ՀԱՐԵՎԱՆԻԴ, ԱՎԱՂ, ԻՆՔԴ ՉԵՍ ԸՆՏՐՈՒՄ


Հայաստանն իր 4 հարևաններից մեկի հետ այսօր փորձում է հարաբերությունները նորմալացնել, մյուսի հետ` հակամարտության լուծում գտնել: Իրանի բարի կամեցողութ յունը մեր անկախացումից ի վեր մեկ անգամ չէ, որ գործնականում ապացուցվել է: Իսկ հատկապես խորհրդային տարիներից բառակապակցության վերածված հայ-վրացական եղբայրության մասին խոսելիս կամա, թե ակամա մեզանից շատերի մտապատկերում հառնում է ոչ հեռավոր 1988-ը, երբ Հայաստանին պատուհասած, հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժից հետո օգնության շտապեցին նաև Վրաստանից. օգնությունն, իրոք, ինքնաբուխ էր ու առանց շահադիտական ակնկալիքների, թեև ավելի ուշ, Վրաստանով մարդասիրական օգնությունը Հայաստան բերող վագոնները հաճախ թալանված էին տեղ հասնում: Մեծ ու հզոր կայսրության փլուզումից հետո եղբայրական համարվող Հայաստանի ու Վրաստանի ճանապարհները կտրուկ տարբերվեցին, և այսօր էլ միմյանց հակասում են նրանց շահերը: Սակայն արագ փոփոխվող այս աշխարհում փորձում են երկխոսության եզրեր գտնել նույնիսկ իրենցից աշխարհաքաղաքական տարբեր բևեռներ ներկայացնող գերպետությունները: Անցած շաբաթ մեր երկրի Նախագահի հրավերով Երևանում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Թվում էր` այս այցը երկու երկրների միջև առկա տարաձայնությունների, կնճռոտ խնդիրների վերացման սկիզբ կդառնա: Սահակաշվիլին, ինչպես Երևան այցելած այլ երկրների ղեկավարներ, նույնիսկ ծաղիկներ դրեց Եղեռնի զոհերի հուշահամալիրում, և ջրեց նախորդ այցի ժամանակ իր իսկ տնկած եղևնին: Բայց… Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Դա դիվանագիտություն է. պաշտոնական Թբիլիսին չի ցանկանում «վատամարդ» երևալ Թուրքիայի և Ադրբեջանի աչքում և Ցեղասպանության չճանաչելով, երևի, լրացուցիչ հավատարմություն է հավաստում հակահայ դրկիցներին: Դե, մենք ներող ու ըմբռնող ժողովուրդ ենք, և Վրաստանից ավելին չենք պահանջում: Նույն ըմբռնողականությամբ էլ չենք նեղանում, երբ ղարաբաղյան հակամարտության հարցում Վրաստանն առիթի դեպքում հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Սակայն, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում բարեկամ համարվող երկրի` Հայաստանի խորհրդարանի պատգամավորի առջև Թբիլիսիի մուտքը փակելը, այն էլ` առանց որևէ պատճառաբանության կամ հիմնավորման: Ընդ որում` Երևան Սահակաշվիլիի այցի նախօրեին: Այս միջադեպը թերևս բավարար և հիմնավոր պատճառ էր Երևանում ժողովրդա կան զանգվածների կողմից վրաց թիվ 1 իշխանավորի կացարանի մոտ բողոքի ցույցով ընդվզումը: Երևանի պետական համալսարանում Սահակաշվիլին դատողություններ էր անում հայ և վրաց ժողովուրդների եղբայրության մասին` ընդգծելով երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը: Նույնիսկ խոստանում էր ձեռքից եկածն անել` Վերին Լարսի անցակետը բացելու համար, որպեսզի Հայաստանի բեռնափոխադրումների ճանապարհին խոչընդոտներ չլինեն: Հարևանասիրական պոռթկումներն այդ պահին նրան այնքան էին համակել, որ Սահակաշվիլին մոռացել էր, որ ինքն իրավասու չէ լուծել հիշյալ անցակետի բացվելու խնդիրը: Անցակետը փակել է Ռուսաստանը` Վրաստանի հետ հարաբերությունների սառեցման հետևանքով: Ստացվում է` Սահակաշվիլին Երևանում պարզապես բարի կամք դրսևորողի կեցվածք էր ընդունում: Մինչդեռ, իրոք բարեկամությունը ճշմարտապես հարգող պետական այրերը` երկրի 1-ին դեմքի պահանջով պարտավոր են նաև իրենց հայրենիքը շենացնող ազգային փոքրամասնությունների, կոնկրետ` հայերի ազգային արժանապատվությունը չոտնահարել, չխոչընդոտել ազգային ինքնութ յանը: Պատահական չէ, որ հատկապես ջավախայության իրավունքների պաշտպանության պահանջով էր կազմակերպվել վերոհիշյալ բողոքի ակցիան: Իսկ Թբիլիսիում հայկական եկեղեցիների ու պատմաճարտարապետական այլ արժեքների վրացականացման գործընթացի մասին բազմիցս է խոսվել: Եվ քանի դեռ բարբարոսական իրենց գործողությունների համար անպատիժ են մնում այսպես կոչված, հայր Տարիելն ու նրա հետևորդները, եղբայրության, բարեկամության մասին Միխեիլ Սահակշվիլու դատողությունները կարելի է ընդունել իբրև վրացական գինարբուքային սնափառություն: Իսկ գուցե մե՞նք էլ պետք եղածից ավելի նրբանկատ ենք: Գոնե պարբերաբար միջպետական պաշտոնական հանդիպումներում չարժե՞ բարձրաձայնել ու Վրաստանին հիշեցնել իր իսկ միջազգային պարտավորությունների մասին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ