ՌԱԲԻՍ ԵՐԳԻՉԸ` ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ


 

Առաջին Հանրապետության հերթական տարեդարձի օրը ՀՀ նախագահի հրամանագրով պատվավոր կոչումներ և մեդալներ ու շքանշաններ են ստացել արվեստի, մշակույթի, գիտության, կրթության մի շարք նշանավոր գործիչներ: Ի զարմանս շատերի, վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել ռաբիս ոճի երգիչ Արման Հովհաննիսյանին, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել արվեստագետների շրջանում: Թե ո՞ր վաստակի ու ծառայության համար է նա ստացել այդ կոչումը` ոչ ոք չի կարողանում հիմնավորել, սակայն շատերի մտահոգությունն այն է, որ այսպես հեղինակազրկվում են պատվավոր կոչումները:

Ավելին, մեր հատկապես պարարվեստի ու երաժշտարվեստի, բեմարվեստի շատ վաստակած ու նշանավոր գործիչներ չեն գնահատվել, չեն արժանացել կոչումների, մինչդեռ ռաբիս երգչին է շնորհվում մի կոչում, որի համար, գոնե, մարդը պիտի վաստակ ունենա:

Իհարկե, ոչ ոք երկրի ղեկավարին չի մեղադրում նման շնորհման համար, քանի որ ոչ թե նախագահը, այլ կոչման ներկայացնողներն են կրում պատասխանատվություն, սակայն մի՞թե նման քայլի գնացողները չեն մտածել, որ այսպես հարված են հասցրել երկրի ղեկավարին, ով ստորագրել է հրամանագիրը...

Հիշենք, որ աշխարհը զարմացնող Տաթևիկ Հովհաննիսյանն այդպես էլ որևէ կոչում չունի, կոչում չստացան Էլվինա Մակարյանը, Զառա Տոնիկյանը, Լոլա Խոմյանցը, Վալյա Սամվելյանը: