Դժբախտ պատահարի պատճառը


Գյուլբենկյան 24 հասցեում գտնվող երկար շենքի փոխարեն տարիներ առաջ, մոտ 60-ական թվականներին, կանգնած է եղել սեփական տնակ` իր մեծ այգով: Այնուհետև պետությունը գնեց այդ տարածքը և փոխարենը կառուցեց բնակելի շենք` 80-ից ավելի բնակարաններով: Ա. Ավետիսյան և Գ. Սունդուկյան փողոցները Գյուլբենկյան փողոցի հատման կետում չունեն լուսանշաններ, և ոչ մի հատուկ կանոնների ցուցանակներ ամրացված չեն խաչմերուկի անկյուններում: Ավտոմեքե նաների վարորդները մեկը մյուսին տեղ զիջելով են անցնում այս խաչմերուկները: Շենքերի բնակիչներն արդեն շատ անգամներ են վկա դարձել դժբախտ պատահարների: Արդեն քանի-քանի տարի է ինչ բողոքներ էին հղվում համապատաս խան կազմակերպություններին: Վերջապես բողոքը հասավ իր նպատակակետին: Խաչմերուկների չորս անկյուններում էլ տեղադրվեցին լուսանշանները: Որոշ ժամանակ բնակիչները հանգիստ էին: Գլուլբենկյան փողոցում տեղադրվեց 124 (94) համարի տաքսիի երթուղին: Մի օր էլ երթուղային տաքսին բախվեց բեռնատար մեքենային: Լուսանշաններն իրենց տեղերում էին, սակայն միայն դեղինն էր թարթում: Եվ արդեն շուրջ երկու ամիս է, այսինքն` տեղադրելուց 3-4 օր հետո, լուսացույցը միայն դեղինով է «աչքով» անում վարորդներին ու հետիոտններին: Հիմա էլ մի կրպակ է տեղադրվել ուղիղ խաչմերուկի անկյունում: Եվ եթե մինչ այդ վարորդները իրար տեսնելով էին տեղ զիջում, ապա այժմ նրանք գուշակությամբ են զբաղվում, երբեմն էլ` անհաջող: Եվ մոտակա շենքերի բնակիչները ավտոմեքենաների ազդանշաններից և ապա բախման ձայներից վեր թռչելով` դուրս են թափվում պատշգամբից, տեսնելու այս անգամ` ում ինչ պատահեց…

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ