ԻԲՐ ԹԵ` ՀԱՆՈՒՆ բայց ո՞ր հայրենիքի ու ո՞ր ժողովրդի


Երբևէ կարո՞ղ է պատահել, որ մարդն իր հաջողությունից դժգոհ մնա: Փաստորեն` այո: Եվ տվյալ դեպքում անակնկալը չէ, որ շփոթեցրել է անսպասելիորեն ազատության մեջ հայտնված ՀԱԿ ակտիվիստներին: Վերջիններս դժգոհ են թե° համաներումից և թե°, կարելի է կարծել, ամեն ինչից: Իսկ Նիկոլ Փաշինյանի` ընդհատակը բանտով փոխարինելու մասին նույնքան անսպասելի հայտարարությունը լավագույնս է ամբողջացնում համաներում ստացածների անբավարարվածությունը և հարակից շրջանակներից հնչող արձագանքները: Նկատենք` համաներվածներից ոչ մեկը չհրաժարվեց ազատությունից, սակայն իրենց պարտքը համարեցին, նաև չգոհացողի կեցվածք ընդունել: Իհարկե, սա այն դեպքը չէ, երբ արժե խոսել կալանավորների հասարակական ադապտացիայի, ծանր հոգեկան ապրումների լիարժեք վերականգնման ու այլևայլ նմանատիպ հարցերի մասին: Վերջիններս ոչ միայն լրատվական շրջափակման մեջ չեն եղել, այլ թեկուզ հեռակա կարգով, բայց գաղափարակիցներին չզիջող ակտիվությամբ մասնակցել են համաներմանը նախորդող շրջանի իրադարձություններին: Ասենք, Երևանի ավագանու ընտրություններում միակամ պաշտպանել են ՀԱԿ-ին, անարգել հարցազրույցներ են տվել լրատվամիջոցներին և այլն: Իսկ եթե փորձենք հասկանալ, թե հիմա ինչը հանգիստ չի տալիս վերջիններիս, ապա իշխանության հասցեին հնչող կտրուկ և կոշտ գնահատականներից կարելի է զտել հետևյալ քիչ թե շատ առարկայական պահանջը` կալանավայրում մնացածներին անհապաղ ներում շնորհելու չիրականացած ցանկության առաջացրած ցասումը: Իհարկե, դեռ դպրոցական նստարանից բոլորս էլ լավ ենք ըմբռնել, թե մարդկային ինչպիսի բարձր արժեք է ընկերասիրությունը: Սակայն անցնող օրերը հարմար առիթ դարձան` հասկանալու, որ անկախ ամեն ինչից` համաներումը «հարաբերական» հասկացություն է: Այսպես, նույն կոնգրեսականները որքան էլ ակտիվորեն շրջանառեն մինչև վերջին կալանավորին օր առաջ ազատություն շնորհելու պահանջը, այնուամենայնիվ, մի շարք կարևորագույն հարցեր նրանք կամ չեն նկատում, կամ էլ չեն ցանկանում կարևորել: Այսպես, ինչպես բոլոր ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրությունները նույնպես ՀԱԿ-ը նորանկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ քվեարկությունը որակեց: Բոլոր ատյաններում և օրենքի տառից ելնելով` քվեարկության արդյունքները վիճարկելու նախընտրական իր պահանջ-խոստումներն համաներում ստացածների բողոքներով փոխանակեց: Մի՞թե հաջորդ ընտրություններից ՀԱԿ-ը նույնքան դժգոհ չի մնալու և երաշխիքներ ունի դրանց կատարյալ, առավել ևս` իրեն ձեռնտու ընթացքի համար: Եվ ինչո՞ւ է հաջորդելիք ընտրական գործընթացների տնօրինումը Կոնգրեսը պահանջատիրոջ կեցվածքով միայն «Ժառանգություն» խմբակցության տնօրինմանը թողնում: Ավելին, գոնե իրենք (իրենց ընդդիմություն հռչակած բոլոր ուժերը) կարո՞ղ են հիշել իրենց դժգոհեցնող օրենքի բարեփոխման որևէ ձեռնարկում կամ նոր օրինագիծ, որը փորձել են թեկուզ նույն «Ժառանգության» միջոցով օրենսդիր մարմնին ներկայացնել: Թեև սահմանափակվել չարժե նաև Ընտրական օրենսգիրքը կատարելա գործելով: Եվ եթե «Ժառանգություն» խմբակցությունն այս օրերին նշված օրենսգիրքը բարեփոխող միանգամից 54 առաջարկություն է պատրաստվում ներկայացնել, ապա այդպիսիք որքան էլ կատարելագործեն օրենսդրությունը, միևնույն է, դեռևս չի մոռացվել, որ հենց այս կուսակցության ներկայացուցիչը Մալաթիա թաղամասում հանձնաժողով ներում ունեցած տեղերն առուծախի առարկա դարձնելով` հասունացրեց մայիսերեսունմեկյան պատուհասը. Ասել է թե` օրենքը սոսկ ձևակերպված տեսք չպետք է լինի: Առավել ևս օրենսդրի ներկայացուցիչ քաղուժի ու նրա վստահյալների համար: Բայց եթե խոսքն ընդդիմության մասին է, ապա միայն «Ժառանգությանը» մեղադրել և միայն «Ժառանգությունից» պահանջելն էլ ճիշտ չէ: Նախորդ շաբաթվա եվրոպական հերոս դարձած Զ. Փոստանջյանը չէ նույնիսկ իր արարքով բացառիկն ու միակը: Ինչպես ասում են` կեղտոտ լվացքը եվրոպաներ են պատրաստվում հասցնել ազատություն ստացած արմատականները նույնպես, և այս օրերին հնչող սպառնալիքները դժվար է անտեսել: Տարբերությունը միայն վերջիններիս կարգավիճակի շրջանակում է, երբ մի դեպքում խոսքը պատգամավորի, մյուս դեպքերում` շարքային հեղափոխականների մասին է: Եվ ամենամեծ զավեշտն այն է, որ նույնիսկ մեր երկրի դեմ պատժամիջոցներ պահանջող քաղուժերը հայրենիքի ու ժողովրդի «շահերից» են խոսում: Երանի նրանց, ովքեր ստույգ գիտեն, թե ո՞ր հայրենիքն ու ո՞ր ժողովուրդն է այդպիսիների հոգածության առարկան:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ