Հա՞ որ...


500 միլիոն դոլարանոց ռուսական վարկը վերջապես տեղ հասավ: Տնտեսական ճգնաժամի պայմաններում նշված գումարի տեղաբաշխումն իհարկե դժվարալուծելի խնդիր է դառնալու գործադիրի համար: Այս շրջանում հավելյալ նյութական աջակցության կարիք ունեցող ձեռնարկությունների թիվն այնքան մեծ է, որ թերևս ավելի հեշտ կլինի թվարկելը, թե ովքե՞ր են շրջանցել ճգնաժամն ու գոնե այս շրջանում ֆինանսական աջակցության կարիք չունեն: Թեպետ խոստովանենք, որ այդպիսիք հազիվ թե գտնվեն: Եվ մինչ ռուսական վարկն իր հայաստանյան հասցեատերերին կհասնի, փողերն է°լ ավելի արդարաբար (՞) բաշխելու վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվություն է ստացվում` այս ամենից բազմակի շահույթ (ընդ որում` ոչ միայն նյութական) ակնկալող ռուսական աղբյուրներից: Այսպես, ըստ որոշ պնդումների` վարկատուն նշված 500 միլիոնից միայն 350-նն է նախատեսում Հայաստանի կառավարության տնօրինությանը թողնել և մյուս 150 միլիոնը ծրագրում է բաշխել ռուսական համարվող «ՀայՌուսագա զարդ», «Հայկական էլցանցեր», «Հայկական երկաթուղի» և «Արմենալ» ձեռնարկությունների միջև: Իհարկե, մի քանի կազմակերպություններ, որոնց բոլորի անունները պարտադիր էլ չէ նշել, բայց հո լավ գիտենք, որ նույնպես ճգնաժամից համեմատաբար քիչ կամ գրեթե չեն տուժել: Այդուհանդերձ, ստացվում է, որ մեծ դժվարությամբ մեր կառավարությանը հասած ու ապագայում մի կերպ վերադարձվելիք գումարներից մի հսկա մասնաբաժին անպայման պետք է հյուսիսից կառավարվող կազմակերպությունների՞ն հատկացվեր: Տեսնես ի՞նչն է խանգարել վարկատուներին` մի փոքր ավելի ազնիվ գտնվելու և դեռ էն գլխից այս մասին հայտարարելու համար: Միգուցե հայրենի կառավարությունն այս պարագայում բոլորովին այլ հետևություններ աներ և ռուսական կազմակերպություններին հատկացվելիք մասնաբաժնի նկատմամբ իր ունեցած ծրագրերից ավելի վա՞ղ հրաժարվեր: Ի վերջո, եթե նշված կառույցները ֆինանսների կարիք այդքան շատ ունեին, ավելի ուղիղ ճանապարհ կարելի էր ընտրել` հատկացվելիքը պարզապես ներդրման տեսքով Հայաստան հասցնելու: ՀԱՅ Ազգային Կոնգրեսի ու Երևանի քաղաքապետարանի հարաբերություններում պահպանվող կայունությունն արդեն զարմացնում է: Խոսքն այս դեպքում ՀԱԿ-ի կողմից ավագանու ընտրությունների կարևոր ձեռքբերումից անսպասելիորեն հրաժարվելու մասին չէ: Վաղն, ինչպես հայտնի է, Մատենադարանին հարող տարածքում Կոնգրեսն իր հերթական հանրահավաքն է հրավիրել: Ինչպես միշտ, զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին ընդդիմության իրազեկումը քաղաքապատերանն ի գիտություն է ընդունել և ինչպես միշտ արգելել հաջորդելիք երթի անցկացումը: Արմատականների հավաքն էլ, քայլարշավն էլ, իհարկե, կայանալու են, բայց սույն քաղաքական միջոցառման երկրորդ հատվածում դարձյալ անելանելի վիճակում է հայտնվելու ոստիկանությունը: Նրանք չարտոնված, բայց կայանալիք երթի ողջ ընթացքում ստիպված են լինելու ուղեկցել միտինգավորներին` սովորականի նման չկողմնորոշվելով` քաղաքապետարանի որոշմա՞մբ, թե՞ հանրահավաքի կազմակերպիչների երաշխիքներով առաջնորդվեն: ԹՎՈՒՄ էր, թե ժամանակները, երբ կուսակցությունները ճագարներից առագ են բազմանում, անվերադարձ անցել են: Վերջին շրջանում, սակայն, կուսակցաշինության գործընթացը մեզանում նոր թափ է սկսել հավաքել. իրենց ծննդյան մասին նորանոր քաղաքական խմբավորումներ են ազդարարում և ավելի հաճախ այսքանով էլ բավարարվում: Թե ինչ ճակատագիր կվիճակվի նորահայտ Արմենական Ռամկավար Ազատական կուսակցությանը, ապագայում միայն կերևա: Առավել հետաքրքական է, որ նորահայտ գոյությունը լրջորեն անհանգստացրել է մինչ այդ կրավորականության մարմնացում հանդիսացող ՀՌԱԿ-ին ու վերջինիս ղեկավարությունը ներկայումս առավել քան երբևէ ակտիվացել ու ոգևորությամբ քննադատում է իր գրեթե նույնանուն նմանակին: Մի՞թե հնարավոր մրցակցության վտանգն է այսչափ անհանգստացրել ավանդական ռամկավարներին… Գուցեև, բայց հենց դա էլ կարող է վերջիններիս արթնացնել ավանդական թմբիրից: Այլապես ՀՌԱԿ-ն արդեն մոռացության էր մատնվել, ու դժվար էր հասկանալը, թե այս քաղաքական ուժը կա՞, թե՞ շատերի նման քաղաքական թոշակառուների շարքերն է համալրել: Այնպես որ, ճիշտ էլ ասում են` չկա չարիք առանց բարիքի` ինչքան էլ դժվար լինի պատկերացնելը, թե կուսակցություններից մեր հասարակությունը ինչպիսի «բարիքներ» է տեսել: