Հետո՞ ինչ, որ ուղևոր ես


 

Խելամիտ օրենքը հասարակության շահի լավագույն պաշտպանն է` եթե նույնիսկ որոշ դեպքերում ու որոշակի չափով սահմանափակում է առանձին խմբերի ամենաթողությունը:

Սովորաբար երթևեկի գլխավոր պատասխանատուն համարվում է փոխադրամիջոցը վարողը: Իսկ ուղևորնե՞րը: Իհարկե, անխափան ընթացքի ապահովության համար նրանք պարտականություններ չունեն, բայց չխոչընդոտել` պարտավո´ր են: Հենց դա նկատի ունենալով էլ շոտլանդական ScotrΖil երկաթուղային ընկերությունն անցյալ շաբաթվանից կիրառում է գիշերային ժամերին ոգելից խմիչքների օգտագործելու արգելանք` ուղևորների համար: Երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտվա ժամը 10-ը գնացքով մեկնողներն իրավունք չունեն խմել:

Հասկանալի է, որ սա ստեղծված իրավիճակում պայմանավորված քայլ է: Ոստիկանության և տեղական իշխանությունների հավանությանն արժանացած այս որոշման դրդապատճառը հարբած ուղևորների կողմից խուլիգանության դեպքերի և հակասոցիալական վարքագծի դրսևորումների հաճախակիացումն է: Երկրի տրանսպորտային ոստիկանությունը վերջին 6 ամիսներին արձանագրել է հարբած ուղևորների արարքներով պայմանավորված առնվազն 260 միջադեպ, որոնց մեծ մասը խափանել է գնացքների երթևեկը, չվերթի ուշացման պատճառ դարձել:

- Ալկոհոլի ազդեցությամբ հակասոցիալական վարքագիծը չպետք է դրսևորվի գնացքներում կամ կայարաններում: Գնացքով ուղևորությունը չպետք է տհաճ արկած դառնա շարքային ուղևորների համար: Հարբածներն անհարմար վիճակ ու անհանգստություն են պատճառում երկաթուղու աշխատակիցներին և ուղևորներին ու նաև պատահարների առիթ դառնում,- ասել է ScotrΖil-ի կառավարիչ Սթիվ Մոնթհոմերին:

Իշխանության գալուց անմիջապես հետո` 2008 թ., Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը արգելել է ոգելից խմիչքները մայրաքաղաքի մետրոյում: Սակայն «ստորգետնյա» առանձին ուղևորներ, հատկապես երիտասարդները, հանգստյան օրերին անտեսում են այդ արգելքը` մոռանալով խոշոր տուգանքների սպառնալիքն անգամ («ՌԻԱ Նովոստի»):