ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Արտավազդ ԲԱՅԱԹՅԱՆ. երգիչ, երգահան, «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Այս երգահան-կատարողի համեստությունը և աշխարհին նետված նրա բարի հայացքը, իր հնարավորությունների չափով ամենքին օգտակար լինելու մղումը յուրաքանչ յուրին անհրաժեշտ այն բաղկացուցիչներից են, որոնցով հյուսվում է մարդասեր անհատի կերպարը: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ինքնուրույնությունը պահպանելը. ընդհանրապես ինձ թվում է, որ դա համամարդկային դժվարություն է: Հասարակության ազդեցությունը այնքան մեծ է` երբեմն անում ես այն, ինչը քեզ համար խորթ է, բայց համապատասխանում է հասարակական կարծիքին: Եվ եթե զգոն չլինես` մշտապես համապատասխանեցնելու սկզբունքով առաջնորդվես, կկորցնես քո ինքնությունը, անհատականությունը. էությանդ հակապատկերի դերակատարը կդառնաս: Սակայն պետք է չմոռանանք նաև, որ ամենքս էլ մարդկանց մեջ ենք ապրում: Ճիշտ է, կյանքի ընթացքում միմյանց չարախոսում, վնասում, սպանում են, բայց միևնույն է, մարդիկ չեն կարող ապրել առանց իրար: Այս կյանքում չես կարող միայն քեզ հարիր բարոյականությամբ կամ էլ բացարձակապես օրենքով ապրել: «Հասարակական օրենքի» և «ներքին բարոյականության» միջև հաճախակի հանդիպող հակասութ յունների հաղթահարումն է խնդիրը: Եթե ավելի սրես այդ հակասությունը, շատ հնարավոր է, որ մոլորության մեջ ընկնես: Ուստի, պետք է կարողանաս բևեռացնելու փոխարեն ներդաշնակել այս արժեքները, իսկ այդ ունակությունը երևի իմաստության նշան է: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Չեմ ընդունում ոչ մի` նաև մեր ազգի առավելությունը գերագնահատելը: Բայց հայ ազգը` որպես երևույթ, իրավունք ունի բոլորին հավասար գոյություն ունենալ և արտահայտվել «Էթնիկ ճանապարհով»: Անշուշտ, նկատի չունեմ ազգամոլությունը, որովհետև ցանկացած մոլություն հիվանդություն է: Պետք է մեր ազգը սիրենք այնքանով, ինչքանով այդ զգացմունքն ունենք մարդկության հանդեպ: Բայց ինձ տխրեցնում է, երբ մարդը, լինելով հայ, տարիներով Հայաստանում ապրելով, չի խոսում հայերեն, հայեցի մտածողության կրողը չի դառնում: Եթե մարդն ապրում է իր ազգի հետ, նա պետք է խոսի այդ ժողովրդի լեզվով, հասկանա և ապրի նրա հոգսերով: Իրեն բարձր չդասի, ազգի բախտը որոշողի հովերով չապրի: Շատ ազգերի ներկայացուցիչների հետ եմ շփվել և բոլորի մեջ տեսել եմ թե° դրականը, թե° բացասականը: Մի քիչ դժվարանում եմ դասակարգել լավ ու վատի, քանի որ այս առումով` ազգությունը չի որոշում մարդկային տեսակը: Շատ կարևոր է հասկանալ այն պարզ հանգամանքը, որ այնուամենայնիվ Աստված ազատ մարդ է ստեղծել և նրանք են ժողովուրդների բաժանվել` տարբերվելով ազգային առանձնահատկություններով: Մեր ազգային առանձնահատկությունները մանրամասնելու կարիք չկա. բոլորս գիտենք դրանք, սակայն կան այլ ազգերի յուրահատկություններ, որոնք ոչ միայն հետաքրքիր, այլ նաև օրինակելի են: Ռուսները ուրախ ազգ են, շատ են սիրում զվարճանալ: Եթե մեկը երգում կամ պարում է, կողքից անպայման ընկերակցում են: Մենք նման դեպքերում սկզբից հետևողի դերում ենք, հետո ծանր ու թեթև ենք անում` արժե՞ արդյոք մասնակիցը դառնալ. վերջում էլ սկսում ենք քննադատել: Ճապոնացիների, կորեացիների դրսևորած կազմակերպվածությունն է ինձ գրավում, անգլիացիների, ֆրանսիացիների` արվեստի նկատմամբ նրբանկատությունը, առաջինը լինելու հատուկ «հոտառությունը»: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Ճիշտն ասած, չբարձրաձայնված հարց, որքան հիշում եմ` չկա: Ինչ որ ցանկացել եմ, ճակատագիրն ինձ տվել է և այն, ինչը սրտանց չեմ կամեցել ունենալ, չի ստացվել: Սակայն կուզենայի խոսել ինձ մտահոգող մի հարցի` ճշմարտության ընկալման մասին: Ճշմարտությունը մարդիկ ընդունում են միայն դրա ակնհայտ տեսքով: Մինչդեռ նույնիսկ կատարված փաստի տեսքով առկա այդ երևույթը կարող է թվացյալ ճշմարտություն լինել. լավն ու վատը միշտ կողք-կողքի են: Կյանքը հավերժական ընթացքի մեջ է, և չես կարող ասել, թե այս պահին արածդ ճշմարիտ քայլը մեկ օր հետո որքանով ճշմարտացի կլինի: Ի վերջո, ճշմարտությունը հետաքրքիր է, երբ այն երկու կողմ ունի: Իհարկե, կան և բացարձակ ճշմարտություններ, որոնք են` բարությունը, մարդասիրությունը, կատարելության ձգտումը: Այդուամենայնիվ, կյանքը հարաբերական է: Հետևաբար, պետք է խուսափել միակողմանի ընկալումներից, միակողմանի մտածելակերպից: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ո¯նց մտածում եմ` մարդն է. ինչքան փորձում եմ ինքս իմ մեջ խորասուզվել և դրան զուգահեռ վերլուծել շրջապատի ներքինը, այնքան անսահման ու անբացատրելի է դառնում մարդկային էությունը: Եվ դա բնական է, որովհետև հոգեբանական բազմազանության մեջ ես ընկնում. ամեն մարդ մի աշխարհ է: Նույնիսկ ֆիզիոլոգիական դրսևորում ներն էլ են ինձ համար հանելուկային. զարմանալի է, թե ո՞նց է լինում, որ կերած հացն ու խմած ջուրը նրա մարմնի և արյան բաղկացուցիչ մասն են դառնում: Մարդուց ավելի մեծ հրաշք չկա. եզակի երևույթ է… - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Էությամբ կատակասեր չեմ: Զավեշտը միշտ գնում է արկածախնդիր, արկածասեր մարդկանց հետևից: Երբեմն պատահում է` սխալ ճանապարհի վրա ես լինում, և ինչ-որ մի իրադարձություն շրջադարձային է դառնում: Մարդիկ դրա առաջացրած հետևանքները հաճախ ընդունում են որպես զավեշտ: Սակայն ես դա համարում եմ կյանքի փորձ: Մարդու նրբանկատությունից է կախված. եթե դեպքերի ընթացքի տրամաբանությունը հասկանում ես, նվազում են պատահականությունները, որոնք զավեշտի նախապայման ներից են: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Մեկ անգամ լողավազանում քիչ էր մնում` ջրախեղդ լինեի: Փրկեցին: Մի տղա էր, ձեռքը գցեց ու հանեց ինձ ջրից: Մեկ-մեկ հիշում եմ ու… կյանքս կարող էր ընդհատվել: Է, ասենք, թե ընդհատվեր, ի՞նչ պետք է լիներ, աշխարհը դրանից չէր տուժի: Ու հետաքրքիրն այն է, որ մինչ օրս չեմ մոռանում այդ դեպքը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ