Ո՞ւմ և ինչո՞ւ


 

Հաշված օրեր են մնացել մայրաքաղաքիս ավագանու ընտրություններին: Քաղաքական ուժերի պայքարը շարունակվում է, թեժանում, բայց թե ինչքանո՞վ են մեր համաքաղաքացիները ծանոթ թեկնածուներից յուրաքանչյուրին, նրանց նախընտրական ծրագրերին, փորձեցինք պարզել` քաղաքում անցկացնելով փոքրիկ հարցազրույց:

Որպես քաղաքապետ ո՞ւմ կվստահեն երևանցիները. քաղուժերից ո՞րն իր ներկայացուցչի միջոցով լուծում կգտնի երևանցու օրախնդիր հարցերին:

Ո՞ւմ և ինչո՞ւ է հավատում երևանցին:

- Ակնառու են բոլոր այն աշխատանքները, որոնց կատարմանը ձեռնամուխ եղավ Տարոն Մարգարյանը: Երևանում խնդիրներ շատ կան, բայց համոզված եմ, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման դեպքում բոլոր խնդիրներին էլ լուծումներ կտրվեն,- ասաց 30-ամյա Աբրահամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Դասախոս Արմինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` այս ընտրություններին պետք է մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ վերաբերվենք, քանզի դրանից է կախված երևանցու արժանապատիվ ապագան.

- Շատ եմ կարևորում այս ընտրությունները, հույս ունեմ, որ քաղաքապետ կդառնա այն մարդը, ով իսկապես սիրում է Երևանը:

Կան երևանցիներ էլ, ովքեր առանձնապես լուրջ չեն վերաբերվում այս ընտրություններին, բայց որոշել են իրենց քաղաքացիական պարտքը կատարել.

- Դեռ չեմ կողմնորոշվել, թե ում եմ ընտրելու, բայց երբեմն չեմ էլ ուզում ընտրության մասնակցել: Ուղղակի քաղաքացիական պարտքի գիտակցումն ինձ թույլ չի տալիս ընտրությանը չմասնակցել,- ասում է 35-ամյա Հայկ ԹՈՐՈՍՅԱՆԸ:

Իսկ 70-ամյա Սրբուհի (ՍԱՐԳՍՅԱՆ) տատիկը վստահ է իր ընտրության հարցում. համոզված է, որ միայն իր սիրելի թեկնածուն կարող է քաղաքում ինչ-որ բան փոխել.

- Ընտրելու եմ Տարոն Մարգարյանին. աշխատասեր, ազնիվ տղա է: Վստահ եմ, որ քաղաքային տրանսպորտի խնդրին էլ լուծում կտա:

ՀՅ Դաշնակցությանը համակրող երիտասարդ Աշոտ ԱԹԱԼՅԱՆԻ կարծիքով` Երևանին փոփոխություններ են պետք, և դա կարող է իրականացնել միայն Դաշնակցութ յունը.

- Այսօր բազմաթիվ են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Վերելակներ, աղբահանություն, տրանսպորտ: Վստահ եմ` Դաշնակցության ընտրվելու դեպքում այս խնդիրներին պատշաճ լուծումներ կտրվեն:

- Ես «ԲՀԿ»-ի ծրագրին եմ ծանոթ. բուկլետն ամբողջությամբ ուսումնասիրել եմ: Խելքը գլխին ծրագրեր են: Վստահ եմ, որ Երևանի կառավարումը ստանձնելուց հետո, արագորեն կարող են լուծել բազմաթիվ` ջրամատակարարումից մինչև տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները,- ասում է տաքսու վարորդ 40-ամյա Սարգիսը (ՉԱՏԻՆՅԱՆ):

Հարցվածների թվում քիչ չէին այն երևանցիները, ովքեր շեշտը առավելապես դնում էին թեկնածուի, այլ ոչ քաղաքական թիմի վրա:

- Թեկնածուներից Արմեն Երիցյանին եմ համակրում, ես ուրախ եմ, որ նա է գլխավորում «ՕԵԿ»-ի ցուցակը. ես նրան եմ ընտրելու: Արմեն Երիցյանի ընտրվելու դեպքում քաղաքը ոտքի կկանգնի,- կարծում է երևանցի Նարեկ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ:

Հարցախույզից պարզ դարձավ, որ երևանցիներին ավելի շատ անհանգստացնում են ոչ թե քաղաքական, այլ քաղաքային տնտեսության խնդիրները: Նրանք բարձրացնում են բակերի, շենքերի, վերելակների, տրանսպորտի, աղբահանության ու ջրամատակարարման հարցերը:

- Վախենում ենք օգտվել շենքի վերելակից: Վթարի մի քանի դեպքեր արդեն եղել են, իսկ 10 հարկ օրը մի քանի անգամ իջնել-բարձրանալը հավասարազոր է մահվան: Ինձ համար միևնույն է, թե ո՞ր կուսակցությունը կհաղթի, միայն թե գործ անեն,- ասում է 68-ամյա Արշակ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Երևանցի Արթուր ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով էլ որոշ կուսակցությունների առաջադրումը անիմաստ էր.

- Մեր կատարած ընտրությունից է կախված մեր քաղաքի վաղվա օրը: Բայց մի բան հաստատ է. «Փորձված թանը անփորձ մածնից լավ է»,- ասում է նա` անթաքույց ակնարկելով ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին:

Եղիսաբեթ ՇԱՀԻՆՅԱՆԸ ևս համոզված է.

- Մի քանի տարի առաջ նախանձով էինք տեսնում, թե որքան նորոգ ու մաքուր է Ավան համայնքը: Երազում էինք, որ մեր Զեյթունն էլ Տարոն Մարգարյանի նման թաղապետ ունենա: Եվ երբ նա ընտրվեց Երևանի քաղաքապետ, բոլորս ուրախացանք: Չէինք սխալվել. կարճ ժամանակում լուծում ստացան շատ հարցեր: Ամենակարևորը` նա չի մեծամտացել, չի ասում, թե արել է ամեն ինչ, իսկ երևանցին զգում ու տեսնում է, որ Տ. Մարգարյանն իսկապես մտահոգ է Երևանի բարետեսությամբ, երևանցու բարեկեցությամբ: Նրանից առաջ քանի՞ քաղաքապետ ենք ունեցել, բայց նրանց անուններն էլ չենք հիշում, որովհետև որևէ մնայուն գործ չենք տեսել:

Աշխատանքիս բերումով առնչվում եմ բազմաթիվ մարդկանց հետ, ու բոլորի կարծիքը նույնն է` պետք է ձայն տալ Հանրապետական կուսակցության օգտին, որպեսզի ՀՀԿ թեկնածուն շարունակի աշխատել և իրագործել իր ծրագրերը: Մենք հավատում ենք նրան:

Մեր զրուցակիցների շարքում կային նաև մարդիկ, ովքեր դեռ կողմնորոշված չէին կամ լուրջ չէին վերաբերվում գալիք ընտրություններին:

- Բոլորի ծրագրերը միանման են, բոլորը միայն խոստումներ են տալիս: Չեմ կարծում, թե այս ընտրությունները նախորդներից ինչ-որ բանով կտարբերվեն,- կարծում է 65-ամյա Ալեքսանդր ՍԻՄՈՆՅԱՆԸ:

Իսկ ուսուցչուհի տիկին Ալվարդի (ՀԱԿՈԲՅԱՆ) կարծիքով` միակ թեկնածուն, ով իր խոսքը գործի է վերածել` Տարոն Մարգարյանն է.

- Աշխատասեր ու բարի մարդ է: Գիտի երևանցու դարդն ու ցավը: Ազնիվ ու շիտակ անհատ, ով բացվող լույսի հետ իր արարումն ու վաստակն է բերում մեր քաղաքին:

Թեկնածուների հարցում կարծիքներն, անշուշտ, տարբեր էին, բայց կար մեկ հարց, որի պատասխանը գրեթե նույնն էր:

- Ինչպիսի՞ն պետք է լինի ապագա քաղաքապետը.

- Երևանը և երևանցուն սիրող:

Մի օրինաչափություն ևս ակնհայտ էր. Երևանի ավագանու ընտրությունները բոլորն ընկալում են միայն որպես քաղաքապետի ընտրություն: Ասել է թե` կամ չեն կարևորում ավագանու անդամների դերը, կամ անտեղյակ են նրանց գործունեությունից: Խնդիր, որը պե´տք է մտահոգի իրենց` ավագանու անդամներին:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ