ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ


Հազիվ թե գտնվի Հայաստանում ապրող որևէ մեկը, ով կարողանա հիշել, թե երբևէ մեզանում ինչ-որ մեկը վիրավորած լինի մարդուն` նրա հրեական ծագման համար, կամ էլ մշակութային այս կամ այն մրցույթի ու փառատոնի ընթացքում առաջնորդվի մասնակցի ազգային պատկանելությամբ` այն ծաղրելով և քամահրանք արտահայտելով: Սակայն պարզվում է, որ դեռ կան մարդիկ, առավել ևս` արվեստագետներ, ովքեր հանուն իրենց «մութ գործերի» պատրաստ են ոչ միայն տրորել երիտասարդ տաղանդներին, այլև հրապարակավ վիրավորել նրանց, ծաղրել, նվաստացնել: Հենց այսպիսի կեցվածք էր որդեգրել Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, ազգությամբ հրեա Մարկ Գորենշտեյնը` Պ. Ի. Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի փորձերից մեկի ժամանակ նվաստացնելով Հայաստանը ներկայացնող` մոսկվաբնակ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանին, ով մրցույթում արդեն դարձել է ֆավորիտ և վիճարկում է հաղթողի մրցանակը: Փորձի ժամանակ, որը ձայնագրել ու հեռարձակվել է եթեր` սույն դիրիժորը նվագախմբի արտիստներին ասել է. - Խրատ առաջին. թող ձեզ չմտահոգի, թե ինչ է նվագում այս «տաղանդը»: Ձեր գործը նվագելն է այն, ինչը գրված է այնտեղ և միայն ինձ հետ` ուշադրություն չդարձնելով սրա վրա: Դա (նկատի ունենալով Հախնազարյանին _ Լ.Մ.) ձեզ թող ընդհանրապես չանհանգստացնի, այս աուլը, որը այստեղ մատուցվում է մեզ, Նիշիմոտոյի զարմիկն է, ես դրա միջով արդեն անցել եմ... Այո, խնդրում եմ նվագել ինձ հետ: Դա թող ընդհանրապես ձեզ հետ կապ չունենա: Սա` առաջին խրատը: Երկրորդ խրատը. դուք շատ բարձր եք նվագում: Մի մոռացեք, սա Դվորժակ է: Դուք ուղղակի մոռացել եք, որ սա տրոմբոն չէ: Ինչ էլ որ նա այստեղ նվագի` դուք պետք է ավելի ցածր նվագեք, քան նա է նվագում… Նման նվաստացում, ռասիզմի նման դրսևորում, հավանաբար, շատ վաղուց տեղի չէր ունեցել: Եվ ամոթալին այն է, որ այս սկանդալային պատմությունը գրանցվել է մի մրցույթի ժամանակ, որի նպատակն է երաժշտության միջոցով տարածել մարդասիրության գաղափարները: Իհարկե, մրցույթի հանձնաժողովն անմիջապես արձագանքել է կատարվածին և տարածել հայտարարություն, որում ասված է. - Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի կազմկոմիտեն վիրավորական է համարում մրցույթի մասնակից Նարեկ Հախնազարյանի հասցեին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնի արտահայտած մտքերը: Մենք կարծում ենք, որ մարդու արժանապատ վությունը նսեմացնող բառերը քայքայում են ստեղծագործական մթնոլորտը, որի ձևավորման համար մենք մեծ ջանքեր ենք գործադրում: Չայկովսկու մրցույթը կոչված է աջակցություն ցուցաբերել երիտասարդ երաժիշտներին, ու դա մրցույթի կազմակերպիչներից ու մասնակիցներից յուրաքանչյուրին պարտավորեցնում է անկեղծ հարգանք և ուշադրություն ցուցաբերել տաղանդավոր երիտասարդությանը : Սակայն հազիվ թե նման վերաբերմունքն ու արված հայտարարությունը կարողանան փոխհատուցել երիտասարդ տաղանդավոր արվեստագետի կրած բարոյական վնասը: Այսօր արդեն ռուսական մի շարք լրատվամիջոցներում հայտնվել են գնահատականներ, իսկ որոշ լրագրողներ էլ պնդում են, որ Մարկ Գրենշտեյնն ամեն կերպ կամենում է խոչընդոտել Նարեկ Հախնազարյանի ելույթը: Անգամ խոսվում է, որ սույն դիրիժորը պայմանավորվածություններ ունի ոմանց հետ` Հախնազարյանին դուրս թողնել հետագա մրցույթից և հաղթողի դափնին բաժին հանել մի երիտասարդի, ով իր մասնագիտական պատրաստվածությամբ չափազանց հետ է մնում Հայաստանը ներկայացնող երաժշտից: Այս ամենի մեջ երևակվում է նաև միջազգային մրցույթների վարկաբեկման միտումը, երբ որոշ իբր երաժիշտներ ոչ միայն սեփականաշնորհել են մրցույթները, այլև այնտեղ հաստատել անբարո մթնոլորտ` այսպես արվեստի մրցույթը զրկելով իր ազնվությունից և օբյեկտիվությունից: Առավել վիրավորական է այն, որ այս ամենն արվում է ազգային ինքնությունը վիրավորելով: Եթե հատկապես Ռուսաստանում վաղուց արդեն կովկասյան ծագում ունեցող տարբեր ազգերի ներկայացուցիչ ներին ներկայացնում են վիրավորական «կովկասյան դեմքով ազգություն» մակդիրով, եթե պղծվում են հայկական գերեզմանները, ապա կատարվածն այս հոգեբանության շարունակությունն է: Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի հետայսու ազգամիջյան հարաբերություններում արմատավորվի փոխադարձ հարգանքը, իսկ հատկապես միջազգային մրցույթներում լինեն կոռեկտ, հարգեն յուրաքանչյուր մասնակցի ազգային պատկանելությունն ու զերծ մնան ռասիզմի տարրերի կիրառումներից: Այս պատմությունն ավարտվեց նրանով, որ դիրիժորը հաջորդ օրը ներողություն խնդրեց հայ երիտասարդից` այս ներողության մեջ դարձյալ ինչ-որ սեթևեթանքներ թաքցնելով: Այսօր հայտնի է դարձել, որ նա այլևս չի մասնակցում թավջութակահարների մրցույթին, սակայն մի՞թե դրանով ավարտվում են այն անբարո գործողությունները և հայերի նկատմամբ ձևավորվող այն վերաբերմունքը, որոնք իրենց զգացնել են տալիս ամենուրեք, մասնավորաբար` Ռուսաստանում...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ