Քաղաքական նոր մշակույթն առկայծեց և չքվեց


 

Մի քանի օր հետո տեղի ունենալիք ընտրությունները թվով երրորդն են վերջին մեկ տարվա ընթացքում: Մեկ տարում երեք համապետական ընտրություն անցկացնելը ծանր փորձություն է հատկապես անցումային փուլը լրիվ չհաղթահարած յուրաքանչյուր պետության համար: Հայաստանում գրեթե ավանդույթի են վերածվել հատկապես հետընտրական գործընթացները, որոնք երբեմն քաղաքական «ցունամիի» տպավորություն են թողել` իրենց ավերիչ հետևանքներով: Հիշենք մոտ անցյալը` մարտիմեկյան արյունոտ իրադարձությունները:

Օբյեկտիվ օրինաչափությամբ` իշխանությունների ընտրությունները, դրանց արդյունքները թե´ քաղաքական ուժերի, թե´ հասարակության կողմից այն աստիճանի սուր են ընկալվում, որ ծայրահեղություններից զերծ մնալը պարզապես դառնում է անհնարին: Քաղաքական ուժերի և ժողովրդի զգալի մասը ընտրությունների ելքի հետ են կապում ոչ ավելի, ոչ պակաս պետության լինել-չլինելու հարցը: Խոսքը միայն ընտրություններն ազատ ու արդար անցկացնելուն չի վերաբերում: Նախընտրական քարոզարշավը նույնպես ունի իր գրված ու չգրված օրենքները: Այդ չգրված, այսինքն բարոյական օրենքների պահպանումով է պայմանավորված քաղաքական մշակույթի մակարդակը, որը, ցավոք, մեզանում շատ ցածր է:

ՀՀ նախագահի ընտրություններից անմիջապես հետո թվաց, որ մեր երկրում, կարծես թե նոր քաղաքակիրթ քաղաքական մշակույթ է ձևավորվում. ընտրված նախագահը և քվեների պատկառելի տոկոս ստացած նրա մրցակից Ր. Հովհաննիսյանը մտան երկխոսության մեջ: Սկզբում «թեթ ա թեթ», իսկ հետո հեռակա: Բայց շուտով պարզվեց, որ դա ընդամենը խաբկանք էր, պատահական դրվագ, ուրեմն նաև անցողիկ: Կրկին ամեն ինչ մտավ նախկին «հունի» մեջ: Մեկ ավելորդ անգամ պարզ դարձավ, որ «խաղի կանոններ» հասկացությունը ոչ թե վերացական կատեգորիա է, այլ ընդհանրապես վաղուց զրկված է բովանդակությունից:

Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր գործում է «խաղ առանց կանոնների» նշանաբանը, որի պարագայում գոտկատեղից ներքև հարվածը ոչ միայն ամոթալի չի դիտարկվում, այլև համարվում է ամենադիպուկը և խրախուսելին: Ի դեպ, ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում` ընդդիմադիր ճամբարում տիրող քաոսն ու անորոշությունն ի վերջո հանգեցրին այն ցավալի իրողությանը, որ ընդդիմադիր քարոզիչները անկանոն կրակահերթեր են արձակում հենց միմյանց վրա: Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան առավել օգտագործելի են դառնում ծուռ հայելիները, ճշմարտությունները գլխիավայր ներկայացնելու հնարքները, յուրաքանչյուր երևույթ և դրվագ շահարկումներով սեփական շահերին հարմարացնելու ավանդական դարձած պրակտիկան:

Իհարկե շատ կարևոր է լավ քաղաքապետ ունենալը, բայց նույնքան կարևոր է Հայաստանում քաղաքական քաղաքակիրթ մշակույթը, որն այդպես էլ մնաց անհասանելի և´ երևանցիներիս, և´ ամբողջ Հայաստանի հասարակության համար: Առողջ քաղաքական մրցակցությանը զուգահեռ` քաղաքագիտության այբուբենին ծանոթ յուրաքանչյուրը բազմաթիվ շեղումներ է հայտնաբերում բնականոն զարգացումների տրամաբանությունից: Ընդհանրացումներն էլ կատարվում են` ելնելով հիմնականում խարդավանքների, սադրանքների, ստվերային նենգ «կոմբինացիաների» էությունը բացահայտող վերլուծություններից: Հենց թեկուզ ընդդիմադիր տարբեր ուժերի միջև գաղտնի և բացահայտ պայքարը, որի ընթացքում թունավոր խայթոցներից բացի, ակնբախ է նաև մեկը մյուսին ոչնչացնելու մոլուցքը: Երբ պետությունները հասնում են քաղաքակր թության պատշաճ մակարդակի, հաստատվում է օրենքի իշխանություն: Իսկ այդ պարագայում առանձնապես էական չեն ո´չ քաղաքապետերի, ո´չ վարչապետերի ու նախագահների մարդկային ու մասնագիտական որակները: Շատ պարզ պատճառով: Գործում են ինքնակարգավորման մեխանիզմները: Եվ սա արդեն աքսիոմատիկ ճշմարտություն է:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ