ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ,

ՈՐՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ


 

Ժամանակ առ ժամանակ բռնկվող այսպես կոչված հասարակական շարժումներն արդյունք են այն բանի, որ մեզանում հանրային քննարկումների մշակույթը տակավին չի արմատավորվել: Շատ հաճախ որոշումներ են կայացվում առանց հրապարակայնության, երբեմն էլ` առանց իրավական հիմնավորումների և բացատրությունների: Այս ամենը չեզոքացնելու, համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական պահանջները հարգելու նպատակով էլ օրերս հանրային քննարկում էր կազմակերպվել Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոնում` քննարկման նյութ ունենալով թատրոնի շենքի շինարարության խնդիրը:

1991-ին, Արցախյան պատերազմի դժվարին ժամանակներում, երբ ստեղծվեց այս թատրոնը, ինչպես նշեց նրա հիմնադիր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը`  

-Առաջին խնդիրը շենք ունենալն էր: Թատրոնը գործել է Գրողների միության շենքում, Լրագրողների միության շենքում և այլն: Մենք այստեղ վարձով ենք, մեզ յուրաքանչյուր րոպե կարող են հանել: Եթե Մազմանյանը խիղճը կորցնի, կասի` գնացեք, և մենք ոչինչ չենք կարող անել:

Այո´, քսան տարեկան թատրոնը հայտնվել է ծանր կացության մեջ` չունենալով սեփական տարածք, ստեղծագործական ծրագրերն իրականացնելու հնարավորություններ: Դեռևս մեկ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է լուծել շենքի հարցը` հանձնարարելով Երևանի քաղաքապետարանին զբաղվել հողահատկացման խնդիրներով:

-Պիտի նշեմ, որ Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանը նույնպես շատ դրական է տրամադրված այս հարցին և մի քանի անգամ արտահայտել է իր պատրաստակամությունը ամեն կերպ աջակցել, որ Երևան քաղաքի կենտրոնում կառուցվի «Համազգային» թատրոնի շենքը, մենք փաստորեն ունենք բարձր հովանավորություն: Բայց մենք նաև պարտավոր ենք օրենքով սահմանված կարգով հողհատկացումից առաջ անցկացնել բաց հասարակական քննարկում,- ասում է թատրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Վարդան Մկրտչյանը:

Թատրոնը գտել է համապատասխան տարածքը` Գլխավոր պողոտայի սկզբնամասում, դեպի մանկական երկաթուղի տանող թունելների մոտ` ավերված ջրավազանի տեղում` ցանկանալով նաև անբարեկարգ տարածքում ստեղծել մշակույթի օջախ, կոտրել բետոնի միապաղաղությունը, խիտ բնակչություն ունեցող զանգվածը հարստացնել նաև թատրոնի ներկայությամբ: Նախագիծը ստեղծել է նշանավոր ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը` ունենալով Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի աջակցությունը: Պարզվում է, սակայն, որ Նարեկ Սարգսյանի հետ որոշակի «խնդիրներ» ունեցող ճարտարապետներ Սաշուր Քալաշյանն ու Գուրգեն Մուշեղյանը, ովքեր անձնական համակրանքների և հակակրանքների դիրքերից են մոտենում խնդիրներին, ունեն այնպիսի «զորավոր փաստարկներ», որոնք իրավունք չեն տալիս այս վայրում թատրոն կառուցել. թունելներից եկող մաքուր օդը, հետագայում մետրոյի կառուցվելիք երկրորդ գիծը...

Ճարտարապետներին միացան նաև «Քաղաքը մենք ենք» շարժման երկու ակտիվիստ, ովքեր այստեղ էին եկել Քալաշյանի և Մուշեղյանի հրավերով և ովքեր, խախտելով բարեկրթության բոլոր պահանջները` անգամ անցան ներկաներին և հատկապես մեր բեմի մեծագույն վարպետ Սոս Սարգսյանին վիրավորելուն: Նրանց միակ «արգումենտն» այն էր, որ նշված տարածքը հանրային է համարվում, որ պարտեզում թատրոն կառուցելն անթույլատրելի է:

Թե բետոնածածկ տարածքում ի՞նչ պարտեզի ու ինչ ծառերի մասին էր խոսքը` ոչ ոք չհասկացավ, չհասկացավ նաև, որ եթե տարածքը հանրային է, ապա մի՞թե թատրոնը հանրային կառույց չէ:

Ի դեպ, ինչպես վկայեց Նարեկ Սարգսյանը, հենց Սաշուր Քալաշյանն ու Գուրգեն Մուշեղյանը ներկայացնում են ճարտարապետական այն ինստիտուտը, որի ջանքերով է օղակաձև զբոսայգին կորցրել իր դեմքը, պատվել սրճարաններով, երկհարկանի և եռահարկ շինություններով, իսկ «ընդդիմադիրների» կողմից հիշատակված «արգումենտներն» ընդամենը տեխնիկական են:

Քննարկման ավարտին բոլոր մասնակիցները բուռն ծափահարություններով հաստատեցին նախագիծը, այն վայրը, որն առաջարկվում է, իսկ ահա «ընդդիմադիրները» գրեթե փախան դահլիճից` չարժանանալու հավաքվածների արդար կշտամբանքներին:

Ես արդեն շատ ծեր եմ: Առողջությունս էլ բանի նման չէ: Իմ երազանքն էր ստեղծել թատրոն, այն արդեն ստեղծված է: Հիմա ուզում եմ մինչև աչքերս հավիտյան փակելը` գոնե տեսնեմ շենքի շինարարության սկիզբը, -շատ հուզված ասաց Սոս Սարգսյանը: