Պուտինը գլխավոր անձ է


Հուլիսի 6-8-ը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում Բարաք Օբաման կհանդիպի նաև Վլ. Պուտինի հետ: Այդ հանդիպման նախաձեռնողն ամերիկյան կողմն է: Ռուսաստանի քաղաքական շրջանակներում և մամուլում բացահայտորեն է խոսվում, որ երկրի կառավարության ղեկավարը գերազդեցիկ անհատ է, ում հետ նույնիսկ գերտերության առաջնորդի հաշվի չնստելը կարող էր տարօրինակ թվալ, եթե չասենք` կարող էր ամոթաբեր համարվել: Դիցուք, դա կարող էր ընկալվել, որ ԱՄՆ-ը ցուցադրաբար չի կամենում հաշվի առնել Ռուսաստանի քաղաքական իրողությունները` կեցվածք ընդունելով, թե ՌԴ-ում իշխող տանդեմ էլ գոյություն չունի: Առանց այդ էլ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները սրված են: Եվ փաստ է, որ առանց Պուտին—Օբամա հանդիպման` է°լ ավելի կնվազեր դրանք լավացնելու հնարավորությունը: Մանավանդ` դեռ մայիսին ՌԴ վարչապետն ասել էր, որ դեմ չէ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը: Ըստ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի (ԱՄՆ) ռուսաստանյան և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինի` - Պուտինը գլխավոր անձ է Ռուսաստանում: Նա է համակարգում փողերը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերը հատկապես նրա հետ պետք է քննարկել: Միաժամանակ, սակայն, այդ հարցերը նրա հետ քննարկել էլ չի կարելի, որովհետև Պուտինը վարչապետ է, այլ ոչ նախագահ: Բայց գլխավոր խնդիրը հետևյալն է. եթե ամերիկա-ռուսական հարաբերությունները սկսեն բարելավվել (իսկ ԱՄՆ-ն բարելավում է ցանկանում), ապա արդյո՞ք Պուտինը չի դառնա բարելավման հակառակորդ` եթե ինքը չճանաչվի այն մարդը, ում շնորհիվ ջերմացել են այդ հարաբերությունները: Այս հանգամանքը նրան կարող է ընդդիմադիր դարձնել: Մինչդեռ Պուտինի հետ հանդիպելով` Օբաման կարող է նրան իր կողմնակիցը դարձնել: Ես կարծում եմ, որ արդյունքներն այսպիսին կլինեն. Մեդվեդևը կսկսի ընդգծված կերպով զբաղվել Պայմանագրով: Եվ այդ ընթացքում ամերիկացիները հրաշալիորեն կհասկանան, որ մինչ այդ նա բոլոր նրբերանգներն արդեն քննարկել է Պուտինի հետ: Ինչ վերաբերում է ավելի գաղտնի բանակցութ յուններին (հետխորհրդային տարածքներ, էներգետիկ անվտանգություն, ներդրումներ ռուսական տնտեսության մեջ), ապա դրանք կվարվեն վարչապետի հետ: Դրանք նույնիսկ ոչ այնքան բանակցություններ կլինեն, որքան զրույցներ, քննարկումներ… Ի ԴԵՊ. Պուտինը հետաձգել է նախապես ծրագրված այցը Աբխազիա: Եվ դա հասկանալի է. մինչև Օբամայի հետ հանդիպելը նրա Աբխազիա մեկնելը չափից ավելի ցուցադրական կլիներ և հաստատ ջերմություն չէր ավելացնի Նահանգների նախագահի հետ հարաբերություններում: