Լսո՞ւմ ես, Երևա´ն ջան


 

Վա˜յ, Երևան ջան, էս ինչքա˜ն են քեզ սիրում: Դե, քեզ մի´շտ ենք սիրել` մոտ 3 հազար տարի: Որդիական սիրով սիրել ու սիրում ենք, սիրելո´ւ ենք: Բայց էսօր քաղաքական սեր է ծնվել քո հանդեպ: Շատ մի´ հավատա էդ սիրուն, Երևան ջան. դա ոչ միայն շահախնդիր ու անցողիկ է: Քո մասին ջերմ բառեր հորինելով, ոմանք միայն տիրանալ են ուզում քեզ: Այն էլ` ոչ թե քեզ վայելք պարգևելու, այլ իրենց վայելքներով քեզ բզկտելու: Ոմա´նք, իհարկե:

Քաղաքական սե˜րը որն է. այսրոպեական շահի որոնում, այսրոպեական խոստումների տարափ: Եվ արի ու տես` այդ խոստումներն էլ այնքա˜ն նման են իրար: Ուրեմն, ավելի վատ` խոստացողների համար: Փաստորեն նրանք լա˜վ էլ գիտեն, թե ինչ է պետք Երևանին ու երևանցուն: Իսկ նրանց մի մասը հասցրել է իշխանություն ու իշխանության մաս լինել: Իմացել է կարիքներդ, իշխանություն է ունեցել, սակայն ոչ քո երեսին է նայել, ոչ էլ քեզ իսկապես սիրող, բայց անճար զավակներիդ: Դա էլ ես տեսել ու ներել, մա´յր Երևան և շարունակել ես բզկտված սրտով ժպտալ, որ գոնե առաքինի զավակներդ հուսալլուկ չլինեն: Հիմա էլ, զգում եմ` հայացքով սաստում ես ինձ, ուզում ես ընդհատել խոսքս ու հուշել, որ արդեն քեզանով մտահոգ իշխանավոր(ներ) ունես: Ա´յ` էդ մեկը հերքել չենք կարող: Չեն հերքում նաև քաղաքական «մեջլիս» մտած քաղանցորդները: Նույնիսկ նրա´նք են ընդունում, որ սիրուն տեսքդ փրկել փորձող մտահոգ ձեռքերում ես:…

Նույն` իշխանություն ձեռք բերելու, ավելի ստույգ` գործող իշխանությունները տապալելու նպատակով նորից ընտրարշավի ելած ուժերն այս անգամ էլ միավորվելու ուժ չգտան: Ու հենց դրանով փաստեցին, որ ոմանց նպատակը ոչ թե հնչեցվող խոստումներն իրագործելն է, այլ մայրաքաղաքիս ղեկը ձեռք գցելը: Չհասկացա՞ն, որ չմիավորվելով` ընտրապայքարի երկու ճակատ են բացում հենց իրենց համար: Միավորվելու դեպքում պայքարելու էին իշխանությունների դեմ (ինչպես իրենք են ասում), հիմա ստիպված են նախ միմյանց դեմ պայքարել ու իրարից քվե կամ քվեարկող կորզել: Եվ կորզումի այդ գործընթացում համատեղ պայքարելու են ընտրակեղծիքների դեմ: Ճի´շտ էլ կանեն. միայն թե քաղաքական քաղաքակիրթ պայքարը քուչակռիվ-մարտերի չվերածեն:

Բոլոր դեպքերում` ոչ-իշխանական ուժերը իրենց իսկ քննադատություններով վերահաստատում են այն ճշմարտությունը, որ Երևանը փրկվել է անտերունչության ճիրաններից: Օրինակ, այլևս չի խոսվում ընտրակաշառք-ասֆալտապատումների մասին, և ինչպես նախկինում` ԱԺ պատգամավորության թեկնածուներն է´լ ասֆալտ չեն անում: Արդեն սովորական է դարձել ամեն գարնան ներքաղաքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները: Քննադատում են ծաղկային ձևավորումները` ընդգծելով, որ քաղաքի արտաքին տեսքը հոգածության առարկա է: Ծարավից պապակված ցայտաղբյուրները վերջին տարիներին նորից անցորդների պապակն են հագեցնում, իսկ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում տեղադրված կոկիկ նստարանները հոգնածին, սպասողին կամ պարզապես մի պահ դադար առնել ցանկացողներին հրավիրում են հարմարավետ նստել: Ասողներ կան, թե կարելի էր ավելի էժան նստարաններ տեղադրել: Կարելի էր և չտեղադրել (կամ էլ` եղածը չպահպանել` ինչի ականատեսը նույնպես եղել ենք): Բայց այս դատափետումն ակամա հիշեցրեց ամիսներ առաջ Աբովյան փողոցում Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի կոտրված արձանների առնչությամբ հնչած հանդիմանանքը: Այն ժամանակ էլ քննադատում էին, թե էժանագին նյութից են պատրաստվել, այդ պատճառով էլ շուտ են կոտրվում…

Մի խոսքով, քննադատվում է կատարվա´ծը: Կա´-տա´ր-վա´ծը, այլ ոչ թե անգործությունը: Պիտի´ քննադատվի: Ավելին, գործող քաղաքապետն ու իր թիմակիցները ևս ձեռնպահ չեն մնում ինքնաքննադատությունից և առաջարկում-խոստանում են ավելի լա´վ Երևան:

Իսկ մենք մեզ թույլ ենք տալիս հույսեր փայփայել, որ ընտրություններից հետո իսկապես կմիատեղվեն ջանքերը, և որ ուժն էլ հայտնվի ընդդիմության դիրքերում` չի զլանա շարունակել պայքարը: Եվ ոչ թե իշխանություն ձեռք գցելու, այլ ի´ր իսկ նախընտրական շռայլ խոստումներն իրականացնելու կառուցողական պայքարը: Վերջին հաշվով` հոգնել ենք միայն նախընտրական ընդդիմությունից: Այլընտրանքային ծրագրեր առաջարկող, երկրի վիճակն ու մարդկանց կյանքը բարելավող հետընտրական պահանջատերեր ի վերջո չունենա՞նք: Երանի´ ունենանք: Ու ցանկացած իշխանություն հազիվ թե հրաժարվի առողջ ծրագրերից, եթե դրանք հիրավի համապետական, համաժողովրդական ուղղվածություն ունենան: Հենց այս գարնանը մեզանում ձևավորված քաղաքական նոր մշակույթը` իշխանություն-մարտնչող ընդդիմություն խաղաղ երկխոսության նախադեպը հուշում է, որ դա կարող է շարունակական ու բազմատրամատ լինել:

Տեսնո՞ւմ ես, Երևան ջան, թե քո շուրջ ու քեզ համար ի˜նչ զարգացումներ են ծավալվում, որոնք իսկապես կարող են հեռանկարային լինել` եթե ազնիվ մղումներ ունենան: Ուրեմն` քո նախկին ջերմությամբ փայփայի´ր զավակներիդ, որ նոր սերունդն էլ հպարտանա քեզանով, չհեռանա քեզանից: