծիքներով: Ոմանք պնդում են, թե Իլհամը թաքցրել էր հոր մահվան փաստը, արդեն մահացած հոր կողմից հրամանագիր ստորագրել իրեն վարչապետ նշանակելու մասին, և նախագահ ընտրվելուց հետո միայն ամերիկյան հոսպիտալի սառնարանից հանել ու Բաքու էր բերել հոր դիակը: Այս մասին խոսում են, սակայն վախենում են բարձրաձայնել, որովհետև այս դեպքում կեղծիքի մեջ կարող են հիշատակվել ինչպես թուրք, այնպես էլ ամերիկացի մի շարք պաշտոնյաների անուններ:

Հեյդար Ալիևի իշխանություն գալու գործում կարևոր դեր կատարեց հրադադարի մասին համաձայնությունը, որոշակի շահագրգռվածություն հանդես բերեց Ռուսաստանը, որը շատ էր կամենում իրեն հավատարիմ Հեյդարին տեսնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

Հիմա 2013-ին է նախապատրաստվում կրտսեր Ալիևը` գիտենալով, որ չի վայելում հայրենակիցների մեծ մասի վստահությունը: Ադրբեջանը հայտարարում է տնտեսության թռիչքների, համախառն ներքին արդյունքի աճի մասին, սակայն բնակչության սոցիալական վիճակը չի փոխվում: Չի փոխվում բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը` չնայած սպառազինությունների մրցավազքին: Չի բացառվում, ուրեմն, որ Իլհամը նորից ու նորից բարձրագոչ հայտարարություններ անի պատերազմի մասին, ձգտի իբր բարձրացնել իր ժողովրդի ոգին: Դեռևս 1993 թվականին Հեյդար Ալիևն իր գահակալության ժամանակ հայտարարել էր, թե ամեն ինչ անելու է` վերադարձնելու «գրավյալ տարածքները»: Կրտսեր Ալիևն այս մասին բարձրաձայնում է շատ հաճախ` ինքն էլ գիտենալով, որ խոսում է անհնարինի մասին: Պատերազմական հռետորաբանությունը դնելով իր գործունեության հիմքում և դրանով «կերակրելով» հարազատ ժողովրդին, Հեյդար-օղլին ձգտում է մարդկանց ուշադրությունը շեղել իրականությունից, չտեսնելու տալ, որ Ալիևները դարձել են երկրի ունեցվածքի տերը, որ գրեթե ամբողջապես թալանվում են «նավթային դոլարները», որոնցով Ադրբեջանը կառուցում է իր արտաքին քաղաքականությունը: Հիմա էլ Ալիևը կշարունակի կոչեր հնչեցնել պատերազմի վերսկսման մասին: Իհարկե, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ, Ալիևը մահապարտ չէ, նա չի փորի սեփական փոսը` պատերազմ հայտարարելով հայկական երկու պետությանը: Բայց չի էլ բացառվում, որ արկածախնդրությունը կարող է դառնալ ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական զարգացումների առանցքը:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը որքան էլ գիտենան, որ Ալիևը երբեք չի հանդգնի պատերազմ հայտարարել, այնուհանդերձ պիտի պատրաստ լինեն ցանկացած ռազմական արկածախնդրության` օրինակ ունենալով այս տարվա դեպքերը, երբ Հիլարի Քլինթոնի այցի օրերին Ադրբեջանը հրահրեց մի շարք բախումներ:

Լ.Մ.