«Ով սիրում է իր ազգը, պապենական ժառանգությունը, երբեք աղանդավոր չի դառնա»,- ասում է Տեր Վարդան քահանա Գափոյանը


Վերջերս «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետ կապված միջադեպը հանրության ուշադրությունը կարծես մի պահ կտրեց քաղաքական գործընթացներից: Մեզանում, ցավոք, արդեն արմատներ գցած աղանդավորականությունն ու նրա պատճառած վնասները հերթական անգամ դարձան հասարակության տարբեր շրջանակներում հաճախ քննարկվող հրատապ թեմաներից: - Աղանդավորները սովորական մարդիկ են, որոնց որոշակի խմբեր ուղղորդում են, ագրեսիա են սերմանում նրանց մեջ: Դա ինքնին չի լինում, ինչ-որ մեկը ստեղծում է այդ հակառակության ոգին, մտցնում է իրենց մեջ: Մեր երկրի մեջ ո՞վ կարող է գալ և մեզ ասել, թե մենք սխալ ենք: Սա մեր տունն է, մեր երկիրն է, մեր եկեղեցին է, և հայի համար իր եկեղեցին է ճիշտ, ռուսի համար` ռուսական եկեղեցին: Ամեն մեկն իր եկեղեցին ունի: Ամեն մեկը յուրովի ճիշտ է, և թող ոչ մեկը չգա ու մեր երկրում մեզ չասի` դուք սխալ եք: Առավել ևս, երբ սխալ չենք: - «Եհովայի վկաները» կարծես փոխել են մարդկանց հետ զրույցի բռնվելու ձևը: Կար ժամանակ, երբ փողոցում մոտենում ու կարծիք էին հարցնում ապագայի մասին: Հիմա այլ կերպ են փորձում հոգիներ որսալ: - Դրանք հոգեբանական ձևեր են: Վերջերս իմ ձեռքն ընկավ ռուսերեն մի այդպիսի գրքույկ` «Ինչպես սկսել խոսակցությունը»: Այնտեղ շատ հստակ տրվում է, թե ինչպես կարելի է մարդկանց խոսակցության մեջ ներքաշել` օրվա խնդրով, ապագայով վախեցնելով, վերջերս տեղի ունեցած ինչ-որ քաղաքական երևույթի անդրադառնալով… Այսինքն, կենսական հարցեր, որոնք կարող են մարդուն մեկեն հետաքրքրել: Եհովայի վկային տրված է քարոզելու, մարդկանց հետ հարաբերվելու հստակ ծրագիր: Խնդիրը դիմացինի հետ կոնտակտի մեջ մտնելն է. հանդիպածների մեջ ինչ-որ հետաքրքրություն պետք է առաջացնես, որ նա քեզ հարց տա: Հենց ինքը քեզ հարց տվեց, այլևս ինքը ընկնում է քո լարած որոգայթի մեջ: Մարդը սկսում է քեզ ընդունել որպես ուսուցիչ, և դու սկսում ես նրան մշակել: «Եհովայի վկաներն» իրենց հաշվետվություններում հենց այդպես էլ գրում են` մշակել: Իսկ նրանց, ովքեր հակառակվում են իրենց, անվանում են կատեգորիկներ: Իրենց մոտ բնակարանները քարտեզներով, մանրամասն հասցեներով նշված են: Եվ նոթատետրում մանրամասն նշում են, թե ո՞ր ընտանիքները մտան, ինչպե՞ս դիմավորեցին իրենց, ի՞նչ արդյունքներ ունեցան: - Այսինքն, արհեստավարժ, զարգացած հետախուզական ցանց է գործում: - Դա հստակ երևում է: Տեղեկատվության առումով «Մորմոններն» են ավելի զարգացած: Մեր պետական արխիվը նկարահանեցին, տարան: Կարող ենք վստահ ասել` տեղեկատվություն են հավաքում: Ասում էին, թե մահացածների անունները հավաքում են, որ տանեն այդ մահացած մարդկանց մկրտեն: Բազմապիսի ձևեր կան տեղեկատվություն հավաքելու: Պետական գաղտնիք է համարվում, օրինակ, թե ինչքան զոհ ունենք, բայց իրենք կարող են կազմակերպել ակցիա` մի հատ օճառ, մի բաժակ բրինձ ու չգիտեմ ինչ նվիրել և զոհված ազատամարտիկների ցուցակ վերցնեն յուրաքանչյուր տարածքից` վերջում ընդհանուր պատկերն ունենալով: - Կարծիք կա, որ աղանդավորական կազմակերպությունների թիկունքում օտարերկրյա հատուկ ծառայություններ են կանգնած: - Հնարավոր է: Բայց փաստ է, որ կրոնական կազմակերպություններին պետություններն օգտագործել են նույնիսկ աշխարհ գրավելու ճանապարհին. պատմությունից հայտնի` միսիոներների օրինակը: - Պետությունն ու Եկեղեցին ինչպե՞ս պետք է պայքարեն այդ ամենի դեմ: - Խնդիրը հստակեցնել է հարկավոր: Տվյալ դեպքում ժողովրդին շահագործում են` Աստվածաշնչի կեղծ ու սխալ մեկնաբանություններով: Պետությունը նախ պետք է հասկանա` տվյալ պարագայում արդյոք կրոնակա՞ն, թե՞ հասարակական կազմակերպության հետ գործ ունի: Սրանք խնդիրներ են, որոնց պատասխանները իրավաբան ները պետք է ձևակերպեն: Այն ժամանակ, երբ «Եհովայի վկաներին» գրանցեցին որպես կրոնական կազմակերպություն, իրենք մեր Սահմանադրությունը չէին ընդունում: Սահմանադրության որոշ կետեր խանգարում էին իրենց գրանցմանը: Բայց այդ ամենը անտեսվեց, նաև վերացավ կառավարությանն առընթեր Կրոնի գործերի խորհուրդը: - Գրանցումը Եվրոպայի պահանջն էր: Բայց այդ պահանջի հետ մեկտեղ, օրինակ, Ֆրանսիան արգելել է «Եհովայի վկաների» գործունեությունը: - Այո, Ֆրանսիայում «Եհովայի վկաները» համարվում են արտադրական կազմակերպություն, մտել են հարկային դաշտ: Այնտեղ հստակ օրենքներ են գործում: Իրենց անդամակցողների հստակ ցուցակ են ներկայացնում, և, ամենակարևորը` հոգեորսության իրավունք չունեն: Մեզանում հոգեորսության հստակ բացատրությունը չկա: Ֆրանսիայի փորձն ունենանք աչքի առաջ. հոգևոր, կրոնական հարցերում կատարելագործված իրավաբաններ պետք է ունենանք, որոնք համապատասխան կրոնական միջավայրում կարողանան հարկ եղած դեպքում դատավարություն անցկացնել, կարողանան տարբերել թացը չորից և որոշել` արդյոք մարդուն շահագործո՞ւմ են, թե՞ ոչ, մարդուն չե՞ն զոմբիացնում, չե՞ն զրկում սեփական դատողությունից: Սրանք լուծում պահանջող խնդիրներ են: Իսկ խնդիրները հարկավոր է հստակ ձևակերպել: Օրինակ, օրենսդրությունը կրոնական կազմակերպությանն արգելում է իր տարածքից դուրս քարոզչությամբ զբաղվել: Բայց օրը ցերեկով փողոցում քարոզում են. Ո՞վ պետք է արգելի, զգուշացնի. ոստիկա՞նը, ե՞ս… Մեր եկեղեցին ԽՍՀՄ-ում խեղճացած էր: Մեր օրերում Եկեղեցին նորից է ծնվում, վերածնունդ է ապրում. հիմքերն ամուր պետք է պահել: Սերնդափոխության և բազում այլ խնդիրներ կան… Քրիստոնեությունը սեր է, մեծ սեր: Եվ մյուս քրիստոնյաները, եթե իրոք քրիստոնյաներ են և եկել են մեզ օգտակար լինելու, թող գային իրոք այս ազգի համար գործ անեին, ոչ թե ամեն մեկն իր համար պառակտեր ժողովրդին: Իրենց քարոզչությունը սարքել են կթու կով, ու իրենց համար տասանորդ են կթում մարդկանցից: Փոքր ներդրումներ արեցին սկզբում, հիմա էլ սկսել են լավ կթել, իրենց ներդրածի քսանապատիկն արդեն հետ են վերցրել: - Մարդիկ ընդվզում են նաև Եկեղեցու դեմ` ասելով, որ նա ոչինչ չի ձեռնարկում` այդ ամենի դեմն առնելու համար: - Նույն հարցը ես տամ ձեզ: Եկեղեցին ի՞նչ պետք է անի: Մարդու միտքը չես կարող սպանել, մարդն այդպես է մտածում: Աստվածաշնչով ես փորձում բացատրել, բայց չի հասկանում, նրա ուղեղը չի կարողանում հասկանալ ու ընդունել իր սխալը: Այդ մարդկանց համար Աստծո խոսքը հեղինակություն չէ, նրանց համար հեղինակություն է իրենց առաջնորդի ասածը: Առաջվա հետ համեմատած` այսօր եկեղեցու սպասավորների թիվն ավելի մեծ է, բայց այսօր էլ հոգևորականների պակասը զգացվում է: Ամեն ինչից առաջ, սակայն, ազգային ինքնագիտակցության խնդիր կա: Յուրաքանչյուրն, ով գիտակցում է, որ ինքը հայ է, ունի եկեղեցի, և ընդհանրապես, ով սիրում է իր ազգը, ով սիրում է իր հայրերի ժառանգությունը, երբեք աղանդավոր չի դառնա:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ