1993¬ի նվաճում ՄԱՐՏԱԿԵՐՏԸ


Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ 1993- ը նշանավորվել է շրջադարձային ռազմական գործողություններով ու փայլուն հաղթանակներով: 18 տարի առաջ` հունիսի 27- 28-ին, շուրջ մեկ տարի շրջափակման մեջ գտնվելուց հետո, հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը: Ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող այս հաղթանակը հետագա հաջողությունների հոգեբանական նոր խթան ու ամուր հիմք դարձավ: Առաջնահերթ ու հրատապ էր ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծելու խնդիրը, որի լուծմանն ուղղված քայլերից էին Քելբաջարի ուղղությամբ իրականացվող ռազմագործողությունները: Սա կենսական նշանակություն ուներ նաև Հայաստանի հետ ցամաքային կապի երկրորդ ճանապարհի բացման առումով: Եվ ահա Քելբաջարում` ադրբեջանական զինուժի լաչին-քելբաջարյան խմբավորումը ջախջախելու փայլուն գործողությանն անմիջապես հաջորդեց Մարտակերտի ազատագրումը: Պաշտպանութ յան բանակի հրամանատարությունը դրան ձեռնամուխ եղավ ամռան սկզբից` ռազմական գործողություններ վարելով միաժամանակ մի քանի ուղղություններով: Շուտով հաջողվեց վերահսկողության տակ առնել կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքներ: Հունիսի 26-ին հակառակորդի օդային գրոհները նույնպես հաջողության չհասան: Մեր մարտիկներն իրենց հմտությամբ ու բարձր պատրաստվածությամբ կարողացան հաղթահարել նաև այդ փորձությունը: Մարտական գործողությունների գագաթնակետը դարձավ հունիսի 27- ը. Ղարաբաղյան ուժերին հաջողվեց վճռական հակահարվածով դուրս շպրտել թշնամուն և վերջնականապես ազատագրել Մարտակերտ քաղաքը: Յուրաքանչյուր պարտությունից ու ջախջախումից հետո Ադրբեջանում քաղաքական կրքեր են բորբոքվել: Հերթական ռազմագործողության տապալումը մեր հարևաններին կրկին նետել էր ներքաղաքական բախումների շրջապտույտը: Հակաիշխանական հզոր ցույցեր սկսվեցին. իրավիճակը ծայրահեղ սրվեց հատկապես հունիս-հուլիս ամիսներին, ինչն էլ նպաստավոր պայմաններ ստեղծեց մեզ համար: Այս անգամ հրահրողը Հեյդար Ալիևն էր, իսկ գործողությունների բուն իրականացնողը` Գյանջայի 709- րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գնդապետ Սուրիաթ Հուսեյնովը. - Մարտակերտի ազատագրումն, անշուշտ, պայմանավորված էր նաև մեր հակառակորդ պետությունում սկիզբ առած քաղաքական սուր պայքարով: Հեյդար Ալիևը իշխանության գալու նկրտումներով դիմեց Սուրիաթ Հուսեյնովի օգնությանը: Վերջինս այդ ժամանակ հրամանատար էր և կարելի է ասել` մեր գլխավոր հակառակորդը Հյուսիսային Արցախում: Շահումյանը նրա ենթակայության տակ էր: Նույնիսկ հերոսի կոչում էր ստացել: Շուշիի ազատագրումից հետո մեզանում ծայր առավ քաղաքական սուր պայքար, որի պտուղները դառն էին մեզ համար: Հակառակորդը, բնականաբար, օգտվելով իրավիճակից, կարողացավ վերցնել մեր Շահումյանը: Նույնը տեղի ունեցավ նաև նրանց մոտ: Ներքին քաղաքական ընդհարումներ սկսվեցին, ինչի արդյունքում կարողացանք ազատագրել Մարտակերտը,- այսպես է մեկնաբանում գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը: Նպաստավոր էին պայմանները, սակայն դրանից շատ ավելի զորեղ էր հայրենի հողի նկատմամբ հայ մարտիկի անսահման նվիրումն ու սերը` անհավասար այս մարտում… Մեծ է և այս հաղթանակի դերը` ոչ միայն ռազմաքաղաքական, այլև հետագայում Աղդամի կրակակետերը վնասազերծելու առումով: Իսկ Աղդամի վնասազերծումը Ստեփանակերտի վրա կախված մշտական վտանգի վերացման հիմքն էր: Ադրբեջանական ուժերը հերթական տապալումից հետո հարձակումներ սկսեցին Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի առանձին հատվածներում` բոլոր վայրերում հետ մղվելով և անհաջողության մատնվելով: Օգոստոսը ևս դարձավ հաղթանակների բարձրակետ: Հայկական ուժերը, արդար պահանջատիրությամբ ոտքի ելած, շարունակեցին հաղթական երթը` մեկը մյուսի հետևից ոչնչացնելով Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլիի, Ջաբրայիլի, Զանգելանի շրջաններում տեղակայված թշնամու ռազմահենակետերը և նախանշելով փառահեղ հաղթանակի ճանապարհը:

Հ. ԳՅՈԶԱԼՅԱՆ