Տաբատով պաշտպանված կլինեն


Ընթերցողն, անշուշտ, հիշում է. Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհին ոստիկանություն բողոք էր ներկայացրել, որ իրենց հյուրանոցում իջևանած բարձրաստիճան հյուրն իր նկատմամբ սեռական բնույթի բռնություն է գործադրել: Բարձրաստիճան հյուրն էլ ոչ այլ ոք, քան Արժույթի միջազգային հիմնադրամի արդեն նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանն էր: Նրան ձերբակալել, ապա 1 միլիոն դոլար գրավի դիմաց ձերբակալությունը տնային կալանքով են փոխարինել: Աղմկահարույց այդ միջադեպից հետո, իրենց աշխատակցուհիների անվտանգությամբ մտահոգված հյուրանոցատերերը թույլ են տվել աշխատանքային համազգեստի կիսաշրջագեստները փոխարինել տաբատներով (տեղեկացրել է New York Post¬ը): Այդպիսի որոշում կայացվել է հյուրանոցային սպասարկման ոլորտի աշխատակիցներին միավորող արհմիության ներկայացուցիչների ցույցից հետո. նրանք հանրահավաք են կազմակերպել` ընդդեմ այդ ոլորտում աշխատող կանանց նկատմամբ բռնությունների: Միջադեպից հետո ավելի նշանավոր դարձած հյուրանոցի ղեկավարությունն էլ հայտարարել է, թե գնահատում է իրենց ավանդական համազգեստը, սակայն միջադեպը մղել է փոփոխել այն: Անցյալ շաբաթ նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ռորի Լենսմենը կոչ է արել քննարկել սպասուհիների անվտանգության խնդիրը` առաջարկելով նրանց տրամադրել վտանգի մասին ազդարարող սարքեր: