Եթե կա Աստված, ուրեմն կա Աստծո կամք


 

Հարցազրույց դերասան, սցենարիստ, ծաղրերգու Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

«Սեռասարսափ»,  «Ճակատագրի կատակներ», «Սեր և ատելություն», «Խոստովանություն թատրոնում», «Օրեր, գույներ, ճակատագրեր», «Պարոնայք 50-50» ներկայացումներ, որոնցով հայ հանդիսականին 1992թ. հրաժեշտ տված արտիստը վերստին համախմբեց մշակութային տանիքի տակ:

-Քիչ են դեպքերը, երբ արվեստագետը, դրսում կայանալով, նորից վերադառնում է հայրենիք: Դուք այդ հազվադեպ արվեստագետներից եք:

- Ես գիտեի, որ իմ հանդիսատեսը սպասում Է իմ խոսքին` ինչպես մայրն է զգում, որ պետք Է երեխային: Այս ամենն էր, որ ինձ բերեց: Մտածում էի` Փարիզում ո՞ւմ եմ պետք: Եթե ես այնտեղ չլինեմ, մեծ բան չի փոխվի: Ֆրանսիական մշակույթի ծավալը այնքան մեծ է, եթե այնտեղից հանենք նույնիսկ Ալեն Դելոնին կամ ժան Գաբենին, էլի մեծ փոփոխություն չի լինի: Այնքան մեծ է այդ մշակույթը, կարծես թե երբեք չի վերջանում: Բայց եթե փորձենք մեր արվեստից հանել Հրաչյա Ներսիսյանին, առաստաղը կփլվի: Այդքան հաջողությունների հասնելով` ինձ երբեք պետքական չեմ զգացել ֆրանսիական հասարակության համար, որքան հայի ու Հայաստանի համար:

- Ինչպես ընդունված է ասել, Հայաստանի համար« «մութ ու ցուրտ» տարիներին լքեցիք Հայաստանը: Չե՞ք կարծում, որ հենց արվեստագետը պիտի ժողովրդի կողքին լիներ:

- Օրերս« «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում ներկայացրի իմ ոչ կատակ երգերը: Դրանցում արտացոլված են այն ծանր ապրումները, որոնք ունեցել եմ մեկնելուս ժամանակ: Մեղքի զգացումը ինձ միշտ տանջել է: Իմ երգերում այդ զգացումը բանաստեղծորեն անվանել եմ «հավատարիմ շուն»: Ինձ չլքեցին երկու ընկեր. մեկն իմ կիթառն էր բարի, մյուսը` իմ հավատարիմ շունը, որի անունն էր մեղքի զգացում: Եթե լինեի ուժեղ, ինչպես հիմա, կարողանայի որևէ բանով զբաղվել` թեկուզ ստեղծագործել, իհարկե, չէի հեռանա: Անշուշտ, դա փախուստ էր, փախուստ ինքդ քեզնից: Մեղքի զգացումը ինձ տանջում էր, որովհետև ես բաժանվել էի իմ ընտանիքից` լինելով քրիստոնյա հավատացյալ, ընդ որում` բավական ֆանատիկ հավատացյալ: Ինձ համար դժվար էր լքել իմ ընկերներին, իմ երկիրը, որտեղ ես առաջնորդ էի, դրոշակակիր: Շատ-շատ դժվար էր հեռանալ ընտանիքից, որի հետ ես կապված էի, փոքրիկ, հինգ տարեկան երեխայից... Մխիթարվում էի նրանով, որ կարողանում էի այնտեղից շատ փող ուղարկել: Առաջին վեց ամիսը ռեստորաններ չէի գնում, ամբողջ փողը ուղարկում էի. ինձ մեղավոր էի զգում, որ մերոնք մթության մեջ են:

- Ձեր ներկայացումներում ծաղրի եք ենթարկում մարդկային «հո-գևոր» արատները` դրանք տեսանելի ու մերժելի դարձնելով հասարակությանը: Դրանք ուսուցողական դեր ունենո՞ւմ են:

- Արվեստի ազդեցությունն անուղղակի է մարդ երևույթի վրա: Թատրոնն իր դարավոր գոյության ընթացքում միշտ էլ անուղղակիորեն հանդես է եկել ուսուցանողի դերում: Թատրոնի հետ շփման ընթացքում հանդիսատեսի հոգում տեղի են ունենում ազնվացման պրոցեսներ: Ինձ ծանոթ մարդիկ խոստովանել են, որ ներկայացումից դուրս գալուց հետո կոնկրետ քայլերից հետ են կանգնել կամ կոնկրետ քայլերի են դիմել: Քննադատությունն ինքնանպատակ չէ: Ես չեմ քննադատում մեր արատները, իշխանութ յուններին` որպեսզի հոգիներս թեթևանա, անցնի գնա և վերջ… Քննադատությունն իր մեջ պետք է կառուցողական ջիղ ունենա, որպեսզի հանգեցնի հոգեվերանորոգման: Պետք է ճանաչել մարդու հոգին և հասկանալ, թե ինչ հետևանք կարող է ունենալ այս կամ այն միտքը: Պետք է զգալ հանդիսատեսին. ես զգում եմ և գիտեմ, որ ուղղակի, թե անուղղակի դա ազդում է նրա վրա:

- Այնուամենայնիվ, ապագայի նկատմամբ լավատեսություն կա:

- Մարդն իր գոյության առաջին իսկ օրից երջանկություն է որոնում և այն չգտնելով` իրեն դժբախտ է զգում: Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքում նպատակներ ու երազանքներ է ունենում և դրա իրականացման մեջ փորձում գտնել իր բաժին երջանկությունը:

Տարբեր տարիքում երջանկությունն այլ կերպ է հասկացվում և փնտրվում: Ես հասկացել եմ, որ յուրաքանչյուր մարդ երջանկությունը պիտի փնտրի իր ներսում: Երջանկությունը գալիս է աշխարհի նկատմամբ քո ունեցած վերաբերմունքից, ոչ թե անընդհատ վայելքի մեջ ապրելուց: Մարդը դժբախտ է, քանի դեռ խուսափում է զրկանքներից և, իրեն պատեպատ տալով` փնտրում է վայելքներ: Զրկանքի հաղթահարումից հետո եկող բերկրանքն է ամենամեծ երջանկությունը: Ես հասկանում եմ, որ այդ զրկանքները տրվում են, որպեսզի մարդու ներսում ինչ-որ բան փոխվի դեպի լավը: Ամեն մի զրկանք մարդուն դարձնում է ավելի հասուն, ավելի բարձր: Իմ մեջ այս գիտակցությունը ձևավորվել է այն պահից, երբ ես սկսել եմ հավատալ Աստծո գոյությանը: Եթե կա Աստված, ուրեմն կա Աստծո կամք. ուրեմն, միևնույնն է` բարին պետք է հաղթի: Հավատը մարդու մեջ ստեղծում է ներքին հարմոնիայի, հանգստության, համերաշխության, ներդաշնակության զգացում, որն իմ մեջ կա: Ես մեծ ու անխափան հավատ ունեմ բարու հաղթանակի նկատմամբ և փորձում եմ դա փոխանցել մարդկանց:

-Հայաստանից դուրս ոչինչ չկորցրի՞ք:

- Այնտեղ շատ մեծ թատերական աշխարհի հետ շփվեցի, որն ինձ կրթեց, յուրովի դաստիարակեց… Ու հեռվից ավելի սիրեցի իմ երկիրը: Շատ ավելի սիրեցի, որովհետև հեռվից ավելի սիրելի է ամեն ինչ, ավելի տեսանելի: Սկսեցի սիրել մի տեսակ կորցրածի սիրով, կորած սիրով: Չէ՞ որ մարդ ամենաշատը սիրում է այն, ինչը կորցրել է: Հետո մեր փոքրիկ երկիրը տեսա մեծ աշխարհի հետ, փոխհարաբերությունների մեջ: Տեսա, որ աշխարհն էլ թերություններ ունի:

- Ես ոչինչ չկորցրի: Ես գտա շատ բաներ: Իմ կապը արմատներիս հետ երբեք չկտրեցի:

-Շա՞տ սխալներ եք գործել…

Չգիտեմ սխալ, թե խենթություն անվանեմ իմ երկու ամուսնությունները: Մինչև հիմա չեմ հասկանում, թե դա ինչպես եղավ:

- Միշտ նշում եք. մեր սխալն այն է, որ չենք ճանաչում մեր փառահեղ անցյալը: Այսօր ո՞ւր է հասցրել մեզ այդ անցյալի փառքը:

- Անցյալի մեր հերոսական էջերը մեզ արիացնում են. մենք տեսնում ենք, թե ինչպիսի արի բազուկ է ունեցել հայ մարդը: Անցյալի ողբերգական էջերը մեզ ազնվացնում են, որովհետև սուգն ու ողբերգությունը մարդուն անընդհատ սրբացնում են և ազնվացնում: Մենք անցյալի ո´չ ողբերգական էջերն ենք ճանաչում, ո´չ հերոսական: Դրա պատճառով մթության մեջ խարխափում ենք, փորձում ենք ինքներս մեզ ճանաչել և անընդհատ գալիս ենք մի սխալ, այն էլ` շատ վիրավորական մի կարծիքի` «Արա´, դե հա էլ էս ենք, լացկան ժողովուրդ»:

Եթե մարդ չի ճանաչում իր անցյալը, չի կարող ճիշտ գնահատել իր ներկան: Անցյալը չճանաչող մարդը նման է ծառի, որը արմատներ չունի, այդ դեպքում ամեն քամի շատ արագ կարող է նրան տապալել:

- Ըստ Ձեզ` այսօր մեր հանդիսատեսը ի՞նչ է ակնկալում բեմից:

_ Այսօր, երբ ամբողջ աշխարհում լարվածություն է, երբ մարդն ուժ չունի մտածելու, այդ պարագայում, անշուշտ, ուզում է ծիծաղել: Այսօր այդ ծիծաղն է, որ կարողանում է մարդկանց դեռևս կենդանի պահել: Կան երիտասարդներ, որոնց հանդիպելիս ահավոր տխրում եմ, հիասթափվում: Բայց խնդրում եմ` Ֆրանսիային հանկարծ վարդագույն աչքերով չնայեք: Նույն բանը նաև այնտեղ է: Կյանքն ամենուր շատ է դժվարացել, ու ոչ մեկին մեղադրել չի կարելի: Մենք խորհրդային տարիներին ահագին ազատ ժամանակ ունեինք և անընդհատ կարդում էինք: Իսկ հիմա հազիվ ինտերնետ ենք մտնում ու վերջ… Այն ժամանակ ամեն ինչ արգելված էր, և, բարեբախտաբար, արգելված չէին լավ գրականությունն ու երաժշտությունը: Այդ բանտը մեզ մարդ դարձրեց: Բայց կան շատ լավ երիտասարդներ: Այն երիտասարդները, ովքեր գալիս ու դիտում են իմ ներկայացումները, շատ կապված են թատրոնին: Նրանց ակնկալիքները տարբեր են: Բայց, իհարկե, տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ ծիծաղ են ակնկալում: Եվ դա ինտելեկտի հետ կապ չունի: Ես ինձ համարում եմ մտավորական, բայց չեմ ուզում լաց լինել այսօր: Ինձ «զոռով» անգամ չես տանի ողբերգություն նայելու: Չեմ ուզում: Ու թող որևէ մեկն ինձ փորձի ապացուցել, որ ես ողբերգություն, կլասիցիզմ չգիտեմ:

-Հաճախ նշում եք, որ Ձեր ներկայացումների նյութը Ձեր իսկ կյանքից է: Որքանո՞վ էր այդ ամենը հոգեհարազատ հանդիսատեսին:

- Իմ ներկայացումներում ես իմ կյանքն եմ պատմում, բայց կարևոր է, որ հանդիսատեսը ապրի իր կյանքը: Թատրոնը մի տեղ է, որտեղ նույնացվում են արտիստն ու հանդիսատեսը:

- Ի՞նչ վիճակում է այսօրվա թատրոնը:

- Եթե համեմատենք 1994-1996 թթ. թատրոնի և ներկայիս թատրոնի վիճակը, տարբերությունն, անշուշտ, ակներև է: Թատրոնը մեր ժողովրդի համար շատ նշանակալի, պատմականորեն մեծ դեր կատարած ասպարեզ է: Հայ մշակույթն անխզելիորեն կապված է թատրոնի զարգացման ընթացքի հետ: Այսօր փոխվել են և´ արտիստները, և´ հանդիսատեսը, բարելավվել են շենքային պայմանները: Նախկինում թատրոն մտնելիս կարծես մտնում էիր քանդված օջախ, որտեղ հոգի` շունչ չկար: Հիմա բոլորը անխտիր քննադատում են սերիալները, նույնիսկ նրանք, ովքեր խաղում են սերիալներում:

Բայց հիշենք, թե մեր սերիալներն ինչպիսին էին 5 տարի առաջ և հիմա ինչպիսին են. պետք է ժամանակ տալ զարգացման համար:

- Ի՞նչն Է այսօր ամենից շատ անհանգստացնում Վարդան Պետրոսյան մարդուն:

_ Ինձ ամենից շատ անհանգստացնողը մեր կրթական համակարգն Է, որը, ցավոք, չի ստեղծում այն միջավայրը, որտեղ երիտասարդը կարողանա սովորել: Երիտասարդները չեն հասկանում, որ սովորելու համար պետք է անդադար աշխատել: Այդ պատճառով էլ ճոխ պայմաններում դեգրադացվում են մարդիկ: Այսօր ամեն ինչ կա, խենթության տեղ չկա: Նաև բարդույթներ գոյություն ունեն: Ես երիտասարդ, ուսանող հասակում շատ հաճախ ծակ կոշիկով ու կիսամաշ շալվարներով եմ ման եկել: Մենք իրար կարող էինք կոշիկ փոխանցել, մարզակոշիկներ նվիրել, հագած շոր տալ, մենք չէինք կաշկանդվում դրանից: Սոցիալական տարբերություններ կային, բայց դա շեշտված չէր, ընկերություն անում էինք, ապրում առողջ ուսանողական կյանքով, ում ձեռքը փող էր ընկնում, իրար հետ խմում էինք: Նյութի առատությունը մարդուն զրկում է իր երևակայությունից: Խենթությունը երևակայության և կամային ուժեղ հատկությունների արդյունք է, «առյուծ խեղդելու» կամք: Սեռական էներգիան էլ չբավարարվելով` վերածվում է ստեղծագործական էներգիայի: Հիմա լայն հնարավորություններ է ստեղծված այն բավարարելու համար. շատ էժան բնակարաններ, որտեղ դիվան, բազկաթոռ կա, կարող ես երեք հազար դրամով աղջիկ տանել: Վաղը ծագելու են բազմաթիվ խնդիրներ, բայց այսօրվա երիտասարդը չի գիտակցում, որ ինքը պարտավոր Է այդ խնդիրները լուծել: Այ, սա է, որ ամենից շատ մտահոգում է ինձ:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ