Ո՞ւմ պետքն է Աստվածաշնչյան մոգերի խորհուրդը


Եվ կարծես, ի վերուստ էր որոշված, որ կգա ժամանակը, և քրիստոնյա Հայաստանի նախագահն Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի հրավերով մայրաքաղաք Թեհրանում կմասնակցի մուսուլմանական աշխարհի Նովրուզի տոնակատարությանը: Այս ամենում հայ-իրանական քաղաքական ընդհանուր շահերից բացի, նաև հոգևոր խորհուրդ էլ կա: Կրոնի գիտակներն ասում են, որ Աստվածաշունչն ուշադիր զննելու դեպքում կարելի է համոզվել, որ մանուկ Քրիստոսին Արևելքից այցի եկած երեք մոգերից մեկը Հայաստանից, իսկ մյուսը Իրանից էին: Գուցե իրանական և արևմտյան քաղաքակրթությունների միջև Հայաստանի կամուրջ լինելն էր ակնարկում հայկական արմատներով լեհ Զբիգնև Բժեզինսկին, երբ ասում էր, թե մեր երկիրը կարող է լինել ԱՄՆ-ի հուսալի գործընկերն ու բարեկամը և պնդում էր Միացյալ Նահանգների և Իրանի երկխոսության անհրաժեշտությունը: Ամերիկացի քաղաքական նախագծողներից Զբիգնև Բժեզինսկին գտնում է, որ Հայաստանը կարող էր լինել ԱՄՆ հուսալի գործընկերն ու բարեկամը: Եվ դա ոչ այն պատճառով, որ նրա նախնիներն ազգությամբ հայ են եղել: Բժեզինսկին նաև կարևորել է Իրանի հետ Միացյալ Նահանգների երկխոսության կարգավորումը` ժամանակին կանխատեսելով թուրք-ամերիկյան հարաբերություններում սառնության հնարավորությունը: Նա համոզմունք է հայտնել, որ այդպիսով կլուծվի նաև Իսրայելի անվտանգութ յան ապահովման խնդիրը: Իսկ անցած յոթնօրյակի ընթացքում եղան առաջին հայացքից սովորական, առանձին ուշադրություն չպահանջող իրադարձություններ, որոնք, սակայն, կարող են տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ խոստանալ: Մինչև այսօր էլ անհասկանալի մնաց, թե ինչու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բոյկոտեց Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի մասին նախօրոք հենց ինքն էր հայտարարել: Դրանից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն էր Բրյուսելում հետաքրքիր ու ինչ-որ տեղ նաև ռիսկային հայտարարություններ արել: Նախ` Եվրամիությունից պահանջել էր հստակություն ու տեղաշարժ հաղորդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, և սա այն դեպքում, երբ Ռուսաստանն է այսօր փորձում կարգավորման գործում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Բացի այդ, Տիգրան Սարգսյանն, անվտանգության ապահովման առումով, անհրաժեշտ համարելով մեր երկրում ռուսաստանյան ռազմաբազաների ներկայությունը, ասել է, որ ապագայում դրա անհրաժեշտությունը չի լինի, երբ տարածաշրջանում վերականգն ված կլինի վստահության մթնոլորտը: Դեպի Ստեփանակերտ ուղղություն վերցրած բոլոր ինքնաթիռները ոչնչացնելու մասին Բաքվի սպառնալիքները Ռուսաստանն անտարբերության մատնեց, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները Երևանում և Բաքվում իր դեսպաններ` Մարի Յովանովիչի ու Մեթյու Բրայզայի բերանով խստորեն սաստեց Ադրբեջանին` նույնիսկ սին սպառնալիքներով գլխից վեր չթռչել: Եվ այս ամենի բարձրակետը` քրիստոնյա Հայաստանի նախագահի մասնակցությունն էր Թեհրանում Նովրուզի տոնակատարությանը: Ի դեպ` մուսուլմանների համար համընդհանուր այդ տոնին Ադրբեջանը ներկա էր միայն փոխվարչապետի մակարդակով: Մոսկովյան հանդիպմանը Մամեդյարովի չներկայանալով, Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում էր հաճոյանալ Արևմուտքին` վերջինիս հասկացնել տալով, թե ինքը Ղարաբաղի հարցով մեծ հույսեր չի կապում Ռուսաստանի հետ և գերադասում է առաջին տեղում տեսնել Միացյալ Նահանգներին: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Ալիևը, կարծես, ցայտնոտային վիճակում է հայտնվել: Երևում է` նա խստորեն անհանգստացած է արաբական աշխարհում կատարվող հեղափոխություններն Ադրբեջանում կրկնվելու հավանականությունից: Նովրուզին Ալիևի չմասնակցելն էլ, ըստ էության, դեմարշ էր` հասցեագրված մահմեդական աշխարհին և դարձյալ Արևմուտքին սիրաշահելու փորձ: Թեհրանում այս տարվա Նովրուզի նշումն ավելի շատ քաղաքական, քան կրոնական նշանակություն ուներ: Հակառակ պարագայում, թերևս, ոչ Ահմադինեջադը մասնակցության հրավեր կհղեր Հայաստանի նախագահին, ոչ էլ վերջինս կընդուներ այն: Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներով միայն ասվեց, որ Սերժ Սարգսյանն ու Ահմադինեջադը քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու հարցերը և շահագրգռություն են հայտնել, որ իրագործվեն երկու երկրների կառավարությունների միջև կնքված ծրագրերը: Հասկանալի է, որ խոսք է եղել նաև իրանական գազի մասին: Ինչպես վկայում են աշխարհի մակարդակով տնտեսության գիտակները, Իրանի գազի պաշարներն աշխարհում գրեթե ամենամեծն են, ու Թեհրանը դրանց իրացման խնդիրներ ունի: Եվ Հայաստանը կարող է ռ ուսական գազի մատակարարման ինչ-ինչ պատճառներով խափանման դեպքում օգտվել հարևան այս երկրի գազից: Մանավանդ` ռուսական գազը թանկանալու միտում ունի: Այսինքն, իրանական գազը Հայաստանի համար այլընտրանքային է, ինչը թույլ է տալիս այս հարցում էականորեն նվազեցնել կախվածությունը մեր ռազմավարական գործընկերոջից: Այսինքն, Սերժ Սարգսյանի և Ահմադինեջադի բարեկամական հանդիպման, ինչպես նաև Տիգրան Սարգսյանի` բրյուսելյան այցի շրջանակներում արված հայտարարությունների համատեքստում ստացվում է, որ չնայած տնտեսական և հատկապես անվտանգության առումով Ռուսաստանի հսկայական ազդեցությանը, այնուամենայնիվ, Հայաստանին հաջողվում է արտաքին քաղաքականության ոլորտում անկախ ու համարձակ գործել: Իսկ դա հնարավոր է, եթե համադրվում են սեփական երկրի և գերտերությունների շահերը, ինչն այսօր Հայաստանին, կարծես, հաջողվում է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ