Կարո ՏԱՏԱՂԼՅԱՆ.

«Հրաշալի առիթ է Հայրենիքում միանալու, Հայրենիքով ապրելու»


 

Այս զրույցն իրականություն դարձնելու գաղափարը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանինն է: Նա հուշեց, որ առաջին անգամ Հայաստանում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի «Սպիտակ» պարախումբը, որը հանդես է գալիս հյուրախաղերով: Պարախմբի ղեկավար Կարո Տատաղլյանի հետ հանդիպեցինք նախարարությունում: Տիկին Նախարարը ոգևորված էր, որ հաջողվում է կապեր հաստատել նաև այն համայնքների հետ, որոնք նոր ձևավորված լինելով` կարծես եղել են ուշադրությունից դուրս:

- Պարախմբի «Սպիտակ» անվանումն ինչ-որ առեղծված ունի՞ իր մեջ: Ինչո՞վ է պայմանավորված նման անվան ընտրությունը:

- Որևէ առեղծված չկա, չնայած, իսկապես շատերն են հարցնում այդ մասին: 1988-ի սպիտակյան երկրաշարժը ցնցեց ողջ աշխարհը, բնականաբար ցավն առավել խորը տարան սփյուռքահայերը, ովքեր տակավին քիչ էին ծանոթ Հայրենիքին` պայմանավորված խորհրդային իրականությամբ: Սպիտակը յուրատեսակ խորհրդանիշ էր բոլորիս համար: Պարախմբին տալով կործանված քաղաքի անունը` մենք մեր հարգանքը մատուցեցինք ու նաև լավատեսություն տեսանք մեր վերաբերմունքի մեջ. Հայաստանը պիտի դուրս գար այդ ծանր վիճակից, պիտի նորից շնչեր ու ապրեր... Այս է բացատրությունը:

- Իսկ Հորդանանում վաղո՞ւց է գործում Ձեր գլխավորած պարախումբը:

- Հորդանանը մեր ավանդական գաղթավայրերից չէ, այստեղ գլխավորաբար բնակություն են հաստատել այն հայերը, ովքեր եկել են Սիրիայից, Լիբանանից... Հիմա մոտ 2500 հայ է ապրում այստեղ. հենց նրանք էլ գերագույն ճիգեր գործի կդնեն, որպեսզի պահպանվի հայությունը, պահպանվի ինքնությունը: Անշուշտ, առաջին հերթին` լեզուն: Մանավանդ` հազիվ 500 հոգի այսօր հայերեն կխոսի: Ազգային ինքնության ու լեզվի պահպանության խնդիրը կար դրված նաև պարախումբը ստեղծելու պահին, իսկ այն իր կենսագրությունն առավ 1965-ին` բնականաբար, ոչ միշտ ունենալով շարունակական աշխատանք, որովհետև դյուրին չէ Սփյուռքի մեջ նման պարախմբի գործունեության մշտականության կազմակերպումը: Հիմա մենք դժվարություններ շատ ունենք աշխատանքների կազմակերպման առումով, որովհետև շատերը հեռու են ապրում, ակումբ հասնելը դժվար է, հետևաբար շաբաթը երկու անգամ են նշանակված պարապմունքները:

- Որքան գիտեմ, մեծահասակների պարախմբից զատ` գործում է նաև մանկական պարախումբը:

- Անշուշտ: Մեր առաջնային խնդիրն է փոքրահասակներին ևս ներգրավել, որպեսզի հայեցին չմոռացվի, արդեն մանկուց մեր սաներն առնչվեն ազգային պարի հետ, որը նույնպես օգնում է հայ մնալ: Մեծահասակները 55 հոգի են, սակայն Հայաստան ենք եկել 25 հոգով: Պարզ է, որ դժվարություններ ունինք: «Համազգայինն» անտարակույս, մեծ ջանքեր կդնե, որպեսզի կարողանանք միշտ և կայուն աշխատանքներ կատարել:

-Դուք հալեպահայ եք. ինչպե՞ս պատահեց, որ հայտնվեցիք Ամմանում:…

- Այո´, Հալեպից եմ, իսկ ծնողներս էլ սերված են Մարաշից: Սովորել և ավարտել եմ Մեսրոպյան վարժարանը: Սակայն հետո ընտանիքով մեկնեցինք Բեյրութ, որովհետև սիրիահայերը միշտ առանձնակի ձգտում ունեն դեպի Լիբանանը: Այստեղ տևական ժամանակ ապրելով` մասնակցեցի «Նոր սերունդ» պարախմբի աշխատանքներին: Պատերազմի հետևանքով ստիպված էինք հեռանալ Բեյրութից: Հայի ճակատագիր է` միշտ ապրել այնպիսի պայմանների մեջ, որ գաղթականությունն անխուսափելի լինի: Վերադարձանք Հալեպ, որտեղ ևս շարունակեցի պարուսույցի իմ գործունեությունը: 1988-ին էլ ինձ հրավիրեցին Ամման:

- Ի՞նչն է պատճառը, որ նախկինում չեք մասնակցել հայաստանյան փառատոներին:

- Ցանկացած մասնակցություն պիտի պայմանավորված լինի հրավերով: Հրավերներ չեն եղել, իսկ մղումն ու ցանկությունը մեծ է եղել: Մենք չենք մասնակցում նաև «Իմ Հայաստան» փառատոնի պարային բաժնին, սակայն այս հրավերը երջանկաբեր է: Հուսամ, որ հետայսու առավել սերտ պիտի լինեն մեր կապերը Հայրենիքի հետ: Նաև վստահ եմ, որ Սփյուռքում գործող որևէ պարախումբ կամ երգչախումբ մոռացության չպետք է մատնվի: Եթե անգամ փառատոն էլ չլինի, միևնույն է, Երևան գալը հրաշալի առիթ է Հայրենիքում միանալու, Հայրենիքով ապրելու: Երևանը հայերի խաչմերուկն է, այստեղ են տեսնվում աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերը: Եվ այս հարցում, անտարակույս, գնահատելի են Սփյուռքի նախարարության և հայրենի կառավարության ջանքերը: Հիմա հատկապես նախարարությունը պարտավորեցնում է բոլորիս` միշտ լինել Հայաստանի հետ, միշտ զգալ Հայաստանի ներկայությունը մեր կյանքում:

- Ուզում եմ անդրադառնալ բոլորիս համար մի ցավոտ խնդրի: Խոսքս վերաբերում է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Այսօր արդեն պատերազմական գործողություններ են ծավալվել Հալեպի արվարձաններում: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված կացությունը և ինչպե՞ս եք վերաբերվում հնչող այն կոչերին, որ հայերը պետք է հեռանան Հալեպից:

- Սիրիան իր պատմության ամենադժվար օրերից է ապրում: Չեմ ուզում միանշանակ գնահատական տալ կատարվողին, որովհետև այստեղ այլ խնդիրներ կան: Հալեպը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայաշատ քաղաքներից է, այստեղ մեր հայրենակիցները հսկայական ներդրումներ ունեն, ունեին նաև ապահովություն: Բայց այսօր նրանք չպետք է հեռանան իրենց քաղաքից, որովհետև հայերի հեռանալը ևս որոշակի ծրագրերի ու ցանկությունների հետևանք է: Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ պիտի ունենա: Պիտի պահպանել Հալեպը, հայերի Հալեպը: Ուրախ եմ, որ հայաստանյան իշխանությունները աջակցում են հալեպահայությանը, քայլեր են ձեռնարկում զորավիգ լինելու համար: Չեմ կիսում նրանց տեսակետները, ովքեր ասում են, թե քիչ բան է արվում:

- Ուրեմն, հուսանք, որ սիրիական հողում խաղաղություն կտիրի: Իսկ «Սպիտակին» մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ: Վստահ եմ, որ դեպի Հայաստան ճանապարհը բացված է, ուրեմն` ի տեսություն:

- Համոզված եմ, որ այսուհետև միշտ պիտի գանք Հայաստան:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ