ԳՆԱՃԸ ԿԼԱՆՈՒՄ Է


Թանկացումների ալիքը նորից է կլանել ծխախոտի շուկան: Եթե մինչև հիմա տուփը 10-20 դրամով էր թանկացել, ապա վերջին օրերին գները բարձրացել են նույնքան տոկոսով: Հետաքրքիր է, որ հատկապես ավելի լավ վաճառվող տեսակներն են առավել մեծ գնային թռիչքներ գործել: Տեղի ունեցածը ներկրողները հիմնավորում են դեռևս տարեսկզբին արձանագրված ակցիզային դրույքաչափերի փոփոխությամբ: Բայց անհասկանալի է, թե ցանկացած նման փոփոխության վայրկենապես արձագանքող մեր տնտեսվարողներն ինչու են այսքան ամիս հապաղել: Բայց նրանք վստահ են, որ ծխախոտի պահանջարկի վրա թանկացումը չի ազդի: Ավելին, հավանական է, որ առաջիկայում տեղական արտադրողները նույնպես հետևեն ներկրողների օրինակին: Ի վերջո կարևորը ոչ թե պատճառն է, այլ հետևանքը, ինչն էլ տվյալ դեպքում նոր գերշահույթների տեսքով է արտահայտվելու:

Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆ.