Մեր հաղթանակների մայիսը


 

Լեռնային Ղարաբաղի վերջին երկու տասնամյակ-ների պատմությունը փայլուն էջ է ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Արցախի կռվին մասնակցել են ոչ միայն զինվորները, այլ նաև ամբողջ հայ ժողովուրդը` կանայք, երեխաները, ծերերը: Այդ պայքարի օրինակը, քաջությունը, սխրագործությունը ուսանելի դաս է մեզ համար, ու մեր երիտասարդ սերունդը պետք է ընդօրինակի և օգտագործի հօգուտ իր ազգի: Այդ կռվի ընթացքում զոհվեցին հազարավոր երիտասարդներ, վիրավորվեցին շատերը, որոնք դեռ այժմ էլ տառապում են ցավերից: Արցախի ազատագրման համար նրանք արեցին իրենց պարտքը, իսկ այժմ մեր պարտականությունն է պահպանել այն, ինչ ազատագրված է, դրանք մեր հողերն են: Արյան գնով ազատագրված հողերը հետ չեն վերադարձնում:

Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանը վճռական պահին կրծքով փակեց հրանոթի փողը, որպեսզի զորամիավորումը կարողանա առաջ շարժվել: Նույնը Ղափանից Գևորգ Ղազարյանը կամուրջը պայթեցրեց, ինքն էլ այրվեց պայթյունների մեջ: Այսպիսի փաստեր կարելի է շատ բերել:

Կարևոր խնդիր եմ համարում Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությունը: Դեռ 1942թ. ամռանը շատ հավանական էր Ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիայի զորքերի ներխուժումը Հայաստան: Այդ ժամանակ Թուրքիան իր ունեցած 48 դիվիզիաներից 26-ը մոտեցրել էր Հայաստանի սահմաններին (որոնք տեղաբաշխված էին Վան-Երևան, Ղարս-Լենինական ուղղություններով): Թուրքական զորքերը նպատակ ունեին ներխուժել Արարատյան և Շիրակի դաշտավայրեր: Այդ պատճառով ռազմաշինարարական պաշտպանությունը կատարվում էր Արարատ-Հոկտեմբերյան-Թալին, Արևիկ-Լենինական, Ամասիա-Ղուկասյան ուղղություններով, և ստեղծվեցին սահմանապահներին աջակցող երիտասարդական բրիգադներ: Հենց այդ օրերին էլ Հայաստանում մտցվեց ռազմական դրություն: Այդ նույն թվականին պաշտպանական բնագծեր կառուցեցին Լոռի, Դիլիջան, Սևան և մյուս շրջաններում թշնամու պարաշուտիստ-վնասարարների դեմ գործուն պայքար կազմակերպելու համար:

Պատերազմի տարիներին վիթխարի և անձնուրաց աշխատանք կատարեց հայ ժողովուրդը... բանվորները, ինժեներները, գյուղատնտեսության աշխատողները, որոնք անձնուրաց, հերոսական գործ էին կատարում բանակի հաղթանակի համար:

Մեծ է հայ ժողովրդի դերը Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի գործում:

Այսօր մեր երիտասարդները շատ բան ունեն ընդօրինակելու ՀՄՊ հայ ժողովրդի զավակների կողմից կատարված սխրագործություններից: Այսօր էլ ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը չեն հրաժարվում նախկինում տարվող պան-թուրքական քաղաքականությունից: Ամենուրեք, Ադրբեջանի մամուլում կարելի է գտնել կոչեր ընդդեմ Հայաստանի, մինչև անգամ պատերազմ հայտարարելու: Նրանք պետք է հասկանան, որ ովքեր պատերազմ են սկսում, նրանք էլ վերջիվերջո պարտվում են, ինչպես Նապոլեոն Բոնապարտը, այնպես էլ Հիտլերը:

Ուրեմն ինչ է պետք` միշտ պետք է պատրաստ լինել հայրենիքին ծառայելու, պաշտպանելու մեր երկրի սահմանները: Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է:

Սովորեք լավ տիրապետել զինվորական գործը, եղեք վերին աստիճանի կարգապահ, յուրացրեք նորագույն տեխնիկան և նվիրված ծառայեք մեր հայրենիքին:

Մեկ անգամ ևս մենք գլուխ ենք խոնարհում պատերազմից չվերադարձած բոլոր ռազմիկների առջև:

Ժ. Հ. ԹՈՒՆՅԱՆ

Վետերանների խորհրդի նախագահ, ՀՄՊ վետերան, գիտությունների թեկնածու,

Արաբկիր շրջանի պատվավոր քաղաքացի