ՀՊՄՀ-ի գրադարանն անմասն չմնաց


 

Հիրավի, վաստակած հոբելյան է հայ գրատպության 500-ամյակը: Կես հազարամյակ առաջ հեռավոր Վենետիկում Հակոբ Մեղապարտն ստեղծեց Ուրբաթագիրքը: Եվ մեսրոպատառ գիրքը դարձավ հայության հարատևման առհավատչյաներից: Եվ օրինաչափ էր երևի, որ հատկապես այս տարի հինավուրց Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց: Հայ գրատպության 500-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները դեռ շարունակվելու են Հայաստանում և Սփյուռքում:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի` հարուստ ավանդույթների կրող գիտական գրադարանը` տնօրեն Տիգրան Պետրոսյանցի ղեկավարությամբ, անմասն չմնաց համազգային այս տոնից: Այս անգամ ևս գրադարանը հանդես եկավ յուրօրինակ նախաձեռնությամբ` ընթերցողին ներկայացնելով մշակութային մեծ արժեք հանդիսացող հնատիպ գրքերի հավաքածուն` 24 կտոր գիրք: Դրանցից ամենահինը 1669-ին Ամստերդամում Ոսկան Երևանցու կողմից տպագրված Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցն» է: ԲՈՒՀ-ի գիտական գրադարանը բավական երկար պատմություն է հյուսել` հիմնադրվելով 1992-ին և ունենալով 190 կտոր գիրք: Իսկ հնատիպ գրքերի հավաքածուն այստեղ է բերվել Էջմիածնից` 1923-ին գրադարանի տնօրեն Մուշեղ Գասպարյանի ջանքերով: Դրանց հետ նաև բավական պատկառելի քանակով գրականություն` թվագրված 1801-1900 թթ. և ևս 700 հայատառ ամսագրեր:

Այսօր արդեն գրականության քանակով ՀՊՄՀ_ի գիտական գրադարանը 3-րդն է բուհական համակարգում և 7-րդը` Հանրապետությունում: Այն բավական հարուստ է նաև Արցախյան գոյապայքարին նվիրված գրականությամբ:

- Գրադարանը սիրով կատարեց մեր ռեկտորի` Ռուբեն Միրզախանյանի հանձնարարությունը, քանի որ ունենալ հնատիպ գրապաշար ու չներկայացնել` անտրամաբանական կլիներ: Մեր պահոցի դռները բաց են: Բուհական գրադարաններից այսօր հնատիպ գրականություն ունեն միայն մեր և Երևանի Պետական համալսարանները,- պատմում է Տ. Պետրոսյանցը:

Գիրքը, ասել է թե` մատաղ սերնդի կրթության սկզբնաղբյուրը, ուշադրության կենտրոնում պիտի լինի ամեն օր ու ամեն ժամ: Սակայն ոչ պակաս անհրաժեշտ է, որ գրքի նկատմամբ պահանջն ու հետաքրքրությունը ևս մեծ լինի:

- Եթե առավոտյան ժամը 9-ից հետո փորձեք մեր գրադարանի դուռը բացել, ապա ազատ աթոռ չեք գտնի: Այստեղ անգամ հերթեր են գոյանում և օրական միջին հաշվով շուրջ 1000 ուսանող է օգտվում գրադարանից,- պատմում է գրադարանի տնօրենը` իր ուրախությունը փոխանցելով նաև զրուցակցին:

Այստեղ հետաքրքիր նախաձեռնությունների պակաս երբեք չի զգացվում: Ողջունելի են հատկապես ուսանողներին գրքի հետ կապելուն միտված ձեռնարկումները: Դրանք առաջին հերթին հաճախակի կազմակերպվող միջոցառումներն են` գրքի շնորհանդեսները, քննարկումները, հանդիպումները հեղինակների հետ: Արդեն 2 տարի շարունակ գրադարանը կազմակերպում է տարվա լավագույն ընթերցող մրցույթը` այսկերպ ևս խթանելով ընթերցասիրությունը: Իսկ այս տարի կընտրվեն նաև այն հեղինակները, որոնց գրքերն ամենաշատն են ընթերցվել տարվա ընթաքում: Մեկ այլ ձեռնարկման կարևորության մասին նույնպես խոսեց Տիգրան Պետրոսյանցը.

- Կտրականապես արգելել ենք պատճենահանումը: Կմտածեք` սխալ քաղաքականություն է, բայց դրանով միանգամից 2 կարևորագույն խնդիր ենք լուծում: Նախ` ուսանողը գալիս է գրադարան և այստեղ է ընթերցում այն մի քանի էջերը, որ պետք է պատճենահաներ: Բացի այդ, մենք չենք խախտում հեղինակային իրավունքը, քանի որ ըստ օրենքի` որևէ մեկը գիրքը վերարտադրելու իրավունք չունի` եթե չկա հեղինակի գրավոր թույլտվությունը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ