Սպորտլանդիա Վեդիում


Ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում ավելի քան կեսդարյա բարի համբավ ունի Վեդի քաղաքի թիվ 1 դպրոցը: Բավական է միայն նշել ՀՀ վաստակավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանի անունը, որպեսզի մարդիկ հիացմունքով խոսեն նախ` դպրոցի մարզադաշտի, խաղահրապարակների, լողավազանի մասին, ապա` շրջանավարտների ձեռքբերումների. դեռևս ԽՍՀՄ ժամանակի չեմպիոն և մրցանակակիրներ, ԺՏՆՑ¬ի մեդալներ և այլն: Ժամանակները փոխվել են, մասնագետները` նույնպես: Մեկ այլ դպրոցում կարելի է նաև ոչ բարձր մակարդակի մարզական միջոցառում կազմակերպել, մինչդեռ այս դպրոցում դա բացառվում է: Ի պատիվ ֆիզկուլտուրայի երիտասարդ ուսուցիչ Արսեն Անդրյանի, ուսումնական տարեվերջին կազմակերպած Սպորտլանդիան արդարացրեց բոլոր սպասելիքները: Կարելի էր բավարարվել դպրոցի ուսուցիչների ուժերով միայն, սակայն հրավիրել էին ժյուրի` հետևյալ կազմով. Հրայր Գորգյան` քաղաքի մշակույթի, սպորտի բաժնի վարիչ, Սոնա Հովհաննիսյան (կազմբաժնի վարիչ), Արտակ Գրիգորյան և Հարություն Հայրապետյան (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ): Պատվավոր հյուրերի կազմում էին ՀՀ վաստակավոր մարզիչ, Ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի երկարամյա նախագահ Գրիշա Աթոյանը, դպրոցի քիմիայի և կենսաբանության վաստակաշատ ուսուցիչ (այժմ թոշակառու) Արամ Ավետիսյանը, դպրոցի նախկին տնօրեն Հրայր Հայրապետյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի մեծ երախտավոր Անդրեյ Անդրյանը, տողերիս հեղինակը, ով այս դպրոցում Սպորտլանդիա էր կազմակերպել դեռևս 80-ական թվականներին: Միջոցառումը հստակ և անթերի վարեց թիվ 1 դպրոցի աշխարհագրության ուսուցիչ, 2009¬ին հանրապետական լավագույն ուսուցչի կոչման արժանացած Լևոն Մուրադյանը: Տոնականորեն զարդարված ընդարձակ խաղահրապարակում մրցում էին VI «ա» դասարանի «Բազե» և VI «բ»¬ի «Արծվիկը»: Այնպիսի տպավորություն էր, որ ողջ դպրոցն էր եկել երկրպագելու մրցող թիմերին: Երգ, երաժշտություն: Գեղեցիկ մարզազգեստով թիմերը զբաղեցնում են իրենց տեղերը: Արսեն Անդրյանը զեկուցում է տնօրեն Ալվարդ Պապոյանին թիմերի պատրաստվածության մասին: Վերջինս ողջունում է թիմերին և թույլատրում սկսել խաղերը: Հնչում է ՀՀ օրհներգը, բարձրացվում է եռագույնը: Ընտրված 12 շարժախաղերի միջոցով ստուգվում էր թիմերի արագաշարժությունն ու ճարպկությունը, դիպուկությունն ու դիմացկունությունը: Մեծ հետաքրքրություն էր առաջացրել դասղեկների մասնակցությամբ խաղը: Նշենք, որ թեպետ «Բազեն» սկզբից մի քանի միավորով ետ էր ընկել, ընթացքում հասցրեցին հավասարվել, բայց ավելին չստացվեց: Վերջում պարանաձգման դժվարին պայքարում մեկ միավոր շահեց «Արծիվ» թիմը: Բայց դա չէր էականը: Կարևորն այն էր, որ երկու թիմերն էլ համառ պայքար ծավալեցին և լավ խաղ ստացվեց: Նշենք, որ ընդմիջումներին Դավիթ Հայրոյանը (IX դասարան) և Գուրգեն Թովմասյանը (VII «ա» դասարան) հետաքրքիր երգեր նվիրեցին ներկաներին, իսկ պարային համույթի աղջիկները հեզանազ պարերով գերեցին բոլորին: Վերջում Արարատի մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը երկու թիմերին էլ գնդակներ նվիրեց: Առանձին խաղացողներ արժանացան Վեդու քաղաքապետի պատվոգրերին ու հուշանվերների: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Վեդու մարզադպրոցի տնօրեն Պողոս Պողոսյանը պատվոգրեր և նվերներ հանձնեց թիմերին: Դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը հատուկ պատվոգիր և հուշանվեր հանձնեց ուսուցիչ Արսեն Անդրյանին: Հ. Գ. Ուսումնական տարին ավարտվեց: Կարծում ենք` ճիշտ կլինի, եթե այս հաջողված Սպորտլանդիան սեպտեմբերին կրկնեն, նկարահանվի և ցուցադրվի որևէ ալիքով, հետաքրքիր խաղերը մասսայականացնելու համար:

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ