Գերճգնաժամը` առաջիկա 1-2 տարում


«Տնտեսական Նոստրադամուս» մականունով հայտնի ամերիկացի Գարրի Դենտը, ասում են, կանխագուշակել է 1990-կաններին բուռն կերպով արտահայտված Ճապոնիայի հետընթացը, ինչպես նաև ներկա ճգնաժամը: Նրա վերջին կանխասացությունը նորից սարսափեցնում է մարդկությանը. առաջիկա երկու տարիներին համաշխարհային տնտեսությանն ավելի մեծ դժվարություններ են սպասվում, քան երկրագունդը պատուհասած այս ճգնաժամն է: Այդ սպառնալիքը Դենտը պայմանավորում է հետպատերազմյան սերնդով: 2-րդ աշխարհամարտից հետո ակտիվացել էր ծնելիությունը, և այդ տարիներին ծնվածները թոշակառուներ են դառնում, ու կտրուկ նվազում է նրանց սպառողակա նությունը: Արդյունքում տուժում է տնտեսությունը և հատկապես բնակարանային ոլորտը: Նման իրավիճակ արձանագրվել է 20-րդ դարավերջին` Ճապոնիայում, ուր 1991-ին բնակարանային մեծ պահանջարկը մեկեն նվազեց 60 %-ով»: Զարգացած երկրների շարքում Դենտը առանձնացնում է Ավստրալիան` որպես ակտիվ ներգաղթային երկիր: Երիտասարդության ներհոսքը կանաչ այս աշխարհամասին հնարավորություն կտա թեթև տանել տնտեսական անկումը` բնակչության ծերացման մասով: Բայց, այ, Ճապոնիայի և Իտալիայի համար ամենից ավելի դժվար կլինի, քանի որ այս երկրներում մարդիկ ավելի երկար են ապրում. հետևաբար մեծ է տարեցների թիվը: Դենտը նաև ենթադրում է, որ համաշխարհային նոր ճգնաժամ գլուխ կբարձրացնի 2023 թ., երբ Չինաստանի փոխարեն տնտեսական գերտերություն կդառնա Հնդկաստանը: Բարեբախտաբար նման տխուր կանխատեսումների կողմնակից չեն տնտեսագետների մեծ մասը: Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Ժան-Կլոդ Տրիշեն օրեր արաջ հայտարարեց, որ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են, և արդեն 2010-ին եվրոպական տնտեսությունը կվերակենդանանա: