ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ


Վրա հասավ այն օրը, որի ընծայելիք աննախադեպ փողատարափի մասին արդեն դժվար է հիշել, թե երբվանից, բայց ամեն ժամ ու րոպե Պետեկամուտների կոմիտեի գովազդից մեզ հիշեցնում էր Հրանտ Թոխատյանը: Ընդ որում` այնպես ու այնքան, որ ոչ մի հեռավոր գյուղում ու հյուղակում, որտեղ թեկուզ մի քանի մարդ է բնակվում, ու գեթ մեկ հեռուստացույց գոյություն ունի, չի գտնվի որևէ շնչավոր արարած, որ ՀԴՄ-ների վիճակահանության ու եռամսյակային պարգևավճարների մասին տեղյակ չլինի: Ավելին, Հրանտի ներկայացրած աղյուսակը մարդիկ գուցեև շատ շուտով բազմապատկման-բաժանման դպրոցական աղյուսակից ավելի լավ սերտեն: Ու հետո երևի երկար կմտաբերեն, թե 50 չշահած (բնականաբար չշահած) կտրոններ մի երեք ամիս խնամքով պահպանելուց, իսկ այսօրվանից` մի որևէ հարկային տեսչություն, ապա ինչ-որ բանկ տանելուց ու չգիտես ինչքան գնալ-գալով` իրենք քանի՞ դրամի պարգևավճարի են արժանանալու: Իսկ մինչ այդ, եթե Պետեկամուտների կոմիտեն պետության փողերը ոչ թե կատաղի գովազդային արշավի, այլ պարգևավճարների խորհրդանշական չափերը մի քիչ խելքին մոտ դարձնելու ուղղությամբ մտածեր, միգուցե կտրոնախաղի հանդեպ հետաքրքրությունը ավելի մեծ լիներ: Ի վերջո, ամենալավ տեղեկատվությունից է°լ ավելի օգտակար է շոշափելի շահումը: Չնայած լավ սկզբին, ստվերից լույս տանող ճանապարհն այդպես էլ կարծես կիսախավարում է մնում, և անսպասելիորեն ճգնաժամի ճիրաններում հայտնված հայրենի տնտեսությանը կտրոններն ու հարկային մուտքերի ակնկալվող աճն այդպես էլ նախատեսված օգուտը չբերեցին: Բայցևայնպես, այստեղ միակ «մեղավորը» ճգնաժամը չէ. փորձենք հիշել, թե վերջին անգամ ե՞րբ է խոսվել կտրոն տրամադրելուց հրաժարված ու տուգանված տնտեսվարող(ներ)ի մասին… Եվ պարզ է, թե ինչու` մյուսների «աչքը չվախեցնելու» նպատակով: Փորձենք հաշվել, թե քանի՞ խանութ սպասարկման օբյեկտ է այսօր սիրահոժար կերպով կտրոն տրամադրում… Ինչպես ժողովուրդն է ասում` «մեկ ու մեջ»: Ու սա էլ հենց երկրորդական է դարձնում ամենակարևորը` շարքային քաղաքացու վստահությունը` սկսած կտրոնի պարգևելիքից, վերջացրած հարկային թափանցիկ շրջանառությամբ շահագրգիռ օղակներ: Այնպես է ստացվել, որ դեռ ընդամենը վերջերս պետական պաշտոնյա Ալբերտ Երիցյանի շուրջօրյա խանութների ցանցում ՀԴՄ կտրոն տրամադրում են միայն օրվա առաջին կեսին: Օրվա մայրամուտն այստեղ առևտրային ստվերին է ձուլվում, և երեկոյան կամ գիշերային ժամերին ՀԴՄ կտրոնը չքանում է արևի շողերի հետ: Այս և մյուս կիսա «պարտաճանաչների» մեկումեջ վերաբերմունքի արդյունքում էլ ստեղծվում է մի իրավիճակ, որն ավելի դիպուկ, քան հայկական տարբերակ` դժվար է բնորոշել: Միայն այն փաստը, որ սկսած տարեսկզբից խոստացվող ամենախոշոր հինգ միլիոն դրամանոց կտրոնային շահումը դեռևս որևէ մեկին առաջին բախտավորը դարձնելու «պատվին» չի արժանացրել, թերևս ամեն ինչ ասում է: Իսկ դիցուք անցյալ ամսվա ընթացքում Պետեկամուտների կոմիտեի կողմից ՀԴՄ կտրոնների դիմաց խոստացված շահումները կազմել են ընդամենը 2 միլիոն 200 հազար դրամ… Այսքանն էլ բավարար է` հասկանալու համար, թե ինչու հանկարծ մեջտեղ եկավ պարգևավճարների թեման: Ընդ որում, «խաղադրույքը» կամ, ինչպես Հրանտն է ասում, շահումը պահպանվելու է, պարգևավճարն էլ` վերադիր: Բայց… դարձյալ` բազմաթիվ «բայցերի» «մասնակցությամբ» ու «միջամտությամբ»: Փոքր-ինչ նորմալ, դիցուք` 12 հազար դրամ պարգևին արժանանալու համար քաղաքացին ավելի անընկալելի է դառնում… մեր ժամանակների պարագայում ֆանտաստիկ ծախսեր պետք է արած լինի, որպեսզի դրանց հանրագումարն էլ հասնի և անցնի 400 հազար դրամի սահմանագիծը: Իսկ ի՞նչ «պարգևավճար» է հասնելու 101.000-199.000 դրամի կտրոն հայթայթածներին (նույնը` 201.000-299.000-ին և այդպես շարունակ): Այն, որ ինչպես նշեցինք, տնտեսվարողների միայն մի մասն է կտրոն տրամադրում, սա էլ հարցի երկրորդ, բայց ոչ երկրորդական կողմը համարենք: Բայց խնդիրն այն է, որ նման «շրջանառություն» այն ընտանիքներն ունեն, որոնց ոչ ՀԴՄ կտրոնների ընծայելիք գումարներն են պետք, ոչ էլ, բնականաբար, կտրոնը: Իսկ թե ում համար է հնչում Պետեկամուտների կոմիտեի գովազդը, այսքանից հետո թերևս ավելի անընկալելի է դառնում…