Պատժված ընդդիմադիրները


 

Կարելի է ասել` վենեսուելյան պատիժ: Երկրի իշխանություններն ընդդիմադիր պատգամավորներին զրկել են աշխատավարձից: Խորհրդարանի ղեկավարն էլ հայտարարել է, որ ընդդիմությունն աշխատավարձ չի ստանա այնքան ժամանակ, մինչև Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյին նախագահ չճանաչի:

Վենեսուելայում հակառակվողների «քթին խփելու» «ինքնատիպ» մեթոդների պակաս չի զգացվում: Սրանից առաջ էլ Մադուրոյին չերկրպագողներին զրկել էին ձայնի իրավունքից: Բայց իշխանությունների ընդդիմախոսներն էլ հուսահատվողներից չեն. լիազորություններից զրկված լինելը նրանց չի խանգարում` ներկա գտնվել երկրի խորհրդարանի նիստերին:

Ի տարբերություն մեր որոշ պատգամավորների, որոնց «թանին թթու» ասող չկա, բայց ժամանակ ու հավես չեն գտնում` օրենսդիր մարմնում գոնե ֆիզիկապես «ներկա» ստանալ:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահական ընտրությունները կայացել են ապրիլի կեսերին: Ընդդիմությունը չի ընդունում հրապարակված արդյունքները և իրենց թեկնածու Էնրիկե Կապրիլեսի հետ պահանջում են վերահաշվել բոլոր քվեաթերթիկները և ընտրախախտումներ հայտնաբերելու դեպքում նոր ընտրություններ անցկացնել (հաղորդել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը): Բայց դե հաղթող Մադուրոն հո խենթ չէ՞...…