ԿԱԶԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ


Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը հանդես է եկել կազանյան հանդիպմանը նվիրված վերլուծությամբ, որն իր հարցադրումներով ինքնին հետաքրքիր է: Ըստ փորձագետի, շատ քաղաքագետներ Կազանում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը համարում են տապալված: «Այն իր արդյունքով իսկապես կտրուկ տարբերվում է Մայնդորֆում, Աստրախանում ու Սոչիում կայացած համանման գագաթնաժողովների արդյունքներից... Կազանի գագաթնաժողովից առաջ համաշխարհային դիվանագիտությունը, ապա նաև բազմաթիվ փորձագետներ կտրուկ բարձրացրեցին «ակնկալիքների նշաձողը»: Ռուս փորձագետը նշում է, որ «...արևմտյան լրատվամի ջոցներում նկատվեց այդ փաստաթղթի բովանդակության մասին «տեղեկատվական արտահոսք»: Դրա գլխավոր իմաստը հետևյալն է. Բաքուն ու Երևանը պետք է իրավական պարտավորված ձևով հայտարարեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումից հրաժարվելու մասին, իսկ Մադրիդյան սկզբունքները հանդիսանում են կարգավորման հիմնական սկզբունքները: Դրանից հետո Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ պետք է անցում կատարվի «Ճանապարհային քարտեզ»-ին: Տեխնոլոգիական տեսանկյունից պիտի կատարվեր հետևյալը. Երևանը վերադարձնում է Լեռնային Ղարաբաղին հարակից` Ֆիզուլու, Աղդամի, Ջեբրաիլի, Զանգելանի, Կուբաթլիի ու Քելբաջարի շրջանները, ինչպես նաև Լաչինի շրջանի 13 գյուղերը: Այդ տարածքների անվտանգությունն ապահովում են միջազգային խաղաղապահները, որոնց կազմը հստակեցվելու է հետագայում: Լաչինի շրջանը մնալու է որպես Հայաստանն ու Ղարաբաղը միմյանց կապող միջանցք: Ողջ ինտրիգը պտտվում էր Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի շուրջ: Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացվել է 2007 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից: 2010 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հայկական ու ադրբեջանական կողմերին արդեն ներկայացրին այսպես կոչված դրա նորացված տարբերակը: Դրանում ներառված են Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հստակեցումը, անվտանգության ու ինքնավարության երաշխիքները, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը և ամենագլխավորը` հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշումը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումների վերաբերյալ Ադրբեջանում բարդ պայքար է ընթանում: Դրա վառ օրինակը հանդիսացավ այն, որ Կազանի գագաթնաժողովի նախօրեին, երբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսեց Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նշմարվող հեռանկարների մասին, անմիջապես դրա հետ չհամաձայնեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն: Վերջինս ուղիղ հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը «մշտապես ձախողում» է հակամարտության շուրջ տարվող բանակցությունները` դրանով իսկ «անխուսափելի» դարձնելով խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Հայաստանի ղեկավարության գործողությունների ուղղվածությունը, Երևանի դիվանագիտական ռազմավարությունը չունի հատուկ գաղտնիքներ. եթե կարիք լինի մի շարք շրջաններ վերադարձնել Ադրբեջանին, ապա դա անհրաժեշտ է անել Ղարաբաղի կարգավիճակի փոխհատուցման դիմաց: Եթե դա չի ստացվում, ամեն դեպքում հայկական կողմը շահում է պատմական ժամանակ, քանի որ որքան երկար ժամանակ Ղարաբաղը գտնվի Ադրբեջանի պետական իրավասությունից դուրս, այնքան նա ավելի մեծ հնարավորություններ կստանա իր պետականության ձեռք բերման համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա այն իր էությամբ անտրամաբանական է: Եթե Բաքուն իսկապես իր վերջնական վճիռն է համարում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներին հավատարիմ մնալը, ապա պետք է հրապարակավ և փակ բանակցությունների ժամանակ մինչև վերջ մնա իր դիրքում: Մինչդեռ գործնականում Բաքուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես հիմք է ընդունում Մադրիդյան սկզբունքները, որոնցում գրված է Ղարաբաղի «միջանկյալ» և «վերջնական» կարգավիճակների սցենարների մասին: Դրա համար էլ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը լինելու է միայն որպես «Ադրբեջանի ինքնավար շրջան», հարց է առաջանում, թե կոնկրետ ո՞ւմ է հասցեագրված այդ կոչը: Եթե դա հասցեագրված է սեփական ժողովրդին, ապա անհրաժեշտ է պատմել բանակցային գործընթացի մասին ողջ ճշմարտությունը: Իսկ եթե խոսքն այդ գործընթացի գլխավոր «խաղացողներին» հասցեագրված «ազդանշանների» մասին է, ապա նրանց արձագանքն այդպիսին չէ, ինչպես որ ենթադրում են Բաքվում: Ընդհանուր առմամբ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող խորհրդավորության մշուշն առաջացնում է ոչ քիչ թվով խնդիրներ: Օրինակ, Կազանի գագաթնաժողովն ավարտվեց ձևական և շատ աղքատ բովանդակություն ունեցող փաստաթղթի ստորագրմամբ. «Պետության ղեկավարները հաստատել են մի շարք խնդիրների շուրջ փոխըմբռնման կայացումը, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների հավանության արժանացման համար պայմանների ստեղծմանը»: Տվյալ դեպքում միակ իմաստալից արտահայտությունը սա է. «հիմնարար սկզբունքների հավանության արժանացման համար պայմանների ստեղծումը»: Սակայն գագաթնաժողովի նախօրեին խաղաղության համաձայնագրին հասնելու համար ստեղծված բարենպաստ պայմանները, փոփոխած հանգամանքները մնում են խորհրդավոր: Գոյություն ունեն առանձին փաստեր, որոնք հնարավորություն են ընձեռում` ի հայտ բերելու ինտրիգի ուրվագծերը: Կազանի գագաթնաժողովի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելիորեն Երևանին ու Բաքվին առաջարկեց ԵԱՀԿ-ի շրջանակներից դուրս երկկողմանի բանակցություններ սկսել: Դրան հետևեց ԵԽԽՎ թուրք նախագահ (Էրդողանի կուսակից _ 1in.am) Մևլյութ Չավուշօղլուի տարօրինակ (ճիշտ է` հետագայում այն հերքվեց Հայաստանի արտգործնախարա րության կողմից) հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 3-5 շրջանի վերադարձի մասին: Իսկ ահա Վաշինգտոն կատարած այցի ժամանակ արտաքին քաղաքականության գծով Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Հարավային Կովկասում և հարևան այլ տարածաշրջաններում առկա հակամարտությունների կարգավորումը Թուրքիայի համար հանդիսանում է առաջնահերթ: Եվ` որ Անկարան հուսով է, թե Հարավային Կովկասում դիվանագիտական ակտիվությունը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին: Դրանով ստեղծվել է յուրօրինակ քաղաքական ֆոն. Թուրքիան ու Հայաստանը վերսկսել են գաղտնի բանակցությունները, և հենց որ Երևանը սկսի ազատել 3-5 շրջանները, Անկարան կսկսի վավերացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և այդ երկրի հետ իր սահմանի բացման մասին Ցյուրիխյան արձանագրությունները: Ի դեպ, հենց դա էր բխում ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի հետևյալ հայտարարությունից. «Վաշինգտոնը կտրականապես աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի մերձեցմանը և տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված մյուս ջանքերին»: Այդպիսով, եթե Բաքուն Կազանում Ղարաբաղի մասին խաղաղության համաձայնագիր ստորագրեր Հայաստանի հետ, ապա նա կհայտնվեր բարդ իրավիճակում. մի կողմից նա, վերադարձնելով շրջանների մի մասը, պետք է երաշխիքներ տրամադրեր Ղարաբաղում հանրաքվեի անցկացման մասին: Մյուս կողմից էլ պետք է հաշվի նստեր այն փաստի հետ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շնորհիվ Հայաստանը դուրս է գալիս շրջափակումից: Դրա համար էլ չպետք է զարմանալ, որ Իլհամ Ալիևը որոշեց շրջափակել այդ գործընթացը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ