ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Երեխաները փորձադաշտ չեն


 

Այսօր Հայաստանում գործում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող երեք տասնյակից ավելի օրենքներ և իրավական ակտեր: Մեծաթիվ են և երեխաների հիմնահարցերով զբաղվող միջազգային ու հասարակական կազմակեր պությունները: Այդ հարցում կարևոր երաշխավորներից մեկը մնում է ոստիկանությունը:

Դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ միշտ ենք այդ սկզբունքներով առաջնորդվում. հանպատրաստից, առանց տեղայնացնելու` բարեփոխումների անվան տակ որոշումներ ու հավակնոտ ծրագրեր են իրականացվում, որոնք երբեմն փորձություն են դառնում ուսուցիչների և աշակերտների գլխին: Արդյունքում` աշակերտը դպրոցում լիարժեք կրթություն չի ստանում, ուսուցիչը չի կարողանում կառավարել երեսուն-երեսունհինգհոգիանոց դասարանը: 45-րոպեանոց աղմկոտ դասաժամը նյարդային վիճակի է հասցնում ուսուցչին, անտարբեր դարձնում աշակերտին: Որոշ դպրոցներում տիրող հոգեբանական այս խառնաշփոթում էլ ձևավորվում են մարդկային հարաբերությունների մասին երեխաների պատկերացումները: Մինչդեռ մեր` հայկական մտածողությամբ ու ավանդական ընկալմամբ` ընտանիք, երեխա հասկացությունները միշտ էլ գերակա արժեք են, սակայն մեզանում ևս երեխաները բռնության են ենթարկվում, ոտնահարվում են նրանց իրավունքները: Վերջին հինգ տարիների ընթացքում, օրինակ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում անչափահասների նկատմամբ բռնության 1178 դեպք է գրանցվել: Ընդ որում, ամենաշատը` 2010-ին` 275 դեպք:

Անչափահասի նկատմամբ բռնության վերջին աղմկոտ դեպքը գրանցվեց Արարատ քաղաքում:

6-րդ դասարանում ռուսաց լեզվի դաս էր: Ուսուցչուհին դժվարանում էր կառավարել դասարանը, ինչի հետևանքը եղավ այն, որ զայրացած հարվածեց աշակերտներից մեկի` Վիգեն Խ.-ի գլխին: Հարվածեց գրքով, ձեռքով: Հարվածից երեխայի գլուխը դիպավ նստարանին...

Թվում է` արտառոց ոչինչ տեղի չէր ունեցել. ցավալի, բայց ծանոթ իրավիճակ` մերօրյա որոշ դպրոցներում: Բայց Արարատի թիվ 1 դպրոցն առանձնացավ. երեկոյան Վիգենի ինքնազգացողությունը վատացավ: Երեխան ծնողներին պատմեց գլխացավի պատճառը: Նրանք վրդովվեցին, իսկ առավոտյան որդուն սովորականի պես ուղարկեցին դպրոց...

Դպրոցում Վիգենի ինքնազգացողությունը նորից վատացավ: Դպրոց կանչեցին ծնողին, որը երեխային տարավ բժշկի: Ցավազրկող դեղամիջոց նշանակելուց հետո բժիշկն առաջարկեց երեխային տանել տուն, իսկ եթե ցավերը սաստկանան` տեղափոխել հիվանդանոց:

Հաջորդ օրը 11-ամյա տղայի ուժեղացած գլխացավերը ծնողներին ստիպեցին նրան տեղափոխել Արարատի հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվեց ուղեղի ցնցում: Վիգենին ստացիոնար բուժում նշանակեցին, բայց վիճակը վատանում էր: Երեխան տեղափոխվեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նա ստացել էր կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածք...

Հիվանդանոցում Վիգենի ծնողները հայտարարել էին, թե երեխան ընկել է աստիճաններին ու վնասվել: Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվեց իրողությունը...