Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է


 

Ամեն տարի, հունիսի 1-ին ես նորից հիշում եմ բոլոր այն երեխաներին, ովքեր այսօր տոնը կնշեն մանկատներում` տամուկ հայացքներով նայելով բացվող-փակվող դռներին: Ես հիշում եմ բոլոր այն երեխաներին, ովքեր այս պահին աշխատում են մերօրյա բազազարտեմների մոտ, ովքեր փողոցում մուրացկանություն են անում, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մատույցներում ծաղիկ են վաճառում, ովքեր երեկ քնել են քաղցած ու արթնացել` ժպիտ ու նվերներ չտեսնելով իրենց շուրջը: Նրանք այսօր կանցնեն փողոցներով ու կլսեն մեծադղորդ խոսքեր այն մասին, որ երեխաները պետք է երջանիկ մանկություն ունենան, որ նրանք մեր ապագան են: Ապագան` ցնցոտիների ու աղքատության ճիրաններում, մեզ պարզված ձեռքերի մեջ, քաղցած քնող երեխաների աչքերում… Ապագան` շատ հաճախ անպաշտպան ու մոռացված:

Մանկությանս տարիներից մի դեպք է մնացել իմ հիշողության մեջ: Սովորում էինք երրորդ դասարանում: Մի դասընկերուհի ունեինք` Սուսաննա անունով, ում ծնողները շուկայում հավաքարարներ էին աշխատում: Վատ ու ծանր էին ապրում` չունենալով նաև իրենց բնակարանը: Տունը, որտեղ ապրում էին, մի երկհարկանիի նկուղային հարկ էր, լույսից զրկված: Հիմա չգիտեմ, թե ինչքան վարձ էին տալիս, սակայն հիշում եմ, որ Սուսաննան մեր դասարանում ամենախեղճ հագնվող աշակերտուհին էր: Լավ էլ չէր սովորում, որովհետև երեկոյան ժամերին նրանց սենյակում աղոտ լույս էր վառվում, ինչից աչքերը ցավում էին, հաճախ էր բացակայում դասերից, խոնավությունից հոդացավերով էր տառապում: Դասարանով պատրաստվում էինք նշելու հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մեր ծնողները մեզ համար գեղեցիկ զգեստներ էին գնել, թանկարժեք նվերներ: Մենք իրար պատմում էինք մեր հագուստների ու նվերների մասին, անհամբերությամբ սպասում հունիսմեկյան շքերթին: Չնայած արդեն դպրոցական արձակուրդների առաջին օրն էր, բայց հունիսի 1-ի առավոտյան, բոլորս նոր ու գեղեցիկ հագուստներով կանգնած էինք դպրոցի բակում: Բարձրախոսից երաժշտություն էր տարածվում, մենք անչափ ուրախ էինք, երջանիկ: Այնքան էինք տարված մեր զգեստներով և սպասվող շքերթով, որ չէինք նկատել Սուսաննայի բացակայությունը: Իսկ մենք նրան շատ էինք սիրում, խղճում: Նա բարի էր, խելոք, ամաչկոտ: Հանկարծ մեր դասարանի Ազատուհին կանչեց. «Երեխեք, Սուսանը եկավ»: Մեզ մոտեցավ մեր դասընկերուհին` իր դպրոցական շրջազգեստով ու գոգնոցով: Գոգնոցն իր սպիտակությամբ փայլում էր արևի տակ: Մազերը գեղեցիկ սանրված էին` ագուցված սպիտակ ժապավեններով: Նա եկավ ու կանգնեց մեր կողքին: Դեմքն ուրախությունից փայլում էր, նա նայում էր բոլորիս` կարծես հասկացնելով, որ իրեն ուշադիր զննենք: Հանկարծ Սուսաննան հազիվ լսելի ձայնով շշնջաց.

- Մայրիկս է առել, շատ լավն է:

Մենք նայեցինք նրան ու ոչինչ չհասկացանք. նույն դպրոցական համազգեստն էր` ուսերը փոքր ինչ գունաթափ, նույն գոգնոցն էր, ժապավեններն էլ նոր չէին, սակայն հենց նոր լվացված ու արդուկված էին: Սուսաննան նորից կրկնեց նախադասությունն ու նայեց իր ոտքերին: Նա հագել էր կաշվից հողաթափեր` չստեր, որոնք տատիկներն էին հագնում: Մենք երկար նայեցինք մեր ընկերուհու «կոշիկներին», ինչ-որ մեկը փռթկաց, բայց մենք մի րոպեում հասունացանք ու սաստեցինք նրան: Բոլորս սկսեցինք շնորհավորել Սուսաննային, ուրախանալ նրա նոր «կոշիկների» համար: Հինգերորդ դասարանից Սուսաննան հեռացավ մեզանից: Նա այլևս դպրոց չեկավ, որովհետև հայրը մահացել էր, նա ստիպված էր մոր հետ ամեն առավոտ շուկա գնալ ու մաքրել հսկայական տարածքը... Մենք հաճախ կարոտում էինք նրան, դասարանով գնում էինք շուկա, շրջապատում նրան, պատմում մեր դասերի մասին: Աղջիկները Սուսաննային էին տալիս իրենց զգեստներից, իսկ մենք անընդհատ հորդորում էինք, որպեսզի դպրոց վերադառնա: Բայց ինչպե՞ս վերադառնար, երբ իրենից փոքր քրոջն ու եղբորը կերակրել էր պետք… Մեր «Վերջին զանգի» միջոցառումը նոր էր սկսվել, բոլորս ուրախ ու երջանիկ` շարված էինք դպրոցի բակում: Խոսում էին մեր ուսուցիչները, ողջերթի ջերմ խոսքեր ասում: Հանկարծ մեր դասարանի Շավարշը, որ գնացել էր ծաղիկ բերելու, մոտեցավ ինձ ու ականջիս ասաց. «Մեր Սուսանն այսօր առավոտյան շուկայի մոտ մեքենայի տակ է ընկել ու մահացել»: Ես սկզբում չհասկացա. մտածեցի, թե Շավարշի հերթական անհամ կատակներից մեկն է, բայց նա շատ լուրջ տեսքով նույն բանը կրկնեց` սրբելով աչքերից կախված արցունքի կաթիլները: Մեր «վերջին զանգը» գերեզմանոցում հնչեց` Սուսաննային փոս իջեցնող դագաղի մոտ: Մենք իսկապես հասունացանք, մի քանի րոպեում հասուն մարդիկ դարձանք ու զգացինք կորստի մեծագույն ցավը, որն արդեն 41 տարի ինձ հետ է...

Հայաստանում այսօր աղքատության ցուցանիշներն առաջին հերթին կրում են այն մի քանի տասնյակ հազար երեխաները, ովքեր զրկված են երբեմն անգամ հացից, ովքեր չունեն հագուստ, կոշիկ. ովքեր դասագրքերի գումարը վճարել չկարողանալու պատճառով` դպրոց չեն գնում, ապրում են այնպիսի կացարաններում, որոնք բնակարան համարելը հանցագործություն կլինի: Իհարկե, մեր իշխանությունները նվազագույն ինչ-որ բան անում են երեխաների համար, մի երկու սոցիալական կենտրոն են ստեղծել, ինչ-որ նպաստներ են տալիս, որպեսզի երեխաները վերջնականապես սովամահ չլինեն: Սակայն ոչ ոք գլոբալ առումով չի քննարկել աղքատ ընտանիքների երեխաների խնդիրները, ոչ ոք չի մտածել այն մասին, որ հարկավոր են լուրջ սոցիալական ներդրումներ, հոգաբարձուների խորհուրդներ, հանրային աջակցություն: Երբեմն ասում ենք, թե մեր երկիրը հարուստ չէ, թե ունենք բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ: Երևի` ճիշտ են ասում, սակայն նայենք, թե ի˜նչ շքեղաշուք միջոցառումներ են կազմակերպվում, ի˜նչ գումարներ են ծախսվում Ազգային ժողովի պատգամավորների գործուղումների, հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին թանկարժեք մեքենաներ ձեռք բերելու, օգնականների մեռելածին ցուցակները ֆինանսավորելու համար` երբ օգնականների համար նախատեսված աշխատավարձերը ստանում են շատ պատգամավորներ և նրանց որդիներն ու դուստրերը... Տեսնում ենք նույն այս երեխաների ծնողների հաշվին հարստացած այսպես կոչված օլիգարխներին, ովքեր խլեցին ամեն ինչ` մարդկանց մատնելով սովամահության` նույն ժամանակ հարստացնելով ու շքեղացնելով իր բարօրության դղյակները:

Պետությունը պիտի փոխի իր քաղաքականությունը, պիտի սոցիալական վերաբաշխումներ իրականացնի, հրաժարվի անտեղի ծախսերից` այդ գումարները նպատակաուղղելով աղքատ ընտանիքներին: Երկրի բոլոր խոշոր գործարարներին պիտի պարտադրվի իրենց տարեկան եկամտի մեկ տոկոսը կամովին հանձնել սոցիալական աջակցության այն հիմնադրամներին, որոնք զբաղվելու են աղքատացած երեխաների խնդիրներով: Այդ դեպքում միայն կկարողանանք լիաբերան ասել, որ երեխաները մեր ապագան են: Իսկ հիմա` միշտ չէ, որ նրանք հասցնում են ապագա ունենալ: Չի կարող քաղցած ու աղքատ ապագա լինել...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ