ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ


 

Որքան էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկիզբ է դրել իր երկդիմի քաղաքականությանը` մասնավորաբար Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում` ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունք ունենալով Ադրբեջանի հանդեպ, այնուհանդերձ ամերիկյան շատ քաղաքական գործիչներ, հանրային ու պառլամենտական կառույցներ այս օրերին ԼՂՀ ճանաչման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկում: Ուրախալի լուր ստացվեց. Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա առաջին կարևոր նախաձեռնությունն է, որով հանդես է եկել նահանգի օրենսդիր մարմինը: Դատելով այն իրողությունից, որ ԱՄՆ-ում նահանգները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել և այսպես ձևավորել օրենսդրական նախադեպեր, կարող ենք ասել, որ այս կոչը չի մնա հռետորաբանության սահմաններում: Չի բացառվում, որ առաջիկա օրերին նահանգի ներկայացուցիչների պալատը որոշում ընդունի` ճանաչելու ԼՂՀ անկախությունը:

Այս համոզումն իրատեսական է, որովհետև Ամերիկայի 40-ից ավելի նահանգներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և ամեն տարի Ապրիլի 24-ը համարում են Ցեղասպանության զոհերի օր, նվիրում միջոցառումներ: Ըստ էության, Միացյալ Նահանգները գրեթե լիովին ճանաչել է Ցեղասպանությունը, քանի որ նրա սուբյեկտներից քառասունից ավելին արդեն միացել են ճանաչման շարժմանը: Նույն ճակատագիրն է սպասվում նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, քանի որ ԱՄՆ-ում ոչինչ հենց այնպես չեն անում նահանգները: Ադրբեջանում արդեն հիսթերիայի ալիք է բարձրացել, ներկայացուցիչների պալատի կոչը որակվել է որպես հայկական լոբբիի հետևանք: Մեզ, բնականաբար, չի հետաքրքրում, թե ինչ են խոսում այս մասին Բաքվում և ինչ որակումներ են տալիս: Կարևորն այն է, որ արդեն հրապարակայնորեն, այն էլ` ԱՄՆ-ում, խոսվում է անկախության ճանաչման մասին: Սա նշանակում է, որ գերտերության մեջ արդեն կա հանրային կարծիք, առկա են օրենսդրական նախաձեռնությունները: ԼՂՀ ճանաչման առթիվ հնչեցված կոչն անպայմանորեն պետք է պատասխան ունենա: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը հանդես կգան խուսափողական բացատրություններով, կհայտարարվի, թե ընթանում են բանակցություններ, հետևաբար, լինելով համանախագահող երկիր, ԱՄՆ-ը չի կարող նման որոշում կայացնել` խախտելով անկողմնակալությունը: Հասկանալի է նաև, որ առաջիկա օրերին Վաշինգտոն կմեկնեն թուրքական պաշտոնյաներ: Սակայն վիճակն արդեն գցված է, և Ղարաբաղի խնդիրը սկսել է իրապես հետաքրքրել օվկիանոսից այն կողմ: Թեկուզ մի քանի նահանգների կամ մեկ երկրի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է վերածվել «շղթայական ռեակցիաի» և պարտադրել շատերին` ճանաչելու այս պետությունը: Կարծում ենք, որ ճանաչման գործընթացները կարող են, ի վերջո, նիրհից արթնացնել նաև մեր խորհրդարա նականներին, ովքեր իսպառ մոռացել են Ղարաբաղյան հիմնախնդրի մասին...