Օրանգուտանգի պատսպարանում


Սիրազեղ Սուրիյան այնքան ծայրահեղ գորովանք է տածում իր «հոգեզավակ» Ռոսկո շան հանդեպ, որ վերջինս արդեն վախենում է խեղդամահ լինել խնամատարի գրկում: Կենդանիները ծանոթացել են ամերիկյան Հյուսիսային Կառոլինա նահանգի Ջորջթաունի ապաստանում` չորս տարի առաջ: Այն ժամանակ սաստիկ լղար շնիկին գտել էին կենդանիների պատսպարանի շրջակայքում: Իր նոր տանը հենց առաջին պահից նա օրանգուտանի սիրելին է դարձել: Աշխատակիցներին անգամ զարմացրել է Սուրիյայի ջերմ վերաբերմունքը. նա ոչ մի րոպե գրկից չի իջեցրել շնիկին, փորձել է նրան կերակրել բանաններով: Ռոսկոն, իհարկե, փոքր¬ինչ հոգնել է նրա հոգատարությունից, և մերթընդմերթ ստիպված են եղել այս երկու կենդանիներին մեկուսացնել իրարից: Սակայն կապիկը խիստ վշտացել է` իր վարքագծով ստիպելով իր մոտ վերադարձնել Ռոսկոյին: Շունը ևս հարազատի ջերմությամբ է կապվել Սուրիյային` թեև երբեմն կամակոր դժգոհության նշաններ է ցույց տալիս: