ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ Առողջ եղեք ու երջանիկ


Ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը: Թող բազմապատկվեն Ձեր եռանդը, տոկունությունը, թող է´լ ավելի շատանան Ձեր հոգու և գործի մեծությունը գնահատող բարեկամները: Թող մեր երկրում արշալույսները խաղաղ բացվեն, իսկ մեր հպարտություն-սիրասուն զավակը` անպարտելիության գրավական Հայոց բանակը, է´լ ավելի կատարելագործվի, հզորանա ու նոր հաղթանակներ կռի Ձեր ղեկավարությամբ: Ամենահեռավոր սահմանում կանգնած զինվորի համար անհանգիստ բաբախող մի սիրտ, ամենանուրբ թելերով, ողջ էությամբ բանակին նվիրված մի հոգի և պարզապես անհատ, ում մեջ զարմանալի ներդաշնակությամբ մեկտեղվել են հրաշալի Մարդը, Զինվորականը, Հայը, Արցախի հերոսը... Դուք ընտրեցիք զինվորականի չափազանց բարդ, պարտավորեցնող ու նաև պատվաբեր ուղին: Երբ մթագնեց մեր երկինքը, Դուք էլ շատ հայորդիների հետ պայքարի նետվեցիք` անցնելով Արցախամարտի բովով ու նրանց հետ դառնալով մեր փառահեղ հաղթանակի կերտողը: Իսկ երբ առաջնահերթ ու հրատապ էր դարձել Հայոց բանակի կազմավորման խնդիրը, կրկին ամուր կանգնած էիք պաշտպանական կառույցի ձևավորման ակունքներում` ի նպաստ դնելով Ձեր հմտությունն ու անսահման նվիրվածությունը: Բոլոր ժամանակներում սկզբունքայնությունը, խստապահանջությունն ու սրտացավ վերաբերմունքն են Ձեր գործելաոճը: Դժվարին այս օրերում մարդկային Ձեր տեսակով, ազնվությամբ, իսկական զինվորականի նկարագրով Դուք օրինակ եք յուրաքանչյուր զինվորի համար և նրանց ավագ ընկերն ու հավատընծա խորհրդատուն: Այսօր ունենք կայուն, զարգացած, ժամանակին համընթաց կատարելագործվող, մարտունակ բանակ, որը բոլորիս անսահման հպարտություն է ներշնչում: Ձեր ղեկավարած հզոր կառուցը հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի անառիկությունը, մեր արժանապատվությունն ու հայ մնալու իրավունքը: Պարոն Նախարար, անգնահատելի են Ձեր ջանքերը, անսահման նվիրումը` մեր Բանակի մարտունակության բարձրացման, զարգացման, տեղ գտած թերությունների շտկման, շարունակական կատարելագործման ճանապարհին: Առո´ղջ եղեք ու երջանիկ: