Արժեհամակա´րգն է խաթարված


 

Կարծում էի` գավառականությունից ու անճաշակությունից հոգնածությունն էր պատճառը, որ մարդիկ ըմբոստացան` իրենք էլ չիմանալով, թե ում էին հասցեագրում իրենց բողոքը: Խոսեցին, քննարկեցին ու լռեցին: Բայց օրերս կրկին թեժացավ հեռուստաեթերն աղբից մաքրելու, անվերջանալի հայկական սերիալներին վերջ տալու թեման:

Որ հեռուստաեթերն այսօր խնդիրներ է առաջացնում` անվիճելի իրողություն է: Քննարկումների ընթացքում մի մասն ասում է` հայերենն է աղավաղվում, ժարգոն է մատուցվում: Մի ուրիշը բողոքում է անհաջող սցենարներից ու դերասանների կեղծ խաղից, մյուսը թե` սերիալներում դաժանություն են քարոզում… ու էսպես շարունակ: Յուրաքանչյուրն իր հերթին արդար է` ճաշակին ընկեր չկա: Բայց էս վերջը չերևացող անպտուղ քննարկումներում մոռանում ենք ամենակարևոր հարցն ու հարցի պատասխանը: Ի՞նչ է հեռուստա տեսությունը: Ոմանք կասեն` տեղեկատվություն ստանալու միջոց, ոմանց համար էլ այն պարզապես ժամանցի` համերգներ, երաժշտություն լսելու, շոուների ու կինո, նաև սերիալ դիտելու միջոց է: Հեռուստատեսությունն այս ամեն ինչն է: Ուրեմն, հեռուստաեթերն էլ այնպիսին է, ինչպիսին մեր կյանքն է և ունի այն խնդիրները, որ առկա են մեր կյանքում: Ո՞վ կարող է ասել, առավել ևս պնդել, թե մեր հասարակության ներսում ամեն ինչ կարգին է: Իսկ հեռուստաեթերը հասարակական կյանքի խտացված արտացոլանքն է: Սակայն այստեղ է, որ առաջանում է հեռուստառեժիսորի արհեստավարժության պարտադիր նախապայմանը: Մեր մեծերից մեկը` Սոս Սարգսյանը, «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մասին խոսելիս ասել է, թե իրենք բոլորը ֆիլմում խոսում էին գրական հայերենով, բայց դիտողները համոզված էին, որ իրենք գյուղացու դեր էին խաղում: Այսինքն, խոսքը նյութի մատուցման ձևի ու նպատակի մասին է: Կարևոր է, թե ինչ ես ուզում ասել տվյալ կինոյով, սերիալով և ինչպես ես ասելիքդ մատուցում: Նույնն է նաև բռնություն ու դաժանություն քարոզելու մեղադրանքի պարագայում: Շեքսպիրի բեմադրությունների վերջում բեմը ծածկվում է դիակներով: «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Լիր արքա» բեմադրությունները զերծ չեն բռնության ու դաժան տեսարաններից: Ինչ է, ասենք` հակադաստիարակչական են ու արգելե՞նք երիտասարդությանը դրանք ընթերցել… Ուրեմն` խնդիրը մատուցման ձևն է: Նույն սցենարից տաղանդավոր ռեժիսորը տաղանդավոր դերասանների հետ գլուխգործոց կստեղծի, իսկ անտաղանդը` աղբ: Իհարկե կան համապատասխան օրենքներ` համապատասխան խնդիրները լուծելու համար: Բայց դրանք չեն գործում կամ գործում են հայեցողաբար: Ահա թե ինչից պետք է սկսել իրական բարեփոխումը: Մեզանում արժեքային համակարգն է խաթարված, ինչն էլ բնականաբար խաթարում է մնացած ամեն ինչը: Իսկ հեռուստաեթերի գեղագիտական խնդիրներով պետք է զբաղվեն համապատասխան մասնագետները, ովքեր հասկանում են տեղեկատվության անհրաժեշտությունն ու արժեքը, գոնե որոշակի պատկերացում ունեն գեղագիտությունից, հեռուստառեժիսուրայից, դրամատուրգիայից: Այս ամենը պետք է մեկտեղվեն հանրային և մյուս հեռուստաընկերությունում ու նրա եթերը օրինակելի դարձնեն մնացած հեռուստաընկերությունների համար:

Թեև հասկանալի է նաև Հանրապետության նախագահին Հանրային խորհրդի անդամների դիմելը: Նրանք լավ են հասկանում, որ մեզանում խաթարված է ամենակարևորը, ու այն ուղղելու հույսը կապում են երկրի ղեկավարի հետ, քանզի նա է Սահմանադրական մեր իրավունքների պահպանման երաշխավոր:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ`

հեռուստատեսության նախկին խմբագիր