«Հասկացողին` մին...»


Հաշմանդամ մարդկանց հասարակությանը ինտեգրելու խնդիրը ամենահրատապներից մեկն է: Քաղաքակիրթ երկրներում հաշմանդամների համար ստեղծված են բոլոր պայմաններն ու հարմարությունները: Առաջին հերթին, բնականաբար, թեքահարթակներ, որոնք նախատեսված են քայլակով, անվասայլակով կամ ֆիզիկական այլ խնդիրներ ունեցող անձանց անվտանգ և հարմարավետ տեղաշարժն ապահովելու: Բայց շրջենք Երևանի փողոցներով. դրանցից քանի՞սն են ապահովված թեքահարթակներով: Կամ փորձենք մտնել որևէ ուսումնական հաստատություն, սովորական բնակելի շենք կամ այլ կառույց: Այստեղ ևս չկան պայմաններ` հաշմանդամների համար: Մեր համաքաղաքացիներից շատերը գուցե չգիտեն, թե ինչին են ծառայում թեքահարթակները, ուստի իրենց մեքենաները կանգնեցնում են հենց այդտեղ` խոչընդոտելով հաշմանդամների տեղաշարժմանը: Այսպիսի պատկերի կարելի է հանդիպել, օրինակ, «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող բանկի շրջակայքում: Մեքենատերերը ժամ առաջ ջանում են «զավթել» որևէ ազատ տարածություն, և բոլորովին էլ կարևոր չէ` դա թեքահարթա՞կ, փողոցի երթևեկելի հատվա՞ծ, թե՞ մայթ կլինի: Իսկ եթե սխալմամբ փորձես վարորդներին բացատրել, որ չի կարելի մեքենաները կանգնեցնել այդտեղ, ապա բողոքի այնպիսի ալիք կբարձրացնեն, որ կսկսես մտածել` գուցե դո՞ւ ես սխալ: «Հույսի կամուրջ» ՀԿ-ի անդամ Աշխեն Ավագյանը թեև անվասայլակով չէ, բայց հաճախ է օգտվում թեքահարթակներից, այլ կերպ չի կարող, սակայն դա նրան ոչ միշտ է հաջողվում: - Ես և մայրիկս ամեն օր նույն ճանապարհով ենք գնում և ամեն օր` նույն պատմությունը: Բազմիցս խնդրել ենք վարորդներին` չկանգնեցնել իրենց մեքենաները թեքահարթակների վրա, բայց` անօգուտ,- դժգոհում է Աշխենը: Եվ Աշխենը, դժբախտաբար, միակը չէ, ով չի կարողանում օգտվել իր այս տարրական իրավունքից: Մնում է հուսալ, որ կառուցվող շենքերն ու փողոցները ապահովված կլինեն թեքահարթակներով: Միայն թե որոշ մարդկանց հարկավոր կլինի լա°վ բացատրել դրանց նպատակն ու ճիշտ օգտագործման կարգը:

Շուշան ՇԱՏԻԿՅԱՆ