«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ԵՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ»,- ասում է Ռուդոլֆ Խառատյանը


ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ ԽԱՌԱՏՅԱՆՆ ազգային բալետային արվեստի նշանավոր դեմքերից է: Արվեստագետ, ով 1970-80-ական թվականներին կատարում էր գլխավոր պարտիաները նշանավոր բալետներում, մասնակցում տարբեր թատրոնների բեմադրությունների, հանդես գալիս միջազգային ասպարեզներում: Տևական ժամանակ աշխատելով Վաշինգտոնում և Նյու-Յորքում` այս քաղաքներում ստեղծելով բալետային դպրոցներ, նա վերջին տարիներին ստանձնել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի պարտականությունները: Վերջերս հանդիսատեսի դատին հանձնեց համաշխարհային բալետային երաժշտության գլուխգործոցներից մեկի` Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետի» բեմադրությունը` այս բալետի բեմադրությունների պատմության մեջ գրանցելով նաև իր անունը: Նա նաև շնորհալի գեղանկարիչ է, ում գեղանկարչական աշխատանքները վերջերս ցուցադրվեցին «Ակադեմիա» ցուցասրահում: - Դուք Հայաստան էիք եկել` իրականություն դարձնելու Ձեր ծրագրերն ու բեմադրելու երկու բալետային ներկայացում: Ինչպե՞ս էին աշխատում Ձեզ հետ մեր բալետի արտիստները: Արդյո՞ք նրանք ընդունում էին այն նորարարությունը և աշխատանքային սկզբունքները, որոնք Դուք էիք առաջարկում: - Սկզբում, իհարկե, մի փոքր դժվար էր, որովհետև մեր արտիստները դժգոհում էին արտաժամյա փորձերից, նրանք այդ փորձերի համար հավելավճար էին պահանջում: Ես ըմբռնումով էի վերաբերվում նրանց այդ պահանջին, որովհետև մեր բալետի արտիստների աշխատավարձերը չափազանց ցածր են, իսկ ամբողջ աշխարհում ամենաբարձր վարձատրվողները հենց բալետի պարողներն են: Արտաժամյա աշխատանքը ևս պետք է վարձատրվի, սակայն մեզանում դեռևս այդ ամենի պայմանները չեն ստեղծված: Բայց բեմադրական աշխատանքներն իրականացնելու ժամանակ բոլորը մոռացան այս խոսակցությունների մասին, որովհետև նոր շարժուձևն ու փիլիսոփա յական մտածելակերպը, այսպես կոչված ավանգարդիստական բալետը, որը փշրում-ավերում է շատ կարծրատիպեր, հետաքրքրեցին մեր արտիստներին... - Ձեր դպրոցն այսօր մեծ պահանջարկ ունի ողջ աշխարհում. Դուք պահանջված պարուսույց եք, բալետմայստեր և մանկավարժ, իսկ որո՞նք են դասավանդ ման մեթոդաբանական այն նորույթները, որոնք սերտակցված են արդի համաշխարհային բալետին: - Մինչև Հայաստանից հեռանալը, տասը տարի ուսումնասիրել եմ արևելյան մարզաձևը, որպեսզի պարզեմ, թե էներգիան որտեղից է գալիս և ուր է գնում, ո՞ր մկանը ե՞րբ է աշխատում: Այսինքն, կարողացա բացահայտել բալետային շարժումների գաղտնիքները, որոնք էլ հետագայում դրվեցին դասավանդման իմ մեթոդաբանության մեջ: Բալետի հիմքում ընկած դասական շարժումները հազարավոր տարիների պատմություն ունեն, դրանք օգտագործվել են դեռևս հին Եգիպտոսում և Հունաստանում` Աստծո հետ հաղորդակցվելու համար: Այդ շարժումների միջոցով ուղղահայաց կապ ես հաստատում տիեզերքի հետ, և եթե պարողը կարողանում է հորիզոնական առօրյային համընթաց կերտել նաև ուղղահայացը, ապա ստացվում է այն, ինչը կոչում ենք արվեստ: Տվյալ դեպքում` պարային արվեստ: Պարը որքան կենցաղային, նույնքան էլ բանաստեղծական և միստիկական իրողություն է, որը կապակցվում է տիեզերքի և մարդու ներաշխարհին, նրա ֆիզիկական և մտային կարողություններին: Երկար ժամանակ շատերն են պնդել, որ պարը ծիսական տարրեր է պարունակում, սակայն ոչ ոք չի կամեցել խորանալ ծիսականի ծագման և դրա բացատրության մեջ: Ծեսը զրույց է Աստծո հետ, երկնքի հետ, որը մեզ հսկում է, թելադրում և հուշում: - Վերջերս բեմադրեցիք Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետը», մի բալետ, որն իր երաժշտական դրամատուրգիայով անչափ բարդ է: Ի՞նչն էր Ձեզ մղել դեպի այս ստեղծագործությունը, որը, կարծես թե, սպառել է իր գաղափարական բոլոր մեկնությունները: - Դասականները երբեք չեն հնանում, երբեք չեն կարող սպառված համարվել: Շեքսպիրյան նշանավոր ողբերգության հիման վրա ստեղծված այս բալետը մարդկային կրքերի ու զգացմունքների մասին է, մեծ սիրո մասին է: Իսկ սերը հավերժական է, ուստի ինչպես էլ մեկնաբանես` այն արդիական է, չսպառված: Ես ձգտեցի ստեղծել առնական մարդկանց մասին պատմություն, ցույց տալ Վերածնունդն իր կրքերով, հույզերով, իր ուժով: Այդ պատճառով էլ հատկապես մեծ ուշադրություն դարձրեցի երկրորդ գործողությանը, ուր սիրո բռնկումն է և ողբերգության ձևավորումը: Այս բեմադրությամբ ես նաև կամենում եմ մերօրյա երիտասարդությանը վերադարձնել դեպի ռոմանտիզ մը, դեպի սիրո բանաստեղծական ընկալումը: Մի տեսակ ամեն ինչ հասարակացել ու կենցաղայնացել է մեզանում. զգացմունքները դարձել են անկարևոր, ամեն ինչում բնավորվել է անբացատրելի կոմֆորմիզմը: Մինչդեռ ուզում եմ, որ մենք կարողանանք սիրել ասպետաբար և ասպետաբար էլ պայքարենք մեր սիրո համար, իհարկե, դուրս չգալով մեր ժամանակների սահմաններից: - Այսօր շատերը մեկնում են արտասահմանյան երկրներ` ապահով կյանք և հաջողություններ գտնելու ակնկալիքով: Արդյո՞ք այսօր արտասահմանում բալետի վիճակն այնքան անթերի է, որ գայթակղում է շատերին: - Երբ շրջում ես հանրահայտ բալետային դպրոցներով, դասավանդում ես արտասահմանում և տեսնում ես, որ Հայաստանի անունը ոչ ոք չի հիշատակում` սրտի մեծ ցավ ես զգում: Մենք ունենք ընդամենը մեկ «Գայանե», որը հայտնի է շատերին, բայց որով այսօր արդեն չես կարող ներկայանալ աշխարհին` ցույց տալու համար մեր բալետային դպրոցի հարստությունները: Իհարկե, բեմադրությունը շատ գեղեցիկ ձևավորում ունի, բայց տեխնիկապես չափազանց թույլ է: Այդ պատճառով էլ Հայաստանին պետք են նոր պահանջներով առաջնորդվող բեմադրություններ, քանի որ, մենք աշխարհին միայն մշակույթով կարող ենք ներկայանալ, զարմացնել: Բայց, իրականում, խոշոր երկրներում էլ կան տարբեր բնույթի խնդիրներ: Օրինակ, ԱՄՆ-ում ամեն ինչ կառուցված է սթրեսի վրա, մարդիկ ամբողջապես կախված են աշխատանքից, և եթե չեն ուզում զրկվել դրանից` 24 ժամ պետք է աշխատեն: Այնտեղ շատ մեծ է նաև մրցակցությունը, ամեն մի տեղի համար հազարավոր մարդիկ են պայքարում, իսկ հաջողության հասնելու համար`պետք են գիտելիք, էներգիա, համբերություն և կամքի ուժ: Հայաստանում գոնե գոյություն ունի պետական ֆինանսավորում, իսկ արտասահմանում ամեն ինչ արվեստագետների ուսերին է դրված: Այնտեղ գնահատում են տանջալից աշխատանքը, իսկ եթե նման մտածելակերպը մեզանում էլ արմատավորվի` մենք որևէ մեկից հետ չենք մնա, որովհետև Հայաստանում կան շատ տաղանդավոր պարողներ, պարզապես դպրոցն է հնացած, դասավանդման սկզբունքներն են չափազանց հին: - Ի՞նչ կուզենաք ասել մեր թերթի ընթերցողներին: - Նախ, ուզում եմ ասել, որ չդավաճանեն թերթին, միշտ հավատարիմ մնան, որովհետև «Ավանգարդը» լավ թերթ է: Այն այսօր լրիվ երիտասարդացել է, նորացել, դարձել ժամանակակից թերթ: Կուզենամ, որ ընթերցողները նաև արվեստասեր լինեն: Արվեստի գերող ուժը չափազանց մեծ է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ