ՀԵՏԵՐԱՇՏԱՅԻՆ


Ռուսաստանը սկսել է ուղիներ որոնել հացահատիկի շուկայում գործընկերության նախկին ծավալները վերականգնելու ուղղությամբ: Վարչապետ Վլ. Պուտինը ուժը կորցրած է հայտարարել նախորդ տարվա երաշտի արդյունքում կիրառված` հացահատիկի վաճառքի արգելքը: Ըստ ամենայնի, առաջիկայում սպասվող բերքը մոսկովյան իշխանությունները գոհացուցիչ են համարում, և դարձյալ օրակարգային է նախկին շուկաները վերականգնելու խնդիրը: Այլ հարց է, որ անպարտաճանաչ գործընկեր¬մա տակարարի համբավը որոշակի դժվարությունների առաջ է կանգնեցնելու մեր հյուսիսային հարևանին: Անգամ մեր հանրապետությունը, որը խոշոր ներկրող երբևէ չի համարվել, օգոստոսյան երաշտից հետո մասամբ գտել է այլընտրանքային եղանակներ: Ավելին, ռուսական երաշտը ստիպեց` նկատելիորեն ավելացնել ցորենի ցանքատարածությունները, որոնցից հիմա մեծ բերք է սպասվում: Հացահատիկի ինչ¬որ ծավալ, իհարկե, Ռուսաստանից կներկրվի, սակայն համագործակցության նախկին չափերի մասին մեր հյուսիսային գործընկերը երևի թե պետք է մոռանա: Ռուսական կողմը հավանաբար ստիպված է լինելու նաև որոշակի զեղչերի մասին մտածել, քանի որ հետերաշտային մեր նոր համագործակցություններից դժգոհ չենք: