«ՊԱՀԵՍՏԱՊԵՏ» ԽԱՉԻԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԿԱՐԳԵԼ


 

ԱԺ գյուղատնտեսության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Խաչիկ Հարությունյանին, ով վանաձորցիներին հայտնի է «պահեստապետ» մականվամբ, Արթուր Բաղդասարյանը ցանկանում է նախարար դարձնել: Այն էլ` սոցիալական ապահովության: Հանձնաժողովի նախագահի աշխատանքները բառացիորեն տապալած, Վանաձորում ՕԵԿ մարզային կառույցները կազմաքանդած, մտավոր բավական սուղ հնարավորություններով այս մարդը վաղուց դարձել է բաղդասարյանական «արքայազորի» անդամ և հպատակորեն ծառայում է իր «շեֆին»` ցույց տալով, որ կարելի է ամեն ինչի հասնել միայն ու միայն հպատակության շնորհիվ:

Իհարկե, Արթուր Բաղդասարյանն իրավունք ունի իր շրջապատի մարդկանց պաշտոններով ապահովել, բայց մեղք չե՞ն մեր ժողովուրդն ու կառավարությունը, որ նման մարդիկ են նախարարի պորտֆել ստանալու: Այն էլ` պատասխանատու ոլորտների, որոնք նաև ունեն ռազմավարական կարևոր նշանակություն: Ասում են, որ Արթուր Բաղդասարյանը փոխնախարարի պաշտոն է խոստացել նաև Իշխան Խաչատրյանին: Ուրեմն, մարդիկ իզուր են պետական բուհեր ավարտում, տքնաջան սովորում: Կարելի է ոչ պետական բուհի հեռակա բաժնի դիպլոմ ձեռք բերել, դառնալ ՕԵԿ անդամ, Արթուր Բաղդասարյանի սիրելին հռչակվել և բարձրանալ իշխանական աստիճաններով: