«Հաղթելու է այն, ինչը կառուցողական է»


ՍԻՄ առաջնորդ Հրանտ Խաչատրյանը Հայաստանում անցկացվող ընտրությունները համարում է օրացուցային երևույթ, որոնց կանխորոշված ավարտը բերում է հերթական հիասթափություն: Այն ծանր է անդրադառնում թե° ժողովրդի և թե° ընդդիմության վրա, որովհետև ֆինանսական կորուստներից բացի, վերջիններիս սպասվում են նաև կադրային կորուստներ: Հրանտ Խաչատրյանը գտնում է, որ երկրին, ժողովրդին և առհասարակ աշխարհին անհրաժեշտ են լուրջ, արմատական փոփոխություններ, որոնք խորը ուսումնա սիրությունների և վերլուծությունների կարիք ունեն. ուստի այսօր, երբ իր կուսակցության շուրջ ծավալվող կրքերը հանդարտվել են, իրենք հնարավորություն ունեն մասնակցել քաղաքական անցուդարձին և զբաղվել առավել հեռանկարային խնդիրների լուծմամբ: - Հասարակական-քաղաքական կյանքի խորքային ուսումնասիրություններն ու վերլուծությունները ոչ միայն կշարունակվեն հրապարակվել «Իրավունք» թերթի էջերում, այլև, ձերբազատվելով չարության և վրեժխնդրության դրսևորումներից, ասելիքն ուղղված կլինի հիմնականում այն մարդկանց մտքին, ովքեր մեր երկրի կառավարման մեջ ունեն ծանրակշիռ դերակատարում: Ի տարբերություն 80-ականների` հասարակական ելույթներով և քարոզչությամբ իրականացվող արմատական փոփոխությունների, այսօր նման արդյունքներն արդեն պատրանք են` համոզված է Հրանտ Խաչատրյանը. պատճառն, անշուշտ, վերջին 5 տարում ընդդիմության` լուրջ հաղթանակ գրանցելու անկարողությունն է: - Մեր բազմամյա փորձն ընդդիմության միավորման հարցում հաջողության է հասնում երբեմն-երբեմն: Այդպիսի հաջողություններից ամենապայծառը 1996 թիվն էր, թեև չավարտվեց փաստացի հաղթանակով, բայց մեր հիշողության մեջ մնաց որպես ժողովրդի և ընդդիմության միավորման օրինակներից մեկը: ՍԻՄ առաջնորդը դեմ չէ 2008-ի Նախագահի ընտրություններին ընդդիմության դաշտից միասնական թեկնածուով հանդես գալու տարբերակին: - Կարծում եմ` պիտանի և օգտակար կլինի լավագույնս օգտագործել Վազգեն Մանուկյանի խարիզման և Արամ Կարապետյանի հարցադրումների հստակությունը, արմատական փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերի և հասարակական խմբերի անկեղծ աջակցությունը այս 2 հիմնական դեմքերին: Առաջիկա պայքարում հաղթելու է այն, ինչը կառուցողական է: Թե կառուցողական այդ ի՞նչ ծրագրերով են այս 2 քաղաքական գործիչներն արժանացել Հրանտ Խաչատրյանի համակրանքին, նա չմանրամասնեց, և դեռ հարց է, արդյո՞ք Վազգեն Մանուկյանն ու Արամ Կարապետյանը երբևէ կկարողանան արդարացնել ընտրողների սպասումները, երբ քաղաքական դաշտում իրենց «դիրքավորվա ծությամբ» տեսանելի և շոշափելի չեն սեփական լսարանի համար:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ